ՍԻՍԻԱՆԻ, ՍՅՈՒՆԻՔԻ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ ՄԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Վիկան եկել էր Մոսկվայից, վերջին անգամ Հայաստանում եղել էր անցյալ տարի և դարձյալ գարնանը, և դարձյալ ցուրտ և անձրևոտ ժամանակ: Գնացել էր Սևան, Ծաղկաձոր, Դիլիջան,  չնայած ցրտին, շատ էր հավանել և այս տարի ևս որոշել էր վերադառնալ, այս անգամ` գնալով դեպի հարավ: Երբ  հանդիպեցի նրան, արդեն եղել էր Վայոց ձորում, մեկ գիշեր Նորովանքում վրանի մեջ էր անցկացրել, գիշերելով անձրևի և գայլերի ոռնոցի ներքո: Սարսափելի գիշերից հետո ոտքով Արենի էր եկել, հետո գնացել Ջերմուկ: “Ցրտախառը գեղեցկություն” ահա թե ինչպես էր բնութագրում տեսածը: Մենք նույն երթուղայինով գալիս էինք Սիսիան: Նա մտադրվել էր շրջել Սյունիքով: Նրա առաջին կանգառը Սիսիանն էր: Վիկայի արկածները սկսեցին դեռ ճանապարհից, երբ երթուղայինը փչացավ: Ստիպված եղանք ճանապարհի Քյարքի կոչվող հատվածից ետ վերադառնալ մինչև Երասխավան և մեկ ժամ էլ սպասել, մինչև Երևանից օգնությունը կհասներ: Հորդառատ անձրև էր տեղում, շուրջ բոլորը մառախուղ էր, տեսանելիություն չկար, մենք էլ ամպերի միջով շարունակում էինք ճանապարհը: Նրան զգուշացրեցի, որ նմանատիպ տեսարան է սպասվում նաև Գորիսում:
Չնայած նա լավ տեղեկացված էր, բայց ես հոգուս պարտքը համարեցի ևս մեկ անգամ քարտեզի վրա ցույց տալ բոլոր հնարավոր վայրերը, որ կարելի էր տեսնել Սիսիանում: Շատերի կարծիքով Սիսիանը Սյունիքի մարզի ամենաանշուք հատվածն է, բայց նրանք իմ աչքերը չունեն, որ կարողանան հիանալ ամեն մի բլորով, ամեն մի ժայռով և նույն տպավորությունն էլ փոխանցել դիմացինին:
Հյուրանոցում Վիկային տեղավորելուց 4 օր անց հեռախոսազանգ եմ ստանում, նա էր, և արդեն 4 ժամ շարունակ գտնվում էր անձրևի տակ Տաթևի ճանապարհին ինչ-որ մի տեղ, որտեղ ոչ մարդ կա, ոչ էլ` մեքենա է անցնում ճանապարհով, միայն մի աղվես է ճանապարհով այս ու այն կողմ վազվզում: Խնդրեց տաքսի ուղարկեմ, որ Սիսիան գա: Երեկոյան նրան մեր տուն հրավիրեցի, հայկական հյուրասիրություն կազմակերպեցինք, հետո նրան ուղեկցեցի Ույծի հին մեգալիթյան բնակատեղի` ցույց տալու այն, 7-րդ դարի քանդված մատուռի մոտ կառուցված նորակառույց Սուրբ Պողոս-Պետրոս մատուռը: Այդտեղից գեղեցիկ տեսարան էր բացվում դեպի Սիսիան, դեպի Որոտանի կիրճ: Հետո սարերի գոգում ծվարած Տոլորսի ջրամբարին էինք նայում հարակից բլրի գագաթից, հիացած էր տեսարանով, լիճը նման էր կետաձկան, իսկ շրջապատող սարերն էլ ծածկված էին սև-մութ ամպերով, որոնք էլ ավելի խոհրդավոր էին դարձնում շրջապատը: Նա ասաց, որ այդ տեսարանը տեսնելու համար պարտաստ է նորից Սիսիան գալ, բայց ավելի տաք եղանակի, քանի որ քամին մեզ կքշեր-կտաներ, եթե չնստեինք մի քարի: Առանց աչքերը թարթելու նայում էր մեր պատշգամբից բացվող տեսարանին և ասում, որ սա արժե նորից տեսնել, իսկ ես մտածում էի, որ հենց այդ տեսարանը ամեն օր տեսնելու համար է, երևի, որ չեմ կարողանում բաժանվել իմ հողից:
Նա պատմեց նախորդ օրերի արկածների մասին, թե ինչպես է ոտքով Շաքե գնացել, գյուղի երեխաներից մեկն էլ ուղեկցել է մինչև ջրվեժ: Շատ էր հավանել, շատ տպավորված էր, սակայն նույնը չէր ասի ճանապարհի մասին, ճիշտ է, ես զգուշացրել էի, որ ճանապարհը այնքան էլ բարեկարգ չէ, բայց որ այդքան սարսափելի կլիներ, չէր պատկերացրել: Մի պահ ես էլ վերհիշեցի, թե նույնիսկ  ամառ օրով ջրվեժ տանող “քյանդրբազի” ճանապարհը մենք ինչ դժվարությամբ ենք անցնում, իսկ այդ անձրև-ցեխ օրով  խեղճ աղջիկը ստիպված է եղել գետը մտնել: Երբ նա համեմատում էր Գորիսի որևէ տեսարժան վայր մերինի հետ, երկուսն  էլ գեղեցիկ են յուրովի` ասում էր, սակայն մատուցման ձևերն են տարբեր, ցավալի ճշմարտությունը մեկն էր, մենք մերը պահել և ներկայանալի մատուցել չգիտենք: Կարծում եմ` ջրվեժին կապող մի փոքրիկ կամուրջը ճեղքվածք չի առաջացնի որևէ մեկի բյուջեում, ավելին, այն կփոխհատուցվի տասնապատիկ, թեկուզ եթե միայն Սիսիանում գտնվող հյուրանոցները կամ զբոսաշրջային համալրիները միավորվեն եւ իրենց օգուտի համար դա կազմակերպեն: Արդյունքում մենք կառաջարկենք գեղատեսիլ տեսարժան վայր` իր բոլոր հարմարություններով, փոխարենը` ապահովելով անսպառ պահանջարկ:
Վիկան շատ էր հավանել Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, այդտեղից քաղաքին բացվող հիասքանչ տեսարանը և հիացած էր դարերի խորքից եկող եկեղեցու հնությամբ և վեհաշուքությամբ:
Հետո գնացել էր Դարբաս, տեսել նորակառույց եկեղեցին, որտեղ էլ ականատես էր եղել թաղման արարողության, և ասում էր, որ թաղում տեսա, հիմա մնում է` հայկական հարսանիք տեսնեմ: Այնուհետև ոտքով  եկել էր Որոտնավանք, որի արտաքին տեսով կարելի է միայն հիանալ, իսկ այդտեղից դեպի Որոտանի ձորը բացվող տեսարանը անկրկնելի է: Սակայն տխրեցրել էր այն փաստը, որ վանքը լքված է, չունի սպասավոր, և այդ գեղեցիկ տեսարանը մի վայրկյանում սարսափազդու է դառնում, հատկապես, երբ ներս էր մտել, և վանքում անձրևից պատսպարվող թռչունների թեւբախումը ահաբեկել էր նրան խորին լռության մեջ:
Այստեղ ո?ւմ կարող ես մեղադրել, երբ անգամ Սիսիանի եկեղեցում ենք տարին մի քահանա փոխում. ոչ ոք չի կարողանում դիմանալ Սիսիանի ցրտաշունչ քամուն, էլ ուր մնաց` գնան ու լքված վանքում մնան, դրա համար մեծ միջոցներ են պետք և՚ պետության կողմից, և՚ ժողովրդի:
Ինձ վհատեցրեց նաև այն փաստը, որ Սիսիանում և ընդհանրապես Հայաստանում քչերն են ռուսերենին տիրապետում, հատկապես, երիտասարդները, այն դեպքում,  երբ այդ լեզվի ուսուցում սկսկած երկրորդ դասարանից  պարտադիր է դպրոցական ծրագրերում: Այստեղ էլ լուրջ փոփոխություններ պետք է կարատվեն:
Վիկան շատ էր հավանել Սիսիանը, բայց հույս ուներ, որ միուս անգամ, եթե էլի հյուրընկալվի Սիսիանում, գոնե ավելի բարեկարգ վիճակում կտեսնի այն, հատկապես` ծայրամասային փողոցները, որոնցից մեկն էլ Ույծը Սիսիանին կապող ամենակարճ փողոցն է` Իսրայելյանը, նախկինում շատ բանուկ մի փողոց, որը, սակայն, քանդեցին ու մոռացան վերականգնել քանդած փոսերը, որոնք էլ դառան իսկական խորխորատներ, ախր եղածը մի 100 մետր հատված է, հարկավոր է պարզապես հարթեցնել, մեծ քարերից մաքրել ճանապարհը և մի բարակ շերտով էլ շեբեն լցնել, հուսանք` այդ փողոցի ճակատագիրը շուտով կլուծվի, և մեր հյուրերին էլ չի սարսափեցնի:
Սյունիքում ամենից շատ նրան դուր էր եկել Տաթևի վանական համալիրը և հարակից տարածքը, իսկական դրախտ: Հիմա էլ պիտի  գնար Կապան, Քաջարան, Մեղրի: Մաղթենք նրան բարի ճանապարհ, հաճելի ուղևորություն, իսկ Սիսիանին էլ` շուտափույթ բարեկարգում, իսկ մեր տեսարժան վայրերն էլ մեր միջոցներով, ջանքերով դառնան ամենագրավիչը մարզում, հուսամ` այդ օրը շուտ կգա:

Մարիամ Թորոսյանի  գրառումը <Սիսիանը Սիսիանցիների համար> ֆեյսբուքյան էջում:
21.05.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *