ՍԻՍԻԱՆՈՒՄ ԲՈԼՈՐԸ ՆՐԱՆ ՀՈՊԱՐ ԵՆ ԱՍՈՒՄ…

Ու հարազատական, մտերմիկ այդ դիմելաձեւը նա Արցախյան պատերազմից է բերել, բերել է ու տանում է իր օրերի մեջ, իր կյանքի ու կենսագրության մեջ… Արցախյան ազատամարտի ռոմանտիկ նվիրյալների մեջ տարիքով մեծն էր, նրանց ռազմագիտության ուսուցիչն ու մարզիչն էր, եւ ծնողի ու ուսուցչի պես էր` ուշադիր, սրտացավ, հոգատար… Հոր պես էր… Ու այնպես բնական, այնպես սահուն, այնպես սազական ու վայելուչ վաստակեց Հոպար պատվանունը, որ այն մնաց-դարձավ դիմելաձեւ-անձնանուն: Շրջապատում նրան բոլորը Հոպար են ասում, ու բոլորը գիտեն, որ հոպարը Ֆելիքս Գրիգորյանն է: Հոպարը… Չի սիրում, որ իր մասին խոսում են, գրում են, առանձնացնում են: Չի սիրում խոսել ազատամարտի` իր մասնակցության մասին, բայց ժամերով կխոսի, կպատմի տղաներից… Ու որքան թանկ ու նվիրական հուշեր, դեպքեր, դեմքեր են ի պահ տրված նրա հիշողությանը…

Ապրիլյան քառօրյայի նախօրյակին Երեւանում էր, մարտադաշտ մեկնող Սիսիանի ջոկատի մարտական ընկերները, խնայելով տարիքը, նրան չէին տեղեկացրել: Լսել էր, վիրավորվել ու շուտափույթ վերադարձել- միացել ընկերներին, զինակիցներին… Առաջացած տարիքը երբեք նրան ետ չի պահել, ընդհակառակը, մտածել է, որ իր ներկայությունը, իր կենսափորձը, Հոպարի` իր դերը որեւէ տեղ օգտակար կլինի: Երբ մարտական ընկերները փորձել են ետ պահել, ասել է` հեչ որ չլինի, օջախը կվառեմ… Բայց միայն օջախը չէ, որ վառել է…

Պատմում են, որ քառօրյայի ժամանակ երբ լրագրողները առաջնագծում Սիսիանի ջոկատի տղաների մեջ տեսել են ճերմակազարդ Հոպորին, հիացմունքի ու զարմանքի խանդավառությամբ հարցրել են տարիքը, փորձելով կարեւորել այն հանգամանքը, որ այս տարիքում մարդը եկել է առաջնագիծ, Հոպարը հումորով պատասխանել է` կարող ա՞ պսակվում եմ, որ տարիք եք հարցնում… Նրան չճանաչողները հազիվ թե պատկերացնեին, որ Հոպարը ավելի շատ խուսափել է երեւալուց, իր մասին գրելուց, իրեն ցուցադրելուց, ինչի պակասը, հատկապես այդ օրերին, չկար… Կերպարով է ռազմիկ, հոգով զենքի մարդ է, զինղեկ է` էությամբ… տեսնես ի՞նչ կգրեին նրան չճանաչող լրագրողները, եթե իմանային, որ հրաժարվել է նաեւ մարտական ծառայությունների համար իրեն տրված մեդալներից ու շքանշաններից` միայն իրեն բնորոշ պատճառաբանությամբ…

Հոպարը 75 տարեկան է… Երեխայի հետ` երեխա, մեծի հետ` մեծ, զինվորի հետ` զինվոր… Սիսիանի ամենակոլորիտային մարդկանցից է, կերպար, ում գոյությունն ու ներկայությունը մեզ անընդհատ պիտի հիշեցնեն Արցախյան պատերազմի մեր հերոսական ու նվիրական էջերը, անդավաճան զինվորի մարդկային եւ մարտական որակները… 75-ամյակը նշող Հոպարը` Ֆելիքս Գրիգորյանը, մեր քաղաքի հարստությունն է… 75-ամյակդ շնորհավոր, Հոպար, մենք դեռ շատ պարտքեր ունենք քեզ վերադարձնելու …

«Որոտան»

 

Մեկ Արձագանքման ՍԻՍԻԱՆՈՒՄ ԲՈԼՈՐԸ ՆՐԱՆ ՀՈՊԱՐ ԵՆ ԱՍՈՒՄ… համար

  1. Seda says:

    Հպարտ եմ,որ ճանաչում եմ Ձեզ ։Շնորհավորում եմ,ցանկանում երկար տարիների կյանք։

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *