Սիսիանում փորձում են խափանել թավշյա բարեփոխումները

Ինչ-որ անձինք կարծես աչք  ունեն Սիսիանի հիվանդանոցի կամ նրա զբաղեցրած տարածքի վրա և փորձում են ամեն գնով խափանել  այնտեղ սկսված թավշյա բարեփոխումների գործընթացը՝ ոստիկանությանը ներքաշելով  նախկին կառավարության սկսած, բայց ձախողած անառողջ խաղի մեջ…

Արդեն մի քանի օր է, որ առանց պատշաճ ծանուցագրերի Սիսիան քաղաքի ոստիկանություն են հրավիրվում  «Սիսիան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցներ՝ ինչ-որ բացատրություններ տալու:

Մարդիկ  չգիտեն՝ ում բողոքով, ինչ գործի շրջանակներում և ինչ կարգավիճակով են ոստիկանների հեռախոսազանգով հրավիրվում ոստիկանություն: Ընդամենը հայտնի է, որ իրավապահներին հետաքրքրում է երեքամյա երեխայի հետ կապված մի հարց. Lakmoes.am-ին  հասած տեղեկությունների համաձայն` հիվանդանոց տեղափոխված փոքրիկն արնահոսություն է ունեցել, և այդ առիթով անհետաձգելի բուժօգնության անհրաժեշտություն է առաջացել:

Չեն հապաղել, երեխային օգնել են, միաժամանակ երեխային վերաբերող համապատասխան փաստաթղթեր են պահանջել՝ ընդունված կարգով փաստաթղթային ձևակերպումները կատարելու համար: Սակայն այդ պահին փաստաթղթեր չեն ունեցել, քանի որ տեղի բնակիչ չեն եղել: Հիվանդանոցում երեխայի հարազատներին բացատրել են կարգը. այն է՝  եթե իրենց սպասարկման տարածքի կամ հիվանդանոցի շահառուն չեն, փաստաթղթեր չունեն, պետք է օրենքով սահմանված կարգով համապատասխան վճարում անեն:

Ու թեև երեխային օգնել են, բայց նրա հարազատներն այդպես էլ ոչ փաստաթղթերն են ներկայացրել, ոչ էլ գումարը վճարել: Դա եղել է 2018թ-ի հունիս ամսին:

Եվ այս պարագայում բողոքի ի հայտ գալը ոստիկանությունում, առնվազն տարօրինակ է: Ավելի շուտ՝ պղտոր ջրում ձուկ որսացող անհաջողակ «ձկնորսի»  է հիշեցնում…

Այժմ հիվանդանոցի կոլեկտիվը նոր կառավարության հետ ձեռնարկած՝ մարզային առողջապահության զարգացման և բնակչության սպասարկման որակի բարձրացման ծրագրերը թողած, պետք է գնա հարցաքննությունների: Ընդ որում, ոստիկանությունը շտապեցնում է…

Ի դեպ, վերջին 3 ամիսների ընթացքում, սովետական ԿԳԲ-ին բնորոշ խառնակիչ ու հնացած մեթոդներով՝  որոշ աշխատողների «դրդելու» միջոցով, ֆեյսբուքյան ինչ-որ գրառում մատնացույց  անելով, ինֆորմացիոն արհեստական արտահոսքեր կազմակերպելով, ինչ-որ անձինք փորձում են կազմալուծել հիվանդանոցի բնականոն գործունեությունը:

«Իրավաբան» ՍՊԸ-ի անունից ներկայացող փաստաբաններ տևական ժամանակ փորձում են հիվանդանոցի տնօրինությունից պարզել, իմ գնահատմամբ,  արհեստական հարցերի ինչ-որ շրջանակ…, որոնք կարծես կրկնում է ոստիկանությունը:

Մենք առաջիկայում դեռ կանդրադառնանք այդ փաստաբանների գործունեությանը… Իսկ մինչ այդ արդեն ակնհայտ է դառնում ինչ-որ անձանց շահագրգռվածությունը:

Հիշեցնենք, որ «Գազպրոմից» կառավարություն իջած Կարեն Կարապետյանը՝ որպես  վարչապետ վերջին շնչում ստորագրել էր  ազգադավ  մի որոշում, ըստ որի պետք է լուծարվեր Սիսիանի քաղաքացիական հիվանդանոցը և միավորվեր Աղիտու գյուղում գտնվող Զանգեզուրիզինվորական հոսպիտալին՝ առանց հաշվի առնելու հանրության շահն ու կարծիքը:

Խնդրին օպերատիվորեն արձագանքեց հուլիսի 5-ին Սիսիան այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հարցը պետք է լուծվի ի շահ սիսիանցիների՝ օրենքի շրջանակներում: Հաջորդ օրը բժշկական կենտրոն շտապեց ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը՝ խնդիրը շահագրգիռ կողմերի հետ քննարկելու և վերջնականապես լուծելու:

Թավշյա հեղափոխությամբ կասեցվեց միավորման գործընթացը, սակայն չփակեց շահագրգիռ ինչ-որ անձանց «ախորժակը» : Այժմ պարզ է, որ ինչ-որ մարդկանց հանգիստ չի տալիս հիվանդանոցի բնականոն գործունեությունը: Եվ առաջիկայում հավանաբար մենք ստիպված կլինենք՝ խորանալ այս պատմության հետևում կանգնած անձանց և նրանց հետապնդած բուն նպատակների մեջ:

Մինչ այդ, ոստիկանությանը հորդորում ենք՝ պատշաճ կատարել օրենքով տրված իրենց լիազորությունները՝ առանց խախտելու մարդկանց իրավունքները, և առանց խաթարելու հանրությանը սպասարկող բուժհիմնարկի բնականոն գործընթացը:

Միլենա Միլիտոնյան

աղբյուրը` lakmoes.am

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *