ՍԻՍԻԱՆՅԱՆ ԿՈԼՈՐԻՏԻ ՄԻ ԱՆՇՓՈԹԵԼԻ ԴԻՄԱԳԻԾԸ

Մեր շրջապատում կան մարդիկ, որոնց գոյությունը մեր քաղաքի կենսագրության մի մասնիկն է, այնքան տարրալույծ, այնքան սերտաճած, այնքան համահյուս, որ առանց միմյանց նրանք թերի, նրանք կիսատ, նրանք անկատար կլինեին:

Նման մի կենսագրություն է ստեղծել ու քաղաքիս տարեգրության հետ ներդաշնակ ու ըամընթաց նրա կոլորիտն իրենով հարստացրել ու ինքնատիպ է դարձրել ողջ Սիսիանին քաջածանոք բժշկուհի Օլյան: Նա գիտի ու ճանաչում է բոլորին, բոլորը` նրան: Յուրաքանչյուր ընտանիքուն նա կա, կա այնքանով, որքանով այդ ընտանիքներում երեխա է ծնվել, երեխա է հիվանդացել, երեխա է մեծացել: Նա կա իր աշխատանքի հետքով, իր մասնագիտության դրոշմով, իր ամենահաս բուժիչ ձեռքով, բժիշկ-մանկաբույժի իր պահանջվածությամբ:
Հիմա` տարիների, տասնամյակների հեռավորությունից նա այնքան Սիսիանինն է ու Սիսիանն այնքան իրենն է, որ հազիվ թե մեկի մտքով կանցնի, որ նա… սիսիանցի չէ: Իսկ նա սիսիանցի չէ միայն ծնունդով, միայն ծննդավայրով… բայց սիսիանցի է իր կենսագրությամբ, իր գործունեությամբ եւ այքան հիմնավոր ու համոզիչ, որ… Սիսիանի կոլորիտի մի երանգ ու շերտն է, մի անփոխարինելի դիմանկարը, մի անշփոթելի դիմագիծը:
… Բայց Սիսիանը նրա համար բոլորովին պատահակոնորեն է դարձել այն, ինչ հետո է դարձել, պատահականորեն միայն նրա համար, որ քարտեզում ավելի մոտ տարածք էր Ստեփանակերտին, որտեղ ծնվել-մեծացել էր, որտեղ հայրական օջախն էր, մայրն էր` բազմաշունչ ընտանիքով: Բախտի բերմամբ էլ դարձել էր ոչ թե Բաքվի, այլ` Երեւանի բժշկական համալսարանի ուսանող նրա համար, որ Բաքուն մերժել էր հայուհի դիմորդի փաստաթղթերը, իսկ Աշխաբադում բնակվող հորեղբայրն էլ հանձն չէր առել զարմուհուն իր տանը պահելու «հոգսը», եւ միայն այդ պատճառներով էր նա դիմել Երեւան եւ դարձել հայաստանյան բուհի ուսանող: Ճակատագրական մի դիպված էլ կար. այն ժամանակ Հայաստանի բուհի շրջանավարտին հազիվ թե աշխատանքի ընդունեին Ստեփանակերտում, եւ կյանքի` նրա ճանապարհը դեմ առավ ճակատագրական ընտրությանը: «Բժշկականի ղեկավարները իմ առջեւ դրեցին Հայաստանի քարտեզը եւ ասացին` ընտրիր ցանկացած շրջան, որտեղ կցանկանաս աշխատել: Թեեւ Գորիսը Ղարաբաղին ավելի մոտ էր,- պատմում է բժշկուհի Օլյան,- բայց ճակատագրական ընտրությունը Սիսիանի վրա կանգ առավ: Մտածեցի, որ Սիսիանում աշխատելիս ավելի հաճախ կայցելեմ մորս, հարազատներիս, նրանց շուտ-շուտ կտեսնեմ, եւ… ընտրեցի Սիսիանը»:
Իսկ դա 1961 թ.-նն էր…
Ընտրությունը դարձավ ճակատագիր: Ճակատագիրը` անխուսափելի ու անշրջելի: Եվ ահա կես դար ու ավելի բժշկուհի Օլյան սիսիանցի է ու Սիսիանինն է: Փոշմանել-չփոշմանելու հարց էլ չկա: Իր կյանքն ինքն է ապրել, եւ ապրել է սրտաբուխ, անտրտունջ, անչար, անդավ: Ապրել է նաեւ բոլորի կյանքով` նրանցն էլ դարձնելով իրենը, իրենն էլ դարձնելով հանուրինը` իր աշխատանքի ընձեռած հնարավորությունների սահմաններում:
Պատմում է, որ 1961-ին երբ Սիսիան եկավ, Սիսիանում տներ չկային, հիվանդանոց չկար, հին հիվանդանոցը Մայր հուշարձանի մոտ էր, կողքից Որոտանն էր հոսում, ու տպավորվել էր հենց այդ տեսարանով, այն համեմատելով ու նմանեցնելով Հովհ. Թումանյանի «Էն գորշ խրճիթը, էն հին խրճիթը, գետի եզերքին, ծառերի տակին» տողերի հետ, տպավորվել էր ու հավատացել, որ «…Ամենից լավ տեղը որ կա` էդ գորշ խրճիթն էր, էդ հին խրճիթն էր, գետի եզերքին, ծառերի տակին»: Հիմա էլ այն տարիների երիտասարդ աղջնակի խանդավառությամբ ու չարաճճի հավատով է վերհիշում ու պատմում այդ օրերի մասին ու այն մասին, որ փոխարեն հուզվեր ու լաց լիներ իր առաջին հիվանդի ծանր վիճակից, հրճվանքից թռչկոտել էր եւ ուրախացել, որովհետեւ ճիշտ ախտորոշում էր կատարել` արժանանալով բժիշկ Վիթխար Վարդանյանի քաջալերանքին: «Նման բաներով գայթակղվեցի, տարվեցի, հրապուրվեցի, ուրախացա, որ մարդկանց պետք եմ, որ նրանք դիմում են իմ օգնությանը եւ հավատում են ինձ, գայթակղվեցի, ու այդ «կապանքներով» կապվեցի ահա արդեն 50 տարի: Չզգացի` օրերն ինչպես թռան, տարիները ինչպես սահեցին, կյանքը ինչպես հոսեց` դառնալով կես դար: Մտածել էի, որ մի 3 տարի կաշխատեմ Սիսիանում, պայմանագրիս ժամկետը կլրանա, կգնամ ուսումս ասպիրանտուրայում շարունակելու եւ…Բայց այդպես չեղավ, եղավ այն, ինչպես որ լինում է ճակատագրորեն»:
Գուցե հենց այդպես կանխորոշվա՞ծ էր: Ինչպես ինքն է ասում, այնքան տարվեց-գերվեց մանկաբույժի իր աշխատանքով, այնքան սիրեց երեխաներին, իր սերն այնքան անմնացորդ բաժանեց հազարավոր նորածիններին, մանուկներին, որ, գուցե, այլեւս, բաժին ու ժամանակ չմնաց սեփական երեխաներն ունենալու, սեփական ընտանիքը կազմելու համար: «Մարդիկ 2-3 երեխա ունեն, ես` հարյուր-հազարները»,- ասում է, ու փոքր-ինչ չես կասկածում նրա ասած խոսքերի ճշմարտացիության մեջ, չես տարակուսում ու հավատում ես անվերապահ, քանի որ նրա ապրած կյանքն ու անցած կեսդարյա ճանապարհը դրա ապացույցն է, դրա վկայությունն ու հավաստիացումը:
Հետաքրքիր զրուցակից է: 50 տարիների ընթացքում շատ բան է գլխով անցել, շատ դեպքեր, շատ մարդիկ: Պայուսակից հանեց «Որոտանի» հին, շատ հին, խունացած մի համար` իր ու մի մանկան նկարով, ասաց, որ իր բուժած երեխաներից մեկի պապն է մի քանի տարի առաջ նվիրել իրեն` թերթի այդ համարը պահել-պահպանելով որպես սուրբ մասունք, որպես երախտագիտության նշան: «Մարդիկ այսպես են երախտահատույց լինում ինձ, այսպես են շնորհակալ լինում, այսպես են գնահատում, եւ ես վարձատրված եմ զգում իմ կեսդարյա նվիրումի, իմ անմնացորդ աշխատանքի դիմաց: Ես էլ այպես ապրեցի ու աշխատեցի ու գոհ եմ, որ մարդիկ դեռ դիմում են ինձ, կանչում»: Հիմա իր բուժած-բժշկած երեխաների երեխա-թոռներին է բուժում-բժշկում: Հիմա էլ նա բոլոր տարիների ու բոլոր ժամանակների բժշկուհի Օլյան է` սրտամոտ, մարդամոտ, անկեղծ, մի քիչ` ըմբոստ, մի քիչ անհաշտ, մի քիչ անհանդուրժող վատ ու տգեղ երեւույթների հանդեպ: Հումորախառն էլ պատմում է, որ մի քանի տարի առաջ Սիսիանի քաղաքապետն առաջարկել էր Սիսիանի համայնքի պատվավոր անդամի կոչում շնորհել իրեն, հրաժարվել է, ասելով` առանց դրա էլ Սիսիանի համայնքի պատվավոր անդամ եմ, քանի որ ամեն տան մեջ եւ ամեն ընտանիքում պատվավոր տեղ ունեմ, ու պատվավոր անդամի այդ տեղը վաստակել է ինքը` տարիների անմնացորդ աշխատանքի շնորհիվ:
Մարդու եւ մանկաբույժի նրա հարուստ կենսագրության մեջ մի առանձին տեղ է զբաղեցնում գորայքյան ժամանակահատվածը: Դա էլ, ինչպես ինքն է ասում, դարձյալ իր համարձակ ու անվախ լինելու մասին է վկայում: «Գորայքի տարածաշրջանում մանկական մահացությունը շատ էր,- պատմում է բժշկուհի Օլյան,- բժիշկ Վարդանյանը հրավիրեց բոլոր բժիշկներին, ցանկացավ այնտեղ ուղարկել մեկն ու մեկին, ոչ ոք չցանկացավ: Ես գնացի միայն նրա համար, որ ապացուցեմ, թե ես ով եմ, եւ ապացուցեցի: Դա 1973 թ.-նն էր: Ու այդ օրվանից ի վեր, մինչեւ իմ պաշտոնական աշխատանքի վերջին օրը մանկական մահացության որեւէ դեպք չի արձանագրվել»,- ասում է մի քիչ հպարտությամբ, մի քիչ` կնոջական ու մարդկային գորովանքով եւ ամենից շատ` մանկաբույժի ինքնավստահությամբ:
Տարիքը հիմա առաջացած է, բայց հոգով նույն երիտասարդ ու կենսախինդ մարդն է, նույն բարեխոսը ու լավատեսը, նույն բարեմաղթը ու կենսասերը: Լավ պահպանված ու կենսասեր լինելու իր գաղտնիքն ունի, որն ամենեւին էլ գաղտնիք չէ. հոգիդ առողջ պահիր, եւ կյանքդ գեղեցիկ կլինի: Այսպես ապրել է, այսպես ապրում է ու այսպես ապրելու է Սիսիան սիրելի քաղաքում` բոլորի հետ ու բոլորի մեջ:
Սիսիանս հետաքրքիր ու ինքնատիպ ճակատագրեր շատ ունի: Ու ամեն մեկը իր կերպով ու գոյությամբ զարդարում, հարստացնում է սիսիանյան միջավայրն ու կոլորիտը, համ ու հոտ, նկարագիր ու դիմագիծ հաղորդում սիսիանյան հանրային կյանքին: Համասիսիանյան սեր ու հարգանք վաստակած այդ ճակատագրերից մեկն էլ ղարաբաղցի սիսիանցի Օլգա Սայիյանն է, բոլորին ճանաչ բժշկուհի Օլյան:
Կենսագրության կես դարը Սիսիանին նվիրած բժշկուհի Օլյան դեռ շատ տալիք ունի սիսիանցիներին ու պատրաստակամ է, ու հավատում է, որ Սիսիանի լավ օրերը դեռ գալու են…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *