Սիսիանի բակերն ու փողոցները «կարկատվում են», երբ… մարդ է մեռնում

Բայց` ոչ բոլոր բակերն ու փողոցները… Եվ` ոչ միշտ… «Կարկատվում են» այն բակերն ու փողոցները, որտեղի մահացածները քիչ թե շատ ճանաչված են հանրության կողմից, եւ հանգուցյալին հրաժեշտ տվողների թիվը, համեմատաբար, շատ է լինում…

Ու երբ լսում ենք, որ Սիսիանում այս կամ այն ճանաչված մարդն է մահացել, հաջորդ օրն իսկ այդ շենքի բակում եւ հարակից փողոցում մի անսովոր իրադարություն է ստեղծվում` շլաքով, կավահողով, ավազով արագ-արագ լցնում են այն փոսերը, որ մարդիկ, գոնե, կարողանան հանգուցյալին տանեն… Բայց դա էլ անում են հենց իրենք` սգատերերը, որ ամոթով չմնան դրսերից, երեւաններից եկած իրենց հարազատ-բարեկամների առջեւ…

Հա, բակերն ու փողոցները «կարկատելու» մի ուրիշ` նորագույն «տեխնոլոգիա» էլ կա Սիսիանում. իրենց տները եվրովերանորոգողները քանդած շինաղբը եւ շինարարական մնացորդները լցնում են իրենց շենքերի բակերի անթիվ-անհամար դար ու փոսերը… Համ` փոսերն են լցվում, համ` ավելորդ ծախս չեն անում` շինաղբը տեղափոխելու համար…DSC03878

«Ժողովրդական այս սովորույթը» պաշտոնականացրեց նաեւ Սիսիանի քաղաքային իշխանությունը, երբ …պատերազմ սկսվեց, եւ Սիսիանը կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում:

Զանգեզուրի կայազորի` Աղիտուի զինվորական հոսպիտալ վիրավոր զինվորներ տեղափոխելուց մի երկու օր հետո արագ-արագ «կարկատվեց» Սիսիանի գլխավոր`  հոսպիտալ տանող «ռմբակոծված» ճանապարհը` Սպանդարյան փողոցի մի հատվածը (նկարում), որտեղով օրեկան հարյուրավոր անծանոթ մեքենաներ են գալիս-անցնում երկրի տարբեր ծայրերից` հոսպիտալում բուժվող իրենց վիրավոր զինվորներին տեսակցելու…

Բայց այդ նույն «ջնջխված» փողոցի վրա է տեղակայված նաեւ Սիսիանի զորամասը, ու ամեն օր տասնյակ ու տասնյակ ծնողներ են Հայաստանի ամենտարբեր անկյուններից Սիսիան գալիս` իրենց զինվորին այցելության…

Մեղա, մեղա` հիմա ի՞նչ` ողջ Սիսիանով գնանք-մեռնե՞նք, որ քանդուքարափ, խրամատացու բակերն ու փողոցները, գոնե, «կարկատվեն»…

Ա. ԱՄԻՐՅԱՆ

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *