ՍԻՍԻԱՆԸ ԼԱՎ ՂԵԿԱՎԱՐԻ Է ԱՐԺԱՆԻ

Դպրոցական տարիներից արդեն իսկ զգացվում էր Աղասի Հակոբջանյանի կազմակերպչական ջիղը, գործնականությունը, դասարանը համախմբելու կարողությունը: Իմ լավագույն աշակերտներից էր: Հետագայում ուսուցանել եմ նաեւ նրա երեխաներին եւ համոզվել, որ ուսման, կրթության նկատմամբ սերը ոչ միայն փոխանցվել է, այլեւ` զավակները նույնիսկ գերազանցել են նրան:
Որպես մանկավարժ, որպես Աղասի Հակոբջանյանի ուսուցիչ, ես ինձ բավարարված եմ զգում, որ ջանքս ապարդյուն չի անցել, որ նման սերունդ եմ դաստիարակել: Մի քիչ վերապահում անելով ինձ, հավելեմ նաեւ, որ ոչ միայն ես եմ այս կարծիքին, այլեւ, համոզված եմ, նրա ուսուցիչներից շատերը, բայց ինձ է վիճակվել նրանց անունից նրա մասին խոսք ասելու պատեհությունը:
Հետաքրքրասեր էր, նախաձեռնող, ակտիվ, նաեւ` կարգապահ ու լավ սովորող: Իսկ նման աշակերտը ուսուցչի աչքի լույսն էր, սիրելին էր:
Երբ դասավանդեցի նաեւ նրա երեխաներին, համոզվեցի, որ դեռեւս տարիներ առաջ նրա մասին ստեղծած իմ կարծիքում չեմ սխալվել. Աղասին կարեւորել է նաեւ իր զավակներին մարդկային լավագույն որակներով դաստիարակելու, մեծացնելու սկզբունքը:
Ուսուցչի համար շատ գնահատելի է այն, որ ուսումնառությունն ավարտելուց հետո էլ իր սաները պահպանում են ջերմ ու հարգալից փոխհարաբերություններն իրենց հետ: Աղասին ոչ միայն պահպանել է, այլեւ` շարունակում է այդ անկեղծ ու անկաշառ վերաբերմունքը մինչ օրս:
Ուրախ եմ, որ նա առաջադրել է իր թեկնածությունը Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնում: Ուրախ եմ եւ խրախուսում եմ, քանի որ Սիսիանին  գործունյա, խելացի, կրթված, արժեքներ գնահատող, ընկալող եւ հասկացող ղեկավար է պետք: Սիսիանին տիրոջ սրտացավություն է պետք եւ կամային որակներով աչքի ընկնող համայնքապետ է պետք, ինչպիսին որ նա է:
Ի վերջո` Սիսիանն այն քաղաքն է, այն համայնքն է, եւ սիսիանցին այն ժողովուրդն է, որ լավ ղեկավարի է արժանի: Աղասի Հակոբջանյանի մեջ տեսնում եմ այդ հատկանիշները եւ համոզված եմ, որ սիսիանցի ընտրողը կարժեւորի, կընկալի, կգնահատի նաեւ իմ կարծիքը, որն առանց երկմտելու եւ տարակուսելու հորդորում է գնալ եւ ընտրել իր քաղաքին, իր արժեքային ընկալումներին արժանի համայնքապետ, որին հավատում եւ վստահում եմ նաեւ ինքս, եւ հավաստիացնում, որ հուսախաբ չենք լինի:

Բորիս Իվանյան
 ուսուցիչ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *