ՍԻՍԻԱՆԸ 2014Թ. ՏԱՐՎԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

Սիսիան – փոքրիկ քաղաք Սյունիքի մարզում, 12 հազար բնակչությամբ, 36 շրջակա գյուղերով, Հայաստանի ամենամեծ շրջանը տարածքով, և ամենա լքված, մոռացված քաղաքը, ամենարագ ծերացող քաղաքներից մեկը, որ դեռ 40 տարի էլ չկա, ինչ քաղաքի կարգավիճակ է ստացել: Ծերացող, քանի որ Երևանում ուսանելու գնացող ուսանողներից շատ քչերն են ետ վերադառնում, քանի որ աշխատատեղեր չկան, հանապազօրյա հաց վաստակելու միջոց չկա:
Էջմիածին- մեր վաղեմի մայրաքաղաքներից, ամբողջ հայության հոգևոր կենտրոն, աշխարհի ոչ մի ծայրում չկա մի հայ, որ լսած չլինի էջմիածնի մասին, կամ ուխտի գնացած չլինի էջմիածին: Էջմիածնից Երևան կարող եք գնալ 30 րոպեում ծախսելով 500 դրամ, իսկ Սիսիանից Երևան 220 կմ-ը հատելու համար մի ամբողջ օր է պահանջվում, ու մի ամբողջ ամսվա աշխատավարձ, իսկ մարզկենտրոն հասնելը էլ ավելի մեծ խնդիր է:
Սիսիանում ողջ բնակչությունը աշխարհազոր է. խաղաղ ժամանակ ապահովում է հացով, կաթնամթերքով, մսով, իսկ օրհասական պահին` մի մարդու նման զինվոր են թե’ երիտասարդ, թե’ ծեր, թե’ կին, թե’ երեխա: Ակնհայտ է, որ ոչ ոք այնպես ցավ չի զգա, ինչպես անմիջապես վիրավորվածը, խոցվածը: Բոլորս գիտենք, որ Զանգեզուրը ոսկոր է մեր հարևանների կոկորդում մնացած: Լինելով սահմանակից թուրք ու պարսիկի, 3 կողմից շրջապատված այնպիսի հարևաններով, որ պատրաստ են իրենց ոչխարներով խժռել Սյունիքը, Սիսիանն է ամենառաջին հարվածների տակ, իսկ դատարկված քաղաքը գրավելը այնքա~ն հեշտ է: Իսկ մինչև Էջմիածնից մեզ օգնություն հասնի, գուցէ արդեն ուշ կլինի, vorotan23082013-7իսկ սիսիանցին եթե ամուր իր հողին կանգնած կլինի, երբեք չի ընկճվի:
Այս հաղթանակով Սիսիանում կլուծվեն ռազմավարական նշանակության մի շարք հիմնահարցեր. նախ` կկանխվի այսչափ բարձր տեմպերի հասած արտագաղթը, երիտասարդները գոնե մեկ տարով կհետաձգեն իրենց գնալը, իսկ մեկ տարի հետո հույսը շատ մեծ է, որ էլ չեն էլ ուզի գնան, Սիսիանը որպես տուրիստական կենտրոն կարող է բացահայտվել իր նորանոր տեսարժան վայրերով, հետագայում դառնալով Հայաստանի խոշորագույն տուրիստական կենտրոններից, քանի որ իր պատմամշակութային ժառանգությամբ չի զիջում և ոչ մի քաղաքի, կաշխուժանա մասնավոր սեկտորը, շատ երիտասարդներ, որ օտար երկրում են փորձում բիզնեսով զբաղվել, տեսնելով, որ իրենց ներդրումները արդյունավետ կլինեն, դրա համար բարենպաստ պայմաններ կան հենց Սիսիանում, երբեք չեն էլ ցանկանա դուրս գալ Սիսիանից, եիրտասարդները այնպիսի ծրագրեր կսկսեն իրագործել, որ կզարգանա և’ տնտեսությունը, և’ մշակույթը, և’ մարդկանց սոցիալական վիճակը:
Ամառային արձակուրդներին համախմբված տեսնելով սիսիանցի երիտասարդներին, տեսնելով, թե ինչքան գաղափարներ, ծրագրեր ունեն, սակայն և ոչ մի հնարավորություն դրանք իրագործելու համար, սիրտս ցավ է ապրում: Մշակույթի, սպորտի, գիտության բնագավառներում ունենք այնպիսի տաղանդաշատ երիտասարդներ, որոնք մի օր պարզապես կհոգնեն անհույս երազելուց, որ մի օր էլ Սիսիանում մի լույս կծագի, և անվերադարձ կգնան Սիսիանից:
Մրցույթը կրում է շարունակական բնութ, և ամեն տարի մի նոր քաղաք իրավունք կստանա պայքարելու “Տարվա երիտասարդական մայրաքաղաք” լինելու կոչման համար: Եվ ես վստահ եմ, եթե Սիսիանը լիներ գոնե մի քիչ Էջմիածնին տնտեսապես հավասար քաղաք և պայքարեր Սիսիանի պես մի փոքրիկ, կարիքների մեջ խեղդվող քաղաքի հետ, մենք մեծահոգաբար մեր տեղը կզիջեինք, ուստի, ոչ թե որպես սիսիանցի, այլ որպես հայ կոչ եմ անում բոլորին, հատկապես իմ կողմից շատ սիրված մի քաղաքի` Էջմիածնի բնակիչներին, եկեք միասնաբար քվեարկենք և հնարավորություն տանք` նոր էջ բացվի Սիսիանի համար, քանի որ մոռացված ենք և’ կառավարության կողմից, և’ բնությունն է շատ անողոք մեր հանդեպ, անգամ` Էջմիածնից Սիսիան նշանակված հոգևոր հովիվները չեն դիմանում այդ խստաշունչ պայմաններին:
Ով հայ ժողովուրդ եկեք միասնաբար սկսենք հզորացնել մեր փոքրիկ հայրենիքը քաղաք առ քաղաք, սկսկելով Սիսիանից, քանի որ այս պահին մենք ունենք շատ մեծ խնդիր զարգացնելու, ամրացնելու մեր հարավային դարպասը, որպեսզի մեր սահմաններն էլ միշտ անառիկ լինեն և հայն էլ իր երկրում լավ ապրի:

Մարիամ Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը
23.08.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *