ՍԻՍԻԱՆՆ ՈՒ ՍԻՍԻԱՆՑԻՆ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ԸՆԿԱԼՄԱՄԲ (Բանաստեղծի ծննդյան 104 ամյակի առթիվ)

Համո Սահյանն իր 80-ամյա ապրած տարիների ընթացքում ընդամենը 14 տարի է անցկացրել իր հայրենի Լոր գյուղում: Ճակատագրի թելադրանքով նա փոխադրվել է Բաքու, անցել պատերազմի դժնդակ ճանապարհներով, հետո մշտական հանգրվան ընտրել մայրաքաղաք Երևանը: Ուր էլ գնացել է, որտեղ էլ ապրել է, երբեք չի մոռացել իր փոքր հայրենիքը, իր Լորն ու իր Սիսիանը:

Հետաքրքիր է նշել, որ Սիսիանում անցկացրած ընդամենը 14 տարիներն այնպիսի անջնջելի հետք էին թողել նրա հիշողության մեջ, որ նրա` մասնավորապես վաղ շրջանի ստեղծագործություններն ամբողջապես թաթախված էին Սիսիանով` Լորով ու Լորաձորով, Որոտանով ու Որոտանի կիրճով, Աղոթարանով ու Գյազբելով, սարերի ուսին հենված սարերով, ձորերի մեջ մխրճված մթին ձորերով: 60-ական թվականների վերջերից եւ 70-ական թվականների սկզբներից  նա ամբողջովին վերստին կապվեց Սիսիանի հետ: Նրան կրկին այստեղ բերեց նրա համագյուղացի, կուսշրջկոմի առաջին քարտուղար Կիմ Հովհաննիսյանը, որին Վարպետը շատ էր ընդունում: Ջրային տնտեսության բնակելի շենքից նրան էր հատկացվել մեկ սենյականոց բնակարան, որտեղ ապրում եւ ստեղծագործում էր:

Նա վերստին Սիսիան եկավ: Չգալ էլ չէր կարող: Սա նրա աշխարհն էր, նրա բանաստեղծական աշխարհի սկզբնավորման ու ձևավորման մթնոլորտը: Նա չէր թաքցնում, որ իր բանաստեղծական աշխարհի ձևավորման վրա մեծ դեր են խաղացել Սիսիանն ու սիսիանցիները: 1975 թվականին, Սիսիանի կուսշրջկոմի նիստերի դահլիճում կազմակերպած հանդիպման ժամանակ, նա մեկ անգամ ևս Սյունիքն ու Սիսիանը համարեց իր ստեղծագործության ակունքը, աշխարհն ու տիեզերքը տեսնելու ամենաբարձր դիտակետը: Հենց այդ դիտակետից էր, որ նա լեռնաշխարհը վերածեց բանաստեղծական աշխարհի, Թումանյանի Լոռու և Իսահակյանի Շիրակի կողքին մեր պոեզիայի մեջ ամրագրեց Սիսական աշխարհը, որը ոչ թե սոսկ աշխարհագրական մի տարածք էր, այլ Վահագն Դավթյանի բնութագրմամբ՝ աշխարհի ընդհանրացված խորհրդանիշ ու կերպար:

Առաջին անգամ նրա հանդիպել եմ 1971 թվականին, երբ աշխատում էի «Որոտան» շրջանային թերթում: Դրանից հետո հաճախակի դարձան իմ հանդիպումները բանաստեղծի հետ: Չեմ հիշում որևէ տարի, որ նա հայրենիք չգար: Մի կողմից նրան այստեղ էր ձգում հայրենիքի կարոտը, մյուս կողմից էլ՝ հենց իր բնորոշմամբ՝ լցվելու և դատարկվելու տրամադրող մթնոլորտը:

1Հայաստանի ամեն մի կտորն ինձ համար ծննդավայր է,- ասում էր նա: Իսկ Սիսիանը համարում էր ծննդավայր աշխարհի ապավեն: 1989 թվականի ամառն այտեղ անցկացնելուց հետո, երբ նրան կրկին ճանապարհում էինք Երևան, իր հրաժեշտի  խոսքի մեջ հետևյալն ասաց. «Հայաստանի հենց էս հատվածում պետք է ծնվեի: Նույնիսկ Տաթևում էլ  չէի ուզի ծնված լինել, թեև Տաթևը անունով ավելի ճանաչված է: Աշխարհի ապավենն էս է»: Պահպանվել է այս հանդիպման ժամանակ նրա խոսքի ամբողջական ձայնագրությունը:

Մեկ ամիս հետո՝ հոկտեմբերի 14-ին, նա կրկին Սիսիան եկավ: Այս անգամ արդեն Սիսիանին և Լորին ծանոթացնելու նպատակով այստեղ էր բերել սփյուռքահայ երկու գրողների՝ արձակագիր Հակոբ Կարապենցին և բանաստեղծ Վահրամ Հաճյանին: «Կողքից դիտող մեկը միշտ պետք է լինի» -,  ասում էր նա: Իսկ մի քանի օր «կողքից դիտելուց» հետո Սիսիանից հյուրերի ստացած լավ տպավորությունից մանկան պես ոգևորվել էր: Նույնիսկ առաջարկեց, որ նրանք այդ մասին պատմեն նաև ամերիկյան ընթերցողին:

Իր ծննդավայր Լորի հանդեպ ունեցած զգացումները նա երբեք չէր  բարձրաձայնում: Երբ 1989 թվականի ապրիլին փորձեցինք նրա 75 ամյակը նշել Սիսիանում, չհամաձայնեց: «Չէ, համաձայն չեմ: Հանրապետությունը սգի մեջ է»,-ասաց նա: Նկատի ուներ երկրաշարժը:  Ասացի, որ շրջանային թերթում էջ է պատրաստվում:2

-Բոլոր թերթերին մերժել եմ: Մերժել եմ նաև «Խորհրդային Հայաստանին», բայց շրջանային թերթին մի բան կտամ,- ասաց ու ինձ մեկնեց ձեռագիր այս  բանաստեղծությունը, որը հետագայում տպագրվեց նրա «Ինձ բացակա չդնեք» ժողովածուի մեջ:

…Անգամ հյուրանոցի չորս պատերի ներսում նա մաշկով զգում և տեսնում էր ողջ լեռնաշխարհը, նրա յուրաքանչյուր ծալքը, ակոսը, կածանն ու թուփը, անգամ` քարափի պռնկից կախված մասրենու կաթոցը: Սիսիանը ճանաչում էր այնպես, ինչպես այգեպանն  իր յուրաքանչյուր պտղատու ծառը: 1990 թվականի ապրիլի 13-ին սփյուռքահայ բանաստեղծ Վահրամ Հաճյանի «Ճակատագիրը» բանաստեղծությունների ժողովածուի`  Սիսիանում քննարկման ժամանակ խոսելով այդ մասին նա նշեց հետևյալը. «Սիսիանի ամեն քարը իմ կենսագրությունն է, իմ պատմությունն է, իմ հեր ու մերն է: Արարատյան դաշտավայրով, երբ գնում եմ, ննջում եմ վարորդի մոտ: Աչքս բացում եմ, նայում եմ ու թվում է, թե` նույն տեղում եմ: Բայց մեզ մոտ, եթե ասենք, մի քանի ժամ մեքենայում քնեմ ու աչքս բացեմ և աչքս ընկնի մի քարի, կիմանամ, թե որտեղ եմ գտնվում: Այսքան հարազատ է ու ճանաչելի»: Նրա այս  ելույթի ամբողջական տեսագրությունը ևս բարեբախտաբար պահպանվել է:

Սիսիան գալու առաջին օրերից նա կազմում էր բնաշխարհ այցելելու իր ժամանակացույցը: Հետաքրքիր է նշել, որ համարյա ամեն տարի նրա այցելությունների  ցանկի  մեջ մտնում էին Սալվարդ, Գյազբել ու Տատնա սարերը, Շաքեի ջրվեժը, Լորաձորը, Որոտնա և Թանահատի վանքերը, Վաղատնիի և Բռնակոթի այգիները:

 

3 30118415_1303454373132495_1257395562_n 5

Նկարներում – ձախից`աջ – Շաքեի ջրվեժում, Վաղատնիի և Բռնակոթի այգիներում

Բնաշխարհի հետ նրան ձգում էին նաև հողում դեռ արմատներ ունեցող իր բնաշխարհի մարդիկ: Իր ծննդյան 60-ամյա հոբելյանին նա սիսիանցիներին բնութագրելով որպես առուծախից, խաբեությունից, կեղծիքից ու ամեն տեսակ ախտ ու վարակից զերծ մարդիկ, շնորհակալություն հայտնեց նրանց, որ հենց այդ շնորհներն է իրեն հնարավորություն տվել իրենց փոխարեն այդ մասին խոսել աշխարհների, ազգերի, սերունդների հետ: Դիմելով հայրենակիցներին նա նշեց նաև. «Մինչև անգամ «քաղաքակիրթ» աշխարհների տերերը շատ բան ունեն ձեզանից սովորելու: Նրանք ձեզանից պիտի խղճի, ամոթի, արժանապատվության դասեր առնեն, արարել ու առաքել սովորեն ձեզանից, հարստանալ սովորեն ոչ թե առածով, այլ` տվածով»:

1986 թվականին տպագրության էի պատրաստել «Սիսիան» տեղեկատու – ուղեցույցը:   Շրջանի և նրա մարդկանց մասին խոսք էին ասել նաև Վահագն Դավթյանը, Հրանտ Մաթևոսյանը, Սոս Սարգսյանը և մեր հայրենակից ակադեմիկոս Գրիգորի Ղարիբյանը: Խնդրեցի, որ մի բան էլ Վարպետը գրի, գրքում զետեղելու համար: Հաջորդ առավոտյան  ինձ հանձնեց 2 ձեռագիր էջ՝ վերնագրված այն «Շնորհակալ եմ ճակատագրից»: Նա իր հակիրճ խոսքի մեջ տվել էր սիսիանցիների խառնվածքի ճշմարիտ գնահատականը՝ իր ասելիքը եզրափակելով հետևյալ տողերով. «Սիրելի, սիրելի  սիսիանցիներ, ինչքան բան ունի այս խառնիխուռն, այս ամբարտավան ժամանակների  մարդը ձեզնից սովորելու: Ձեր չկորցրածը, ձեր պահպանածը նահապետականություն չէ, ծիսական խեղճություն  չէ, այլ` կատարյալ մարդկայնություն, որ մարդուն պետք է գալու ամենուր և ամեն օր, քանի կյանքը կա:  Ճակատը համբուրելի ժողովուրդ է Սիսիանի ժողովուրդը: Եվ ես շնորհակալ  եմ ճակատագրից, որ այդ ժողովրդի զավակն եմ և նրա երազաշատ ապրումների թարգման բանաստեղծը»:

6Նա գալիս էր Սիսիան, և Սիսիան էր փոխադրվում մի ողջ գրական-գեղարվեստական, մշակութային աշխարհ: Նրան տեսության եկած գրողներն ու արվեստագետները` Վահագն Դավթյանը, Հրանտ Մաթևոսյանը, Սերո Խանզադյանը, Հակոբ Հակոբյանը, Ռազմիկ Դավոյանը, Տիգրան Մանսուրյանը, Ջիվան Գասպարյանը, Ռուբեն Հովսեփյանը, Ֆելիքս Մելոյանը, Հրաչյա Հովհաննիսյանը և շատ ուրիշներ, իրենց հանդիպումներով կարողանում էին լցնել Սիսիանի հոգևոր աշխարհի բացը:

Հետաքրքիր էր նրա` ամբարած երևակայությունը թղթին հանձնելու կերպը: Այդքան լինելով նրա կողքին, երբեք չեմ տեսել գրիչը ձեռքին՝ բանաստեղծություններ գրելիս: Աշխարհից ստացած ընկալումները համակարգչային ճշգրտությամբ պահում էր իր բանաստեղծական երևակայության մեջ և հիմնականում առարկայացնում գիշերները, հյուրանոցի չորս պատերի մեջ, երբ աշխարհը խոր նիրհի մեջ էր, երբ ինքն իր հետ էր: Մեղվաբույծները պնդում են, որ մեղուն նեկտարը մեղրի է վերածում գիշերները: Ըստ էության մեղվի այդ հրաշագործ բնական բնազդն իր արյան մեջ կրում էր նաև բնությանն  այդքան ձուլված բանաստեղծը:

Նա հաճախ էր կրկնում, որ բանաստեղծությունը Սարմենի, Գրաշու կամ Հակոբ Հակոբյանի ոտանավաորները չեն, որ անգիր սերտես: Բանաստեղծությունը պետք է դնել  բարձի տակ, հանել և կարդալ այն ժամանակ, երբ դրա կարիքը զգում ես: Ամեն անգամ կարդալիս մի նոր բան կարող ես գտնել նրա մեջ: Այդպիսինն է հենց նրա պոեզիան. ամեն անգամ կարդալիս մի նոր բան ես գտնում նրա ոչ միայն ամեն քառատողի, այլև՝ տողի և անգամ՝ բառի տակ:

Հաճախ հյուրանոց էի գնում նրան տեսության: Մի անգամ սկսեց խոսել համաշխարհային գրականությունից: Ինձ թվում էր, որ ես լսում եմ համալսարանի այն ժամանակվա համաշխարհային գրականության պատմության մեր դասախոս Յուզբաշյանին, միայն այն տարբերությամբ, որ էության փոխարեն  ունկնդիր էի էության խորքային վերլուծությունների: Հայ արձակի գլուխգործոց համարում էր Հրանտ Մաթևոսյանին,  նրա  արձակը համեմատելով այն հորի հետ, որի հատակը չի երևում: Դա մի հակիրճ գնահատական է, որ կարելի է վերագրել հենց նրա պոեզիային: Սիսիանում նրա 60 և 70 ամյա հոբելյաններին, որոնք, ի դեպ, այստեղ նշվել են հենց նրա ցանկությամբ, գնահատանքի շատ խոսքեր հնչեցին: 60-ամյա հոբելյանին Սերո Խանզադյանը նշեց. «Եթե Զանգեզուրում տարին երաշտ լինի, Սիսիանը կկարողանա իր հացով կերակրել ողջ լեռնաշխարհը, իսկ եթե  հայոց պոեզիայի երկնակամարում 100 տարի երաշտ լինի, հանրապետության հոգևոր սովը Համոյի պոեզիան կարող է կերակրել»:

Իսկ 70-ամյա հոբելյանին Վահագն Դավթյանի գնահատականն այսպիսինն էր. «Համո Սահյանի տողերը հաճախ այնքան են սեղմ, զուսպ, անզարդ, զերծ ավելորդություններից, որ թվում է՝ քարի վրա գրելու համար են ստեղծված»:

78

Նկարներում` Սիսիանում Վարպետի 70-ամյա հոբելյանի օրերին

… Իր պոեզիայի պես ինքնատիպ էր նաև նրա մարդկային խառնվածքը: Բնությունը նրա մեջ մարմնավորել էր մարդ արարածի կատարելատիպը, կամ հենց իր բնորոշմամբ` «Կատարյալ մարդու, մարգարեի, Աստծո հավակնորդը լինելու շնորհը»: Համեստ էր թե խառնվածքով և թե կենցաղում: Քչով, շատ քչով բավարարվող մարդ էր նա: Հանդիսություններ չէր սիրում, դժկամբությամբ էր լսում իր հասցեին հնչող բոլոր տեսակի գովեստներն ու ճոռոմաբանությունները: Հոգևոր-մշակութային այդպիսի հսկա ժառանգության կողքին նրա նյութական ժառանգությունը Երևանի Աղայան փողոցի վրա գտնվող երկու սենյականոց բնակարանն էր և Լորում պապենական տան կողքին կառուցած համեստ կիսակառույցը, որը հետագայում բարեբախտաբար վերակառուցվեց և վերածվեց տուն-թանգարանի: Ի դեպ, թանգարանի ստեղծման գաղափարի մասին առաջարկություններ էին հնչում նաև նրա կենդանության օրերին: Իսկ Վարպետը միշտ այդ առաջարկություններին հեգնանքով էր պատասխանում: Դեռևս 1986 թվականի օգոստոսին` նոր ուսումնական տարվա նախօրյակին, բանաստեղծը հանդիպում ունեցավ շրջանի դպրոցների տնօրենների և հայոց լեզվի ու գրականության ուսուցիչների հետ: Հանդիպումից հետո տարբեր հարցեր ուղղվեցին Վարպետին:

Գետաթաղ գյուղի դպրոցի տնօրեն Գուրգեն Առուստանյանի այն հարցին, թե Վարպեըը չի՞ պատրաստվում Լորում տուն-թանգարան հիմնել, կիսաժպիտ պատասխանեց.

9Թե որ հիմնեցի, հետո մեջն ի՞նչ եք դնելու: Բարեբախտաբար թե գյուղի ղեկավարության և թե մշակույթի նախարարության ջանքերով հնարավոր եղավ բավականին մասունքներ հավաքել, որոնք այսօր ցուցադրվում են թանգարանում: Ուրախալի է նշել նաև, ու արդեն սկսվել են տուն-թանգարան տանող ճանապարհի վերակառուցման և ասֆալտապատման աշխատանքները:

Համոն այսօր էլ կա, մեր կողքին է, կա, քանի որ կան նրա երգած բնությունը, նրա մարդիկ, նրա անզուգական պոեզիան, որը նաև Սիսիանի և սիսիանցիների միջոցով  է նվաճել  համամարդկային արժեքների բոլոր չափորոշիչները:

ՀԵՆԶԵԼ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Սիսիան, հանրապետության ժուռնալիստների միության անդամ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *