ՍԼԱՎԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

Գեղեցիկի նկատմամբ անտարբեր չմնալն արդեն իսկ գեղեցիկ է: Եվ այդ գեղեցիկն է, որ իր ներսում կրում ու փայփայում է նկարիչը: Նկարիչը նկատում եւ դիտողին է ցուցադրում իր նկարածը: Իսկ նա գեղեցիկն է տեսնում իր ծննդավայրի բնության անկյունների մեջ, բնակիչների մեջ: Ապրում է մարդը, նայում շուրջը ու նկատում հոգի սնող տեսարաններ եւ պատկերում դրանք իր նկարներում:
Արվեստի զարմանահրաշ աշխարհը դեռ բազում ներկայացուցիչների կբացահայտի, ինչպես այսօր առնչվում ենք Սլավիկ Խաչատրյանի հետ: Հեռավոր Սիսիանում ապրում եւ ստեղծագործում է ինքն իր համար` մարդկանց համար: «Ինձ համար նկարչությունն ամեն ինչ է, կյանքն է»,- ասում է Սլավիկ Խաչատրյանը:
Ծնվել է 1946 թ.-ին: Սովորել է հայտնի արվեստագետ Զախար Խաչատրյանի մոտ: Այնուհետեւ ուսումը շարունակել է մանկավարժական ինստիտուտում` Ղուկաս Չուբարյանի, Հովհաննես Զարդարյանի մոտ: Սլավիկ Խաչատրյանը շուրջ 27 տարի դասավանդել է Սիսիանի գեղարվեստի դպրոցում: Նրա ցուցահանդեսները կազմակերպվել են Երեւանում, Գորիսում, հայրենի Սիսիանում:
Բնանկար աշխատանքներում նկարիչը հայրենիքի նկատմամբ տածած սերը պատկերում է իրապաշտորեն: Իր զգացմունքներն արտահայտում է գունեղ եւ խաղաղ տեսարաններով: Դիմանկարներում նկարիչն անդրադառնում է հայրենի լեռնահայաստանի իր ժամանակակից աշխատավորներին, հողի մշակներին:
Նրա նկարչությունում գեղարվեստական հիմնական միջոցը գույնն է, չնայած հեղինակը բնավ չի մերժում ամուր գծի կարեւորությունը: Գույնի միջոցով է նա արտահայտում իր հույզերը, իր ապրումները, որ ամփոփ կրում է իր ներսում: Այսպիսով, Սլավիկ Խաչատրյանը դիտողի ուշադրությունն է հրավիրում դեպի այն գեղեցկությունը, որոնք նկատել ու գնահատել է, որոնք արժեւորում եւ կարեւորում է:

Արմեն ԳԱՍՊԱՐՅԱՆ
Երեւան

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *