ՍԻՍԻԱՆՑԻՆԵՐԸ ԶԱՐՄԱՑԱԾ ԵՆ ՈՒ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ

2014 թվականի մարտի 8-ին մեծ շուքով ու հանդիսավորությամբ նշվեց Սիսական գնդի՝ 60913 զորամասի կազմավորման 20-ամյակը:
Գունդը ստեղծվել է 1994 թվականի մարտի 3-ին, երբ թեժ մարտեր էին ընթանում Ֆիզուլի -Հորադիզ ռազմաճակատում, և սիսիանցիները կենաց-մահու կռիվ էին մղում ադրբեջանցիների դեմ:
Գնդի ձևավորումից մինչև զինադադար՝ նորաստեղծ սիսական գունդը կռվի դաշտում հաղթականորեն պաշտպանեց իրեն վստահված պաշտպանական գոտին և այն մինչ այսօր համարվում է հայոց բանակի և Զինված ուժերի ամենամարտունակ զորամասերից մեկը:
Գունդը ստեղծվեց Սիսական  երկրապահ և զինվորներով համալրված մոտոհրաձգային երկու գումարտակների հիմքի վրա, ընդ որում, Սիսական երկրապահ գումարտակը 1991-94 թթ. համարվել է ամենամարտունակներից մեկը, որը երբեք պարտություն չի տեսել և մշտապես ապահովել է Արցախյան ազատամարտի կարևորագույն ռազմական գործողություններից շատերի հաղթանակը:
Ունենալով այդպիսի փառահեղ մարտական ու ծառայողական ուղի՝ Սիսական գունդն արժանի էր համապետական հարգանքի ու գնահատանքի, սակայն միջոցառմանը պետական ու ռազմական կարևոր այրերից  համարյա ոչ ոք չէր ներկայացել և սիսիանցիները հարց էին տալիս միմյանց՝ ինչո՞ւ ներկա չէ Սեյրան Օհանյանը, չէ՞ որ նա սիսիանցիների քաջագործություններին ականատես է եղել Մարտակերտում ու Քարվաճառում, Կուբաթլիում և Ֆիզուլիում:
Եվ մի՞թե բազում փորձություններով անցած տղաները պետք է գլխահակ ու վիրավորված խումբ-խումբ հեռանային հանդիսությունների հրապարակից:
Իհարկե, հերոսների հիշատակին արված մեծարանքները չպետք է չափվեն ու համեմատվեն, ներկայիս չինովնիկացած ղեկավարության վերաբերմունքով, սակայն սիսիանցիներին վիրավորել է նաև այն, որ հունվարի 28-ին Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում քաջաբար զոհված Կարեն Գալստյանի հուղարկավորությանը Սեյրան Օհանյանը չմասնակցեց:
Ի՞նչ է, բոլոր ժամանակներում հայրենիքի համար մարտնչած սիսիանցիներն արժանի չե՞ն ուշադրության, թե՞ իշխանավորները սիրում են միայն Երևանում ծավալել իրենց գործունեությունը:
Եվ  խաղաղ բնակիչները, և վետերան ազատամարտիկները, և զինծառայողներն ակնհայտ դժգոհ էին նման վերաբերմունքից: Սակայն անհրաժեշտ է նշել, որ միջոցառմանը բարձր տրամադրությամբ, հիացմունքով ու հայրենապաշտությամբ մասնակցում էին հազարավոր սիսիանցիներ, որոնք չէին թաքցնում իրենց հիացմունքն ու շնորհակալությունը՝ հայոց բանակից ու իրենց փառապանծ գնդից:

Արա Հարությունյան
www.armversion.am
13.03.2014

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *