Սիսիանի պետական քոլեջում ավարտական քննություններ են

Սիսիանի պետական քոլեջում երեք տարվա իրենց սովորածի արդյունքներն են քննական հանձնաժողովին ներկայացնում հարդարման-շինարարական աշխատանքների իրականցում եւ տրանսպորտային միջոցների շահագործում եւ նորոգում մասնագիտություների 15 շրջանավարտ: Այս բաժիններում ընդունվել են ավելի շատ երիտասարդներ, քան` ավարտողների թիվն է, որովհետեւ նրանցից շատերը իրենց պարտքն են կատարում հայրենիքի հանդեպ, եւ բանակից վերադառնալուց հետո կշարունակեն ուսումը:

Հարդարման-շինարարական աշխատանքների բաժնի վարպետներ Սերյոժա Առաքելյանն ու Արամ Հակոբյանը, լսելով եւ գնահատելով շրջանավարտներին, ստուգելով նրանց գործնական հմտությունները, նշեցին, որ այս պահի դրությամբ 3-4 երիտասարդ արդեն պատրաստի վարպետներ են, եւ մեծ հաջողությամբ կարող են գործնականում կիրառել ուսման ընթացքում յուրացրած գիտելիքները եւ վստահորեն աշխատել: Որպես գործնական աշխատանք` ուսանողները վերանորոգում են քոլեջի դասասենյակներից մեկը, որտեղ էլ ընթանում էին բաժնի ավարտական քննությունները:

Պատասխանելով քննական տոմսի հարցին, շրջանավարտ Արթուրը նաեւ գործնականում ցուցադրեց իր վարպետությունը: Ասաց, որ այս մասնագիտությունն ընտրել է սիրելով, դասերին եւ պարապմունքներին հաճախել է սիրով եւ հույս հայտնեց, որ կդառնա նաեւ լավ վարպետ, քանի որ դրա համար 36137255_1358331644311434_7148882749619699712_nունի բոլոր տվյալները եւ ամենակարեւորը` սերը ընտրած մասնագիտության նկատմամբ: Իսկ մինչ այդ` պատրաստվում է գնալ բանակ, իր պարտքը կատարել հայրենիքի հանդեպ:

Ծննդավայր Շամբում գյուղատնտեսությամբ զբաղվող եւ իր ընտանիքի հոգսերը սեփական քրտինքով հոգացող Հմայիչ Ասրյանը որոշել է մասնագիտություն ստանալ 42 տարեկանում, գտնելով, որ այն երբեք էլ ուշ չէ: Ասում է`այն գումարները, որ տալիս էր ուրիշ վարպետի` իր տրանսպորտային միջոցները նորոգելու համար, հիմա դա կանի ինքը` խնայելով գումարը, միաժամանակ ստացած մասնագիտությամբ ինքը կարող է գումար վաստակել: Գոհ է ստացած կրթությունից, գոհ է ընտրած մասնագիտությունից:

Քննական հանձնաժողովի անդամ, քոլեջի ուսմասվար Լարիսա Հովակիմյանը նշեց, որ ուսանողները բավականին հմտություններ ունեն, կարողունամետ են, որովհետեւ հիմնականում մոդուլային ուսուցումով է այն իրականացվում, եւ կարողանում են ստացած գիտելիքները կիրառել գործնականում: «Տրանսպորտային միջոցների շահագործում եւ նորոգում մասնագիտության շրջանավարտները բավականաչափ հմտացած էին, աշխատում էին, բայց ունեին փաստաթղթի կարիք, կրթություն պիտի իրականացնեին, որպեսզի իրենց ստացած գիտելիքները գործնականում կիրառեն ավելի հմտորեն: Տեսական գիտելիքներն անհարաժեշտ են` դրանք գործնականում ավելի ճիշտ եւ արդյունավետ օգտագործելու համար: Մյուս կողմից` տարեցտարի մեծանում է ուշադրությունը արհեստագործական մասնագիտությունների նկատմամբ, որովհետեւ կյանքն է դրա պահանջարկը դնում, եւ երիտասարդներից շատերը նախընտրում են ստանալ արհեստագործական կրթություն` ապագայում իրենց կյանքը կազմակերպելու համար»,-ասում է Լարիսա Հովակիմյանը, հավելելով, որ ուսանողները, փականագործի մասնագիտություն սովորելիս, յուրացնում են նաեւ տեխնիկական, մասնագիտական տերմինները, դրանց հայերեն անվանումները:

«Որոտան»

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *