ՍԻՍԻԱՆԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԶՈՀ

Քաղաքական խաղի այն կանոնները, որ ԱԺ ընտրություններից հետո եւ Սիսիանի համայնքապետի ընտրությունների նախաշեմին պարտադրվեց Սիսիանին, հնարավոր բոլոր տարբերակներից վատթարագույնն էր Սիսիանի եւ սիսիանցիների համար:
Քաղաքական առեւտրի արդյունքում` Աղասի Հակոբջանյանից խորապես հիասթափված, նրան միանշանակ մերժած Սիսիանին նրա գոյությունը կրկին պարտադրելը գրեթե համարժեք էր Սիսիանի վրա խաչ քաշելուն, նրա` ապագայի հույսը խորտակելուն` հանուն… ոչնչի եւ հանուն… ոչ մի բանի:
Սիսիանի ու սիսիանցիների թիկունքում սարքած քաղաքական այդ առեւտրի արդյունքում Սիսիանն էր միայն, որ դրվեց «քաղաքական աճուրդի» զոհասեղանին, ինչը միանշանակ ընկալվեց որպես քաղաքական հաշվեհարդար` ԱԺ ընտրություններում սիսիանցիների ազատ կամարտահայտման, իրենց արժանապատվությանը տեր կանգնելու եւ «քարանձավայինի» պիտակը միակամ մերժած լինելու պատճառով:
Դրանից առաջ ու դրանից հետո ստեղծված բոլոր ինտրիգները արհեստական ու մտացածին էին` քողարկելու «քաղաքական հաշվեհարդարի» մոտիվները եւ հետագա` քաղաքապետի ընտրություններում շեղելու` կառավարելի եւ կամակատար համայնքապետ ունենալու` մարզային իշխանության միտումները, ինչը արհեստականորեն փորձվում էր քողարկել` բարձրացնելու Աղասի Հակոբջանյանի  զրոյական վարկանիշը` Սյունիքի մարզպետին իբրեւ թե ընդդիմդիր ներկայացնելու եղանակով, ինչի վկայությունը եղավ ԱԺ ընտրությունների նախօրյակին` մայիսի 5-ի լռության օրը Վուրգ Ոսկանյանի արձանը գաղտագողի Սիսիան տեղափոխելու ու տեղադրելու քայլը, ԱԺ պատգամավորի ինքնառաջադրված մեծամասնական թեկնածու Թաթուլ Հակոբյանի «կողքին կանգնելու» հանգամանքը` «մարզպետի թեկնածուին» Աղասու` իբրեւ թե չսատարելու  մոլորության մեջ դնելով ժողովրդին:
Աղասին, համենայնդեպս, մարդկային այն որակը եւ տեսակը չէր, որ հանդգներ դեմ գնալ իր «ղեկավարին», իսկ «ղեկավարն» էլ նրա «ականջը տեղում կկտրեր», կամ` «ոտքը ..ից կպոկեր», ինչպես ասվել էր քանդակի հեղինակին` Սիսիանից հեռանալու սպառնալիքով այն ժամանակ, երբ գործն արդեն արված-պրծած էր:
Նման խորամանկ փորձ էր նաեւ ԱԺ ընտրություններում մեծամասնական թեկնածուի` համասիսիանյան հաղթանակը «սեփականելու», դրանից բաժին պոկելու եւ սիսիանցիների` արժանապատվությամբ վաստակած հաղթանակի դափնուն տեր կանգնելու` Աղասու ջանքը, ինչը չարդարացավ, քանի որ դա միայն ու միայն սիսիանցիների` սեփական արժանապատվությանը տեր լինելու հայտն էր:
Թե` ԲՀԿ-ն, թե` ընդհանրապես որեւէ քաղաքական ուժ Աղասի Հակոբջանյանին լուրջ գործոն չի դիտարկել, իսկ ձախողված պաշտոնավաման պարագայում էլ նրան ամենաանհավանական թեկնածուներից մեկն է համարել համայնքապետի ընտրություններում:
Թե ինչու հանկարծ իր պաշտոնավարման 4 տարիների ընթացքում երբեւէ որեւէ ձեւով ԲՀԿ վերնախավի համակրանքին ու վստահությանը չարժանացած, անգամ` նրա կողմից անտեսված բհկ-ական քաղաքապետը սկսեց «վայելել» ԲՀԿ ղեկավարի համակրանքը` կրկին Սիսիանի քաղաքապետի աթոռին նստեցվելու համար, նույնիսկ` մինչ այդ «նրան բանի տեղ դրած չլինելու» պարագայում, դժվար չէ կռահել:
ՏԻՄ ընտրություններից դեռեւս ամիսներ առաջ էր, որ հանրապետական մամուլում շրջանառվեցին Սյունիքի մարզային` հհկ-ական իշխանությունների կողմից Սիսիանի բհկ-ական ձախողված քաղաքապետին սատարելու մասին խոսակցությունները, ինչը շատերը շտապեցին անհավանական համարել` վկայակոչելով մարզային իշխանությունների հրահանգով ընդունված` ՀՀԿ Սիսիանի տարածքային խորհրդի նախագահ Սամվել Թանգյանին ՏԻՄ ընտրություններում համայնքապետի թեկնածու առաջադրելու եւ պաշտպանելու «մեռելածին» որոշումը:
ՀՀԿ Սիսիանի տարածքային խորհրդի նախագահին հեռահար նպատակների մարտավարության մեջ «ժերտվա տալը» առանձնապես մեծ կորուստ չէր, որին գնացին թեթեւ ձեռքով: Նույնքան համոզիչ չէր մարզային եւ Սիսիանի քաղաքային իշխանությունների «վատ հարաբերությունների» մասին տարածվող խոսակցությունները, ինչի արդյունքում, իբրեւ, տուժում է նաեւ Սիսիանը: Այդ մասին անգամ բարձրաձայնեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը` սիսիանցիների հետ ԱԺ նախընտրական հանդիպման ժամանակ:
Եվ  որպես սիսիանցիների կողմից մերժված քաղաքապետին իր սատարումը հայտնելու «երաշխիք»` «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ֆինանսավորմանբ համայնքապետի ընտրությունների շեմին սկսեցին «ափալ-թափալ» մարզադահլիճի կառուցելու գործընթացը` Աղասուն իբրեւ թե սատարելու մոլորության մեջ դնելով սիսիանցիներին, ովքեր, բնականաբար, հասկանում են այդ խայծի խաբկանք լինելը:
Հիմա, անշուշտ, բոլորին է պարզ, թե, իսկապես, ով` ով է: Ցավոք` Սիսիանի շահը ոտնահարելու, նրան «քաղաքական նոկաուդի» ենթարկելու, նրա քաղաքական, հանրային իրավունքի վրա թքելու ճանապարհով:
Սիսիանի` ինքնաարթնացման եւ ինքնազարթոնքի, «քարանձավայինի» պիտակը մերժելու իրողության միակ «համարժեքը»  մնում էր նրանից քաղաքական հաշվեհարդար տեսնելը, ինչը եւ չուշացավ` նրան պարտադրելով հնարավոր բոլոր թեկնածուներից ամենավատին, ամենամերժվածին, ամենաչստացվածին` մասնավորաբար` ՀՀԿ թեկնածու չառաջադրելու բանավոր որոշում կայացնելով, ինչը  Սիսիանը դարձրեց քաղաքական առեւտրի զոհ: Հանգամանք, որից տուժում է միայն ու միայն Սիսիանը: Իրավիճակ, որից շտապել է քաղաքական խրախճանք  սարքել Աղասու ճամբարը` մոռանալով, որ իր մրցակիցներից  է դեռեւս 2008-ի ընտրությունների ժամանակ նրան ընդամենը մի քանի ձայնով զիջած Տիգրան Պողոսյանը, ով, պահպանելով իր ընտրազանգվածը, ձեռք է բերել նաեւ Աղասուց հիասթափվածների, նրան մերժողների ու նրան այլեւս չսատարողների հսկայական բանակի համակրանքը: Մյուս կողմից` անազնիվ եղանակով Աղասուն իշխանության մեջ պահելու` «քաղաքական առեւտրից» խորապես հիասթափված Սիսիանը առավել վճռականությամբ է լցվել նրան մերժելու իր համոզմունքի մեջ` վիրավորվելով իր արժանապատվությունը այսպես ոտնահարելու, իր ազատ կամարտահայտումը սահմանափակելու, իր նախընտրած թեկնածուին ընտրելու հնարավորությունից իրեն զրկած լինելու համար:
Շատ կարեւոր մի հանգամանք եւս «մոռացել է» իրեն արդեն հաղթած քաղաքապետի կեցվածքով պահող Աղասի Հակոբջանյանը: «Մոռացել է», որ Սիսիանը, տանուլ տալով քաղաքական դաշտում, պահպանել է բարոյական դաշտի իր ընկալումները, եւ կրկին կանգնել քաղաքականությունը քաղաքական կատեգորիայից բարոյական կատեգորիայի վերածելու ընտրության առջեւ` ինչպես ԱԺ ընտրությունների ժամանակ:
Իսկ այս դաշտում Սիսիանը ոչինչ չունի կորցնելու, բացի` իր շղթաներից, եւ Աղասուն մերժելով` կրկին ձեռք կբերի իր արժանապատվությանը տեր կանգնելու երաշխիքը` ժխտելով իր կամքի ոտնահարման, իր կարծիքի անտեսման, իրեն կրկին «քարանձավ» մղելու հերթական փորձը:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *