ՍԻՍԻԱՆԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾՈՒՄ ԵՆ …ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ

Այս օրերին անասելի բարձր է Սիսիան քաղաքի Որոտան 5 շենքի բնակիչների տրամադրությունը: Ուրախ են հատկապես հինգհարկանի շենքի 5-րդ հարկի բնակիչները, որովհետեւ այլեւս ստիպված չեն լինելու անձրեւների եւ ձնհալների ժամանակ իրենց տներում աման-չամանները, տազիկներն ու դույլերը գրկած` պտտվել ջրաշիթերի ու կաթոցների ուղղությամբ: «Վերջապես այս տարի Նոր տարին մենք էլ մարդավարի կդիմավորենք: Սրանից լավ Ամանորի նվեր չէինք էլ կարող ունենալ»,-ասում է շենքի բնակիչ Ռիտա Սամսոնյանն ու հավելում, որ եթե չլիներ անձրեւաջրերից ամենաշատ տուժած բնակչի` Վեներա Թանգյանի համառությունը, հետեւողականությունը, իրենց շենքի տանիքը այս տարի էլ չէր փոխվելու, եւ իրենք շարունակելու էին մնալ նույն հուսահատ վիճակում:
Մեզ հետ զրուցելիս Վեներա Թանգյանն ասաց, որ քանի տարի է` պայքարել է իրենց շենքի տանիքը փոխելու համար, դիմել է էլ քաղաքապետարան, էլ մարզպետարան: Գրավոր դիմումով հրաժարվել է անգամ կոմունալ սպասարկման գումարներ վճարելուց` ասելով, որ կվճարի միայն այնDSC03038 ժամանակ, երբ պատշաճ սպասարկում կկատարվի: Քաղաքապետարանն էլ, փոխարեն խնդիրը լուծելու, իրեն դատարան է կանչել` վարձավճարները չվճարելու համար, վրդովմունքն ու զայրույթը զսպելով` ասաց Վեներա Թանգյանն ու հավելեց` «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` Սիսիան կատարած այցի ժամանակ ես էլ եմ ներկա եղել մշակույթի տանը տեղի ունեցած հանդիպմանը: Երբ վարչապետը, ընդառաջ գնալով Սիսիան քաղաքի բնակիչ Քաջիկ Խաչատրյանի խնդրանքին` 30 միլիոն դրամ գումար հատկացրեց Սիսիանում 3 բազմաբնակարան շենքի տանիքները փոխելու նպատակով, հույս ունեի, որ դրանցից մեկը, գոնե, մեր շենքի տանիքը կլինի, քանի որ բոլորն էլ տեղյակ էին իմ դիմումներին, մեր շենքի վիճակին: Բայց հետո տեղեկացա, որ ընտրված 3 շենքերի մեջ մեր շենքը չկար…
Շենքի մի քանի բնակչի հետ հանդիպեցինք Սիսիանում գտնվող Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, կրկին ներկայացրեցինք իրավիճակը: Չգիտես ինչու` Սիսիանի քաղաքապետի դուրը չեկավ, որ մարզպետն ընդառաջեց մեր խնդրանքին, եւ անմիջապես հանձնախումբ ուղարկեց: Հանիրավի դուրս մնացած մեր շենքը եւս ներառվեց 3 շենքերի մեջ,  հանձնարարվեց «Հիդրոարտադրական» կոոպերատիվին` կատարելու նաեւ մեր շենքի տանիքի փոխման աշխատանքները»,-ասաց Վեներա Թանգյանը:
DSC03028Հենց Որոտան 5-ի տանիքին էլ զրուցեցինք «Հիդրոարտադրական» կոոպերատիվի աշխատակիցների հետ:
«Չեք պատկերացնի, թե ինչքան դույլ ու ամնա-չաման ենք ենք շինարարական աղբի հետ հանել տանիքից,-ասաց աշխղեկ Սոս Հակոբյանը: -Այս շենքում կատարում ենք տանիքի` մասնակի փոխում` 140 մետր քառակուսի, մյուս` 100 մետր քառակուսին արդեն փոխված էր»,-հավելեց աշխղեկը: Ի պատասխան կատարվող աշխատանքների որակի մասին մեր հարցադրմանը` Սոս Հակոբյանն ասաց, որ տղաները լավ են աշխատում, արագ եւ որակով, եւ մինչեւ Նոր տարի աշխատանքներն ամբողջությամբ կավարտեն:
«Սա մեզ համար ոչ առաջին, ոչ էլ` վերջին շենքն է, արդեն հմտացել ենք, գործը որակով ենք անում, ի վերջո այստեղ մեր հարազատները, մեր բարեկամները, մեր համաքաղաքացիներն են ապրում»,-ասաց Գարիկ Սարգսյանը` հույս հայտնելով, որ մի օր էլ բախտը կժպտա այս շենքի հարեւանությամբ գտնվող իրենց շենքին:Копия DSC03046
Զրուցեցինք նաեւ Սիսիան քաղաքի Որոտան 1, Որոտան 2 շենքերի տանիքները փոխող կազմակերպության` Սիսիանի «Նոր բակ» (Նորոգշին») ընկերության աշխղեկ Հովիկ Դավթյանի հետ: Աշխղեկն ասաց, որ ընդհանուր առմամբ փոխվում է 3 շենքերի 2100 մետր քառակուսի ծածկը, տեղադրվում են ջրհորդանները, ձիուկները, փոխվում են օդհանները, աստիճանները, մտոցները: «50 տարվա տանիքներ են, ամբողջությամբ քայքայված եւ ջարդված»,-ասաց Հովիկ Դավթյանը:
Հ.Գ. Դեկտեմբեր ամիսը, փաստորեն, արդյունավետ էր սիսիանցիների համար: Բայց` միայն սիսիանցիների ջանքերի շնորհիվ. քանի որ համայնքային իշխանությունն աչքի է ընկնում միայն անճարությամբ եւ անգործությամբ, ստացվում է, որ Սիսիանի հիմնախնդիրները լուծում են…քաղաքի բնակիչները:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
26.12.2105

 

 

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *