ՍԻՍԻԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԸ

Մայիսը հաղթանակների ու տոների ամիս է, իսկ մայիսի 9-ը` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ Արցախի հանրապետության բանակի կազմավորման եռատոն:

Երբ աշխարհի առաջադեմ մարդկությունը, նաեւ` հայ ժողովուրդը, նշում են ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 73 ամյակը, հայերը առանձնակի բերկրանքով ու խանդավառությամբ նշում են հայոց զենքի փառավոր մի էջի` Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձը: 1992 թվականի մայիսի 9-ին Շուշիի ազատագրմամբ բեկվեց նաեւ արցախյան պատերազմի ընթացքը, եւ հանուն հայրենիքի մարտնչող հայ զինվորի ոգին դարձավ ավելի ամրակուռ ու անկոտրում:

Մայիսյան եռատոնը զինվորական շքերթով նշանավորվեց նաեւ Սիսիանում: Քաղաքի կենտրոնական հրապարակում հնչեցին մայիսյան եռատոնին նվիրված ողջույնի եւ շնորհավորանքի խոսքեր, կարեւորվեց տոների խորհուրդը:

Իրենց ողջույնի եւ շնորհավորանքի խոսքում Հայրենական պատերազմի վետերաններին, արցախյան հերոսամարտի մասնակիցներին, հայոց բանակի զինվորներին, հայ ժողովրդին եռատոնի կապակցությամբ շնորհավորեցին Սիսիանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպրոտի, երիտասարդության եւ առողջապահության բաժնի գլխավոր մասնագետ Արա Խաչատրյանը, ԵԿՄ Սիսիանի փոխնախագահ Սարգիս Աղաջանյանը, 60913 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ալիկ ԲաբայաDSC07320նը:

Արա Խաչատրյանը նշեց, որ ուղիղ 26 տարի առաջ հայկական բանակի ջոկատները, փայլուն ձեւով իրականացնելով «Հարսանիք լեռներում» օպերացիան, ազատագրեցին անառիկ ամրոց Շուշին` բեկելով պատերազմի ընթացքը, հայ զինվորի մեջ ամրապնդելով հաղթողի ոգին:

60913 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ալիկ Բաբայանը նշեց, որ Շուշիի ռազմագործողության մշակումն ու վարումը հայ ռազմական մտքի փայլուն հաղթանակն էր: «Համեմատաբար փոքր կորուստներով նվաճած հաղթանակը հավաստեց Լեռնային Ղարաբաղի հանրապետության ինքնապաշտպանական ուժերի անվիճելի առավելությունը: Հայոց հինավուրց բերդաքաղաքի ազատագրումը ռազմաքաղաքական եւ բարոյահոգեբանական մեծ նշանակություն ունեցավ ազգային-ազատագրական պայքարի այդ փուլում: Պատմության այդ փուլում Շուշիի ազատագրումը, Լաչինի միջանցքի բացումը հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի երկամյա խուլ շրջափակման օղակի ճեղքմանը, կյանքի ճանապարհի բացմանը, արհետականորեն մասնատված ժողովրդի գործնական միավորմանը: Շուշիի ազատագրումը հայտարարեց Ադրբեջանի` արցախյան հողատարածքի նկատմամբ հավակնությունների ավարտը: Շուշիի ազատագրումը օգնեց հայ ժողովրդի մարտական ոգու բարձրացմանը, հողմացրիվ արեց թվաքանակով, դիրքով եւ զինամիջոցներով գերակշռություն ունեցող հակառակորդին հաղթելու անհնարինության մասին հորինվածքը: Շուշիի ազատագրումով հայ ժողովուրդը վերստացավ ոչ միայն պատմական նշանակության մի քաղաք, այլեւ համայն հայությանը ոգեշնչող եւ միավորող գաղափար: Շուշիի ռազմագործողության արդյունքում քաղաքի ազատագրումը համաշխարհային հասարակությանը համոզեց Արցախի հիմնահարցի նպատակների ու խնդիրների անշրջելիությունը»,- ասաց 60913 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ալիկ Բաբայանը:

Համայնքային ենթակայության ստեղծագործական կենտրոնների սաները իրենց կատարումներով ապահովեցին տոնական տրամադրությունը:

Այնուհետեւ զինվորներն ու հաղթերթի մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական պատերազմում զոհված եւ Արցախյան գոյամարտում նահատակված հայրենակիցների հուշարձաններին եւ ծաղիկներ խոնարհեցին:

«Որոտան»

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *