ՍԻՍԻԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑԸ ԼԱՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ ՈՒՆԻ

Սիսիանի շախմատի դպրոցի տնօրեն Սամվել Մկրտչյանը 2017 թվականը արդյունավետ տարի է համարում դպրոցի համար: Ասում է` երբ 2014-ին ինքը նշանակվեց շախմատի դպրոցի տնօրեն, դպրոց էր հաճախում ընդամենը 52 երեխա, իսկ այս պահի դրությամբ երեխաների թիվը հասնում է 113-ի, ինչը պայմանավորում է ոչ միայն դպրոցի մարզչական կազմի լավ աշխատանքով, այլեւ` շախմատի նկատմամբ մեծ հետաքրքրությամբ եւ սիրով: «Ափսոս, որ շենքային պայմանները չեն հնարավորում ավելի շատ երեխաներ ընդգրկել պարապմունքների մեջ, եւ մոտ 30 երեխայի ստիպված ենք եղել մերժել` տեղ չլինելու պատճառով»,- ասում է տնօրենը: Շախմատի դպրոցում գործում է 10 խումբ` 4-ը` նախապատրաստական, 4-ը` ուսումնական եւ 2-ը` ուսումնա-մարզական: Վերջինս կատարելագործված խմբերն են, որտեղ երեխաները սովորում են 3 տարի:

«Շախմատի դպրոց հաճախում են վեց-յոթ տարեկանից եւ սովորում 7 տարի: Բոլորը գրոսմայստեր չեն դառնալու, բոլորը միջազգային վարպետներ չեն դառնալու, բայց դաստիարակված եւ խելացի մարդ դառնալու են, իսկ նրանց սերն էլ ավելի է ամրապնդվելու շախմատի նկատմամբ»,- ասում է տնօրենը եւ հավելում, որ Սիսիանի շախմատի դպրոցը ոչ թե ակումբ է, այլ` դպրոց` իր ուսումնական ծրագրերով, պլաններով, իր մեթոդական աշխատանքով: «Մեր հիմնական նպատակներից մեկը, շախմատ սովորեցնելուց զատ, երեխաներին փողոցից կտրելը եւ արտադպրոցական ժամանակը հագեցած ու արդյունավետ կազմակերպելն է»,- ասում է տնօրենը եւ նշում, որ դպրոցը հիմնադրվել է 20 տարի առաջ` 1998 թվականին, ստեղծել լավ ավանդույթներ, որոնք ոչ միայն պահպանում եւ շարունակում են, այլեւ` հարստացնում: Այս առումով Սամվել Մկրտչյանը մասնավորաբար շեշտում է դպրոցի առաջին տնօրեն եւ մարզիչ Ալիկ Հարությունյանի ավանդը, ով քաջածանոթ է Հայաստանի շախմատային աշխարհին:

Տնօրենը նշում է, որ վերականգնել են դեռեւս 20 տարի առաջ հիմնադրված, բայց հետագայում շարունակություն չունեցած` Վուրգ Ոսկանյանի հուշամրցաշարը, Գորիսում մասնակցել Ալբերտ Օրդյանի հուշամրցաշարին, Երեւանում` Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարին, եւ լավ արդյունքներ արձանագրել: «Գորիսում մեր դպրոցի մարզիչ Վարդան Մովսիսյանը ցույց տվեց լավագույն արդյունքը եւ գրավեց առաջին տեղը, իսկ դպրոցի սան Աննա Գեւորգյանը, մեծահասակների հետ պայքարում, նույնպես գրանցեց լավագույն արդյունքը»,- նշում Սամվել Մկրտչյանը:

Սիսիանի շախմատի դպրոց հաճախում են նաեւ գյուղական համայնքների երեխաները, գալիս են Բռնակոթից, Շաքեից, Իշխանասարից:

«Շախմատը ինտելեկտուալ խաղ է, իր մեջ ներառում է գիտություն, սպորտ, արվեստ, եւ մենք մեր երեխաներին ոգեշնչում ենք նաեւ համաշխարհային շախմատի պատմության մեջ հայ գրոսմայստերների հնչեղ անուններով ու նրանց ձեռքբերումներըով, նրանց կերպարով, ինչը երեխաների մեջ բարձրացնում է նաեւ իրենց ազգային ինքնագիտակցությունը»,-նշում է Սամվել Մկրտչյանը եւ հույս հայտնում, որ Սիսիանի շախմատի դպրոցի համար եկող տարին նույնպես կլինի արդյունավետ:

«Որոտան»

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *