ՍԻՍԻԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԹԻՎ 37/15 ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԻ «ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ»

Սա հո ընտրատեղամաս չէր… իսկական պոլե չուդեսի տաղավար էր… եւ ինչ կատարվում էր այնտեղ` այդ ժանրի մեջ էր… Ոչ տեղամասային հանձնաժողովի նախագահն էր տարբերվում, ոչ` ընտրատարածքային հանձնաժողովի անդամը, ոչ` քաղաքապետը, ոչ` քաղաքապետարանի աշխատակիցները, ոչ` վստահված անձը, ոչ` հանձնաժողովի անդամը, ոչ` քվե հաշվողը, ոչ` չհաշվողը…ոչ` այո-ն, ոչ` ոչ-ը…
Իսկ քանի որ ընտրատեղամասն էլ տեղակայված էր քաղաքային ենթակայության թիվ 2 մանկապարտեզի շենքում, Սիսիանի բազմակուսակցական, հիմա` անկուսակցական քաղաքապետը ընտրատեղամասը դրել էր մնակապարտեզի մսուրային խմբի տեղ, ու իրեն տեր ու տնօրեն էր զգում, ազատորեն ելումուտ անում, ֆռում-ֆռֆռում, ասում-խոսում-զվարճանում…DSC02937
Իրեն էդպես դրսեւորելու իրավունք ինքն իրեն վերապահել էր, քանի որ քվեարկության սկզբից մինչեւ վերջ ընտրատեղամասը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ խնամու «բռի մեջ էր», հանձնաժողովի 8 անդամներից մեկը խնամու հարսն էր, մեկը` քաղաքապետարանի աշխատակից իր բարեկամը, երեքը` համայնքային ենթակայությամբ գործող կառույցների ղեկավարներ: Տեղամասի վստահված անձանցից մեկը իր փեսան էր, մյուսը` խնամու եղբոր տղան, էն մյուսը` քաղաքապետարանի ընդհանուր բաժնի պետը… Իր եղբորորդին էլ անհայտ կարգովաիճակով զբաղեցնում էր հանձնաժողովի անդամի համար նախատեսված աթոռը, ու որեւէ մեկը նրան չէր ասում` ապե, բա դու ստեղ ո՞վ ես` ախպոր տղա լինելուց բացի… իսկ ախպոր տղա լինելը քաղաքական կատեգորիա է՞…
Մի խոսքով` տնով-տեղով ամբողջ ցեղով լծվել էին Աղասու` ԱՅՈ-ի թիվ խփելու նախապես խոստացած գործընթացին…DSC02950
Քաղաքապետարանի ընդհանուր բաժնի պետն էլ էր ֆռֆռում, դե իրենց մանկապարտեզը չի՞…համ էլ ո՞վ նրան չի ճանաչում… Բայց մարդ կար` չէր ճանաչում, ու հարցրեց` ի՞նչ կարգավիճակով է քվեարկության սենյակում այդպես ֆռֆռում քաղաքապետարանի պաշտոնյան: Ասացին` վստահված անձի: Բա ո՞ւր ա բեյջը,-պնդեց նրան համառորեն չճանաչողը: Պարզվեց` բեյջը հանձնաժողովի նախագահի …սեյֆում էր: Երկար պնդումներից հետո միայն հանձնաժողովի նախագահը բեյջը հանեց սեյֆից ու տվեց նրան…
Բա Աղա՞սը քաղաքապետ լինելուց բացի ի՞նչ կարգավիճակով է այսպես ազատորեն ելումուտ անում ընտրատեղամասում ԶԼՄ-ի ներկայացուցչի հարցին հանձնաժողովի քարտուղար, մանկապարտեզի վարիչն ասաց` տեղամասի պատասխանատուն է, նրան վերեւից են նշանակել…Ո՞ր վերեւ…
Աղասու մոտիկներից մեկից իմացանք, որ ինքն էլ է նույնը հարցրել քաղաքապետին` ու նրան պատասխանել է` ժառանգությա՞ն, թե՞ օրինացի  վստահված անձն է…DSC02929
Եթե այդպես է` սա այս պոլե չուդեսի… սուպեր չուդեսն է…
Բայց սա դեռ ի՞նչ է….
Բարով-խերով քվեարկությունն ավարտվեց: Ով գալու էր` եկավ իր այո-ն ու ոչ-ը ասաց, գնաց: Խաթաբալադան հետո էր լինելու … երբ բոլորը մնացին քվեատուփի հետ մեն մենակ… կապեցին, կնքեցին, փակեցին, ու ամեն մեկը իր մտքում իր առեւտուրն արեց` հօգուտ իրեն, իհարկե…
…Սկսվեց քվեարթերթիկների հաշվարկը…
Օ, ոնց եմ սիրում այդ պահը` կրքեր, դեմքեր, հույզեր, դիմակներ, գործարքներ, հավակնություններ, հիասթափություններ, ֆայլա-բազար….
Երկրի ճակատագրով մտահոգ` ով վեր կենա գա իր քվեն տա, ով` դրա վրա բազար անի:
Առաջին բազարը եղավ այն ժամանակ, երբ ՈՉ-ի քվեաթերթիկները խտտած-պինդ գրկած ժառանգության ներկայացուցիչ հանձնաժողովականը առանձնացավ Աղասու փեսայի հետ «մասնավոր բանակցելու»: Հաջորդ սակարկությունը եղավ այն ժամանակ, երբ ՈՉ-ի քվեները հաշվող նույն հանձնաժողովականին մի դիտորդ հարցրեց ձայների թիվը ու ստացավ` քեզ ի՞նչ պատասխանը: Քիչ հետո ՈՉ-ի վստահված անձանցից մեկը նրան հարցրեց քվեների թիվը ու ստացավ` չեմ ասի պատասխանը: Պոլե չուդեսի սակարկությունը մոտենում էր գագաթնակետին, երբ ներկա գտնվող լրագրողը կտրուկ տոնով պահանջեց հրապարակել քվեների քանակը… եւ ձայնագրվեց 429 թիվը …
Արդեն հայտնի էր նաեւ անվավեր քվեաթերթիկների թիվը` 57:
Մնաց մեկ անհյատ` ԱՅՈ-ի թիվը: Այո-ի քվեները հաշված հանձնաժողովականը հաշվել-ավարտելուց հետո ասաց` օֆ, չեմ իմանամում, դուք նորից հաշվեք,- ու գնաց-կանգնեց պատի տակ:
Մեկ անհայտով հավասարումը, կարծեմ, ամենապարզ թվաբանական գործողությունն է: Թվում էր` դա էլ արագ կգտնեն, արձանագրությունները կկազմեն, ու մարդիկ կգնան իրենց տները, բայց…
Բայց… Ու պոլե չուդեսը մտավ սուպեր-խաղի փուլը` գրոհ ՈՉ-ի քվեաթերթիկների վրա…DSC02973
ՈՉ-ին 429 ձայն տալը առավել ծանր տարավ Աղասու փեսան եւ ասաց, որ չի հավատում այդ թվերին, ու ինքը պիտի քվեները հաշվի: Հանձնաժողովի նախագահը չարգելեց, որ քվեաթերթիկներ հաշվելու իրավունք չունեցող վստահված անձը դրանք հաշվի: Իր ղեկավարի փեսան է, ո՞նց կլինի, բա որ հետո նեղանան…
Փեսա դու փեսա` նրա հաշվելուց հետո ՈՉ-ի թիվը կտրուկ պակասեց` դառնալով 405 ձայն: Դա էլ շատ համարեց ՈՉ-ին, ասաց` նորից է հաշվելու: Այս անգամ` 404 ձայն «բաշխեց» ՈՉ-ին: Իր կողմից ՈՉ-ին տված մեկ «փեշքեշ արած» քվեաթերթիկը ետ վերցրեց: Կրքերը շիկացան: Աղաս ձյաձյան հեռախոսափողի մյուս կողմից համաձայն չէր այդ թվերի հետ, ու կարգադրում էր մի բան անել…
Մի բան անելն էլ էն եղավ, որ քվեաթերթիկ հաշվելու իրավունք չունեցող մյուս վստահված անձը` քաղաքապետարանի ընդհանուր բաժնի պետը սկսեց հաշվել ՈՉ-երը… Հո շեֆի փեսային պատվադիտ չէր անելու` նա էլ հաշվեց 405, ու ասաց` շատ-շատ` մի ձայնի տարբերություն թող լինի…
Հանձնաժողովականները սկսեցին մեկը մյուսի վրա միննաթ գալ, դե պրծեք` գնանք…
Բայց այդպես էլ չէին պրծնում…
Ի վերջո` քաղաքապետամերձ մի հանձնաժողավական եւս փորձեց հաշվել ՈՉ-երը: Նա էլ ստացավ … 417 թիվը:DSC02971
Թե ինչ փոխվեց, ինչ կատարվեց, ՈՉ-ի պատասխանատու նույն հանձնաժողովականը, որ առաջինն էր հաշվել  քվեները, գուցե հանկարծ զգաց, որ այս անվստահությունն առաջին հերթին իրեն է վերաբերում, որ ՈՉ-ի քվեների պատասխանատուն, ի վերջո, ինքն է, լռելյայն սկսեց նորից հաշվել` այս անգամ ստանալով 428 թիվը: Բայց` արդեն ուշ էր…
Դրան զուգահեռ առաջին անգամ հնչեց ԱՅՈ քվեաթերթիկների թիվը` 701, եւ ամեն ինչ պիտի հարմարեցնեին դրան: Հանձնաժողովի քարտուղարը «սխալմամաբ» արդեն լրացրել էր արձանագրության ձեւաթուղթը` ՈՉ-ի դիմաց գրելով 417: Թե ինչ աճպարարությամբ ու ձեռնածությամբ անվավերների թիվն էլ 57-ից դարձավ 37, դա էլ թող մնա իրենց խղճին…
Եվ երբ ՈՉ-ի պատասխանատուն հնչեցրեց 428 թիվը, հանձնաժողովի նախագահը «զայրացավ» հանձնաժողովի քարտուղարի վրա, որ փչացրել է արձանագրությունների բոլոր ձեւաթղթերը, ուրիշը չունեն` փոխելու, ու արագ-արագ արձանագրությունները ստորոգրեցին, կնքեցին եւ ճամփեցին համապատասխան հասցեով…
Խառնաշոթի մեջ տեղամասային հանձնաժողովի նախագահի նյարդերը մեկ անգամ տեղի տվեցին. նա այնպես գոռաց արձանագրության մեկ օրինակ պահանջող դիտորդի վրա, ասելով` առաջին անգամն է լսում` դիտորդը արձանագրություն պահանջի, որ թխամաշկ երիտասարդը զարմանքից ավելի սեւացավ…
Պոլե չուդեսն ավարտվեց` հօգուտ … ոչ ոքի…

Հ.Գ. Շահեցի՞ր երկիր, թե` կորցրեցիր…
Մայր օրենքը` նոր է… հավատն է կորել…

Թիվ 37/15 ընտրատեղամասից` Երջանիկ ՎՇՏՈՒՆԻ

17.12.2015

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *