Սիսիանում նշվեց Հաղթանակի եւ խաղաղության տոնը

DSC05720

Հայոց զենքի եւ ոգու փառահեղ հաղթանակների մայիսյան եռատոնը նշվեց նաեւ Սիսիանում: Այդ հաղթանակների եւ հայոց անկախ պետականության հիմքերը իրենց արյամբ շաղախած մարտիրոսների հիշատակը հավերժացնող հուշարձաններին ծաղիկներ խոնարհելուց առաջ սիսիանցիները, համայնքային իշխանության ներկայացուցիչներն ու զինվորականները քաղաքի կենտրոնական հրապարակում ականատեսը եղան փոքրիկ հանդիսության, մեր հաղթանակներին եւ մեր զինվորների սխրանքներին նվիրված երգերի եւ բանաստեղծությունների կատարման: Ներկայացվեցին ռազմական պարեր: Ապա Հաղթանակի եւ խաղաղության տոնին նվիրված երթն ուղղվեց դեպի հաղթանակների խորհրդանիշ՝ Սիսիանի քաղաքային պանթեոն:

Սիսիանի զորամասի զինծառայող, դասակի հրամանատար Սուրիկ Մովսիսյանը շնորհավորեց հայոց բանակին եւ զինվորականներին՝ եռատոնի առթիվ, իր խոնարհումը հայտնեց բոլոր նահատակներին եւ մեր հաղթանակները կռող զինվորներին, նրանցից չբաժանելով ժողովրդին, քանի որ հայոց բանակն ու հայ ժողովուրդը մեկ ամբողջության երկու հավասարազոր հատվածներն են՝ մեկը մյուսով ամուր, մեկը մյուսով՝ պաշտպանված եւ մեկը մյուսով՝ պայմանավորված: Ժողովուրդը բանակի կողքին է, բանակը՝ ժողովրդի: Խոսելով մեր հարաբերական խաղաղության, մեր սահմաններին գրեթե ամեն օր զոհ ունենալու, մեր հակառակորդի ռազմադավ գործունեության մասին, Սուրիկ Մովսիսյանն ասաց, որ մեր նպատակը խաղաղությունը ոչ թե հարաբերական, այլ՝ կայուն դարձնելն է, բայց, ինչպես մեզանում, այնպես էլ աշխարհի լարված բոլոր անկյուններում, ուր պատերազմական գործողություններ են ծավալվում, զոհերն անխուսափելի են, դա է պատերազմի օրենքը: «Առանց զոհերի ռազմական, մարտական հաղթանակներ, ձեռքբերումներ չեն լինում: Ցավալի է, որ կորուստներ ենք ունենում, չմոռանանք, որ հակառակորդը նույնպես կորուստներ է ունենում: Երկրի սահմանները պահող բանակում առանց կորուտների չի լինում: Հանրահայտ խոսք կա, չէ, որ հայրենիքի ծառը երբեմն-երբեմն ջրվում է արյամբ: Մենք դա գիտակցում ենք, եւ պատրաստ ենք մեր արյունը տալ հանուն հայրենիքի»,-ասաց դասակի համանատարը:DSC05712

Զանգեզուրի կայազորի Աղիտուի հոսպիտալի բժիշկ Տիգրան Մատինյանը նշեց, որ պանթեոն է եկել իր հարգանքի տուրքը մատուցելու Շուշիի ազատագրմամբ Արցախի ազատագրման հիմքը դրած եւ հանուն հայրենիքի նահատակվածների հիաշտակին, ապա հարգանքի տուրք կմատուցի նաեւ Մեծ հայրենականի հաղթանակի հուշարձանին եւ կխոնարհվի հայրենականում զոհված մեր հայրենակիցների հիշատակի առաջ, ում հաղթանակը նախադրյալը դարձավ Շուշիի մեծ հաղթանակի եւ Արցախի հողի ազատագրման: Խոսելով զինվորական բժշկի աշխատանքի առանձնահատկության մասին, Տիգրան Մատինյանն ասաց, որ իրենք միշտ զգոն են եւ միշտ պատրարստ են… պատերազմի: «Ռազմական բժշկի համար խաղաղությունը նշանակում է ավելի լավ պատրաստվել, ավելի հմտանալ մասնագիտության մեջ, որովհետեւ ցանկացած պահի մենք պետք է պատրաստ լինենք մասնակցել ռազմական գործողության՝ օգնության հասնելու պատերազմի վիրավորին»: Զինվորական բժիշկը նշեց, որ մարտական գործողությունների ժամանակ եւ ընդհանրապես, վիրավորված եւ ողջ մնացած զինվորը, այսպես ասած, «թանկ զինվոր է», որովհետեւ նրա մեջ որակական երկու հատկանիշ է «գլուխ բարձրացնում՝ հայրենասիրությունը եւ վրեժի զգացումը» իրենց վիրավոր եւ զոհված ընկերների համար:

Որքան էլ դժգոհենք երկրում առկա բազում-բազմաթիվ խնդիրներից, որքան էլ չհաշտվենք անարդարությունների ու ապօրինությունների, հանրության մեջ խորացող անկումային երեւույթների հետ, հայոց զենքի հաղթանակներն ու հայ զինվորի անկոտրում ոգին են, որ ամուր են պահում մեր հաղթանակները եւ իմաստավորում հանուն հայրենիքի հեղած արյունը:

«Որոտան»

 

2,083 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *