ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓԱԿՈՒՂՈՒՄ

Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի ձախողված պաշտոնավարման եւ «էկզոտիկ գործելաոճի» մասին մամուլում եւ հանրության մեջ երբեմն-երբեմն բռնկվող քննարկումները վերջին շրջանում առավել ակտիվ են դարձել, ինչը, կարծես, պայմանավորված չէ միայն նախընտրական իրողություններով: Դեպքերի եւ իրավիճակների զարգացումը տանում է նրան, որ ամբողջությամբ է բացահայտվում  նրա` քաղաքապետի իր դերին եւ պաշտոնին չտիրապետելը, համայնքի ղեկավարի`  տանտիրոջ կարգավիճակում չլինելը:
Թերեւս դրա ամենախոսուն օրինակն էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ նրան ուղեկցող աշխատանքային խմբի (նախարարներ, ԱԺ պատգամավորներ եւ այլք) այցը Սիսիան: Որքան էլ այն դիտարկվեց որպես նախընտրական, եւ ՀՀ վարչապետն առավելապես ներկայացրեց ՀՀԿ նախընտրական ծրագիրը, այնուամենայնիվ, այն երկրի կառավարության ղեկավարին եւ նրա աշխատանքային խմբին այցելության վայրում (իմա` Սիսիանում) տեղական իշխանության կողմից պատշաճորեն ընդունելու եւ ճանապարհելու արարողակարգ էր ենթադրում:
Մարտի 4-ին Սիսիանի մշակույթի տանը տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են տարածաշրջանի համայնքների, կազմակերպությունների, ֆեդերալ կառույցների ղեկավարներ, դպրոցների, ուսումնական հաստատությունների տնօրեններ, ՀՀԿ անդամներ, քաղաքացիներ, շարքային մարդիկ` իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները լսելու կամ` ստանալու ակնկալիքով:
Այս հանդիպմանը, որպես Սիսիանի տարածաշրջանի ամենամեծ համայնքի ղեկավար եւ հյուրընկալող քաղաքի քաղաքապետ, ներկա չի եղել Սիսիանի համայնքի ղեկավար Աղասի Հակոբջանյանը, ինչն առիթ է տվել տարատեսակ մեկնաբանությունների եւ ենթադրությունների:
Խնդիրն, իհարկե, այս պարագայում, Աղասի Հակոբջանյանի անձի մասին չէ, այլ` Սիսիանի համայնքի ղեկավարի: Որպես Սիսիանի քաղաքապետ, որպես տարածաշրջանի ամենամեծ համայնքի ղեկավար, որպես բարձրաստիճան պաշտոնյա ու չինովնիկ, որպես տեղական ինքնակառավարման մարմին, ի վերջո, որպես տանուտեր, տրամաբանական է եւ բնական, որ նա նույնպես պիտի ներկա գտնվեր ՀՀ վարչապետի եւ նրան ուղեկցող աշխատանքային խմբի` Սիսիանում կայացած հանդիպմանը` անկախ վարչապետի` հհկ-ական եւ իր` բհկ-ական լինելու հանգամանքից: Մյուս կողմից` ՀՀ վարչապետի` պաշտոնական կամ` աշխատանքային դիտարկվող հանդիպումը բանակի քեֆ չէ, ոչ էլ` մարտի 8-ի տոնակատարություն, որ դրան պետական բարձրաստիճան պաշտոնյայի մասնակցությունը հայեցողական լինի: Եվ, այնուամենայնիվ, Սիսիանի համայնքի ղեկավարը ներկա չի եղել այդ հանդիպմանը, ինչն արդեն ոչ թե մասնավոր, այլ` սիսիանյան լուրջ խնդիր է: Նույնիսկ, առանց մանրամասների մեջ խորանալու, առանց արդարացումներն ու պատճառաբանությունները լսելու, որպես արձանագրված փաստ, երեւույթն արդեն ինքնին խոսում է, որ… Սիսիան քաղաքը տեր չունի, Սիսիան քաղաքը ղեկավար չունի, Սիսիանի համայնքը գլխավոր չունի, սիսիանյան բազում-բազմաթիվ խնդիրները երկրի վարչապետի առջեւ ներկայացնող մտահոգ ու նախանձախնդիր համայնքապետ չկա, դրա համար էլ Սիսիանն այսպես քարուքանդ է ու բարձիթողի, անուշադրության մատնված ու մոռացված, խեղճ ու անպաշտպան:
Հիմա դառնանք ենթադրություններին, թե ինչո՞ւ ՀՀ վարչապետի հետ սիսիանյան հանդիպմանը ներկա չի եղել հատկապե՛ս Սիսիանի քաղաքապետը:
Մտածել, թե բհկ-ական քաղաքապետը (ՀՀԿ-ԲՀԿ վերնախավային փոխհարաբերությունների դաշտում) «հարկ չի համարել» ներկա լինել հհկ-ական վարչապետի եւ նրան ուղեկցող հհկ-ական պաշտոնյաների ու պատգամավորների հետ հանդիպմանը, առնվազն զավեշտ կլինի, քանի որ քիչ թե շատ արդեն ծանոթ լինելով նրա «սկզբունքայնությանն» ու «խոսքի տերը լինելու անսասան կամքին», սիսիանցիները քաջ գիտեն, որ նա ի վիճակի է ամենքին ու ամեն ինչ «զոհել» իր ճանապարհին` հանուն սեփական ամենանվազագույն իսկ շահի:
Ենթադրել, թե, միգուցե, «վերեւից իջեցված» հրահանգ է կատարել` բհկ-ական դիրքերից «չհարգել» հհկ-ական վարչապետին, դարձյալ զավեշտ կլինի, քանի որ կոալիցիոն գործընկերության կոնտեքստում «տեղային, տղայական, միջանցիկ քամի հիշեցնող բռնկումները» հազիվ թե որեւէ դեր ունենան իշխող քաղաքական ուժերի կոալիցիոն գործընկերությունը պահպանել-չպահպանելու հանգամանքում:
Մտածել, թե նա տեղյակ չէր ՀՀ վարչապետի` սիսիանյան այցի մասին, դարձյալ իր օգտին չի խոսում` որպես համայնքի ղեկավար:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` մի լրատվամիջոցի` Աղասի Հակոբջանյանին հղված «Ինչո՞ւ ներկա չէր ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը» հարցին պատասխանել է, որ «իրեն չեն հրավիրել»: Ահա սա է, թերեւս, ամենահավանական պատճառը, որ Սիսիանի տարածաշրջանի ամենամեծ համայնքի եւ հյուրընկալող քաղաքի` Սիսիանի քաղաքապետը ներկա չի եղել ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը:
Եզրակացությունը թող Սիսիանի քաղաքապետն ու սիսիանցիներն անեն, մեկնաբանությունը` մենք:
Որեւէ մեկին որեւէ միջոցառման չհրավիրելու հազար ու մի պատճառաբանություն կարող է լինել` օբյեկտիվ, սուբյեկտիվ, անհատական, անձնական: Սակայն` մասնավոր միջոցառումների պարագայում: Իսկ պետական կամ` պաշտոնական հանդիպումներում բարձրաստիճան պաշտոնատար անձին կամ անձանց չհրավիրելը մասնավոր դեպք չէ: Եվ այս պարագայում եթե Սիսիանի քաղաքապետին չեն հրավիրել ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը, շատ բան է նշանակում: Մի կողմից նշանակում է` արհամարհել են: Եթե արհամարհել են, նշանակում է` վաստակել է այդ «պարգեւը»: Եթե իր ղեկավարած համայնքում տեղի ունեցող քաղաքական իրադարձությանը ներկա գտնվելու համար սպասել է հրավերքի, նշանակում է` տանտիրոջ իր իրավունքներն ու լիազորությունները ինքնակամ զիջել է նրանց, ումից ակնկալել է հրավերք, ովքեր էլ, չհրավիրելով նրան, իրենց վերաբերմունքն են արտահայտել նրա նկատմամբ: Հրավերքի ակնկալիքն, անշուշտ, երկրի վարչապետից չէ, որ ունեցել է, որովհետեւ Սիսիանի համայնքի ղեկավարի իր իրավունքները նրան չի վերապահել: Մյուս կողմից` ի պաշտոնե Սիսիանի համայնքի ղեկավարը ի՛նքը պիտի  իր ղեկավարած համայնքում տեղի ունեցող նմանօրինակ  քաղաքական իրադարձության կենտրոնում լիներ ու գլխավոր դերում` կատարելով բարձրաստիճան պետական պաշտոնյային ընդունելու եւ ճանապարհելու իր պարտականությունները: Եթե այս ամենին չի տնօրինել, նշանակում է` իր դերում եւ իր տեղում չէ` ի ցավ Սիսիանի, այն պարագայում, երբ նա, որպես ընտրված քաղաքապետ, ի սկզբանե որեւէ կաշկանդվածություն չուներ լինել ինքնուրույն:
Խնդրի ամենանուրբ եւ ամենաէական  կողմ էլ կա. անկախ ամեն ինչից, անկախ որեւէ մեկի կուսակցական պատկանելությունից եւ այդ շրջանակներում ծավալվող փոխհարաբերություններից, անկախ նրան հրավիրող-չհրավիրողների անձնական, մասնավոր կամ` միտումնավոր մղումներից, գուցե եւ` դրանց բացակայությունից, որպես Սիսիանի համայնքի ղեկավար, որպես սիսիանցիների շահերի ներկայացուցիչ, նա պարտավոր էր ի պաշտոնե ներկա լինել երկրի վարչապետի հետ հանդիպմանը` առանց սպասելու  իրեն որեւէ մեկի կամ` որեւէ ուժի կողմից  «հրավերքի սուփրա-սինի» ուղարկելու: Իսկ եթե ներկա չի եղել, նշանակում է` արհամարհել է մի ողջ համայնքի եւ նրա շահը ու չի կարող նրա լիազորը լինել պետական ու պաշտոնական ատյաններում:
Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնը ահա արդեն 4-րդ տարին զբաղեցնող Աղասի Հակոբջանյանը այդպես էլ գլխի չընկավ, որ ինքը ոչ թե թաղման բյուրոյի գործակալ է, ոչ թե` շարքային կոմունալչիկ կամ` միջազգային ֆինանսական աղբյուրներից սնվող որեւէ հկ-ի աշխատակից ու բիզնես կենտրոնի վարկային բաժնի տեսուչ, ում հայեցողությամբ են հրավիրում կամ չեն հրավիրում պետական, պաշտոնական հանդիպումների, այն էլ` սեփական տանը, սեփական համայնքում,  այլ` Սիսիան քաղաքի ընտրված քաղաքապետ, ում նույն այդ համայնքը իր վստահության քվեով լիազորել է իր շահը պաշտպանել բոլոր ատյաններում: Սակայն եթե անգամ իր ղեկավարած համայնքում են նրան շրջանցում պաշտոնական հանդիպումների ժամանակ եւ հարկ չեն համարում հրավիրել, ինքն էլ չի պաշտպանում համայնքի ղեկավարի իր իրավունքը, չի պահպանում համայնքապետի իր իրավասությունը, նշանակում է…Ակնառու փաստն ինքնին խոսում է անգամ սեփական համայնքում երկրի վարչապետի հետ հանդիպմանը «չհրավիրված» պաշտոնյայի` դերի, հեղինակության, կշռի, հարգանքի, ազդեցության բացակայության մասին, իսկ «չհրավիրողները», ինչ խոսք, «իրենց հաճախորդին» լավ են ճանաչում:
«Ուրիշ` ի՞նչ: Ոչի՛նչ…Խնդալու կամ լալու պատճառ, կարծես»…կա՛:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *