ՍԿՍՎԵ՞Լ, ԹԵ՞ ՎԵՐՍԿՍՎԵԼ Է ԿԱՄՐՋԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

Երկու պարագայում էլ այս հարցադրումը սխալ չի լինի, որովհետեւ թեեւ սկսկվել է Սիսիան քաղաքը եւ Սյունիք թաղամասը Ույծի համայնքին կապող երկար, շատ երկար սպասված կամրջի շինարարությունը, բայց կարելի է ասել, որ այն նաեւ վերսկսվել է… Դեռեւս խորհրդային տարիներին սկսված կամրջաշինության աշխատանքները համակարգի փլուզումից հետո այդպես էլ մնացին`  կանգնեցնելով միայն հենասյուները: Համակարգի փլուզումից հետո «ժառանգություն» մնացած խնդիրը չկորցրեց իր հրատապությունն ու կարեւորությունը:
ԵՎ  ահա ընթացիկ տարվա հունիս ամսին պետբյուջեի ֆինանսավորմամբ, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության պատվերով, նորից աշխատանքային եռուզեռ է Որոտանի վրա կառուցվող կամրջի շինհրապարակում:
Աշխատանքներն իրականացնող «Մոնտաժ տրանսշին» ԲԲԸ շինարարության պետ Ռուբեն Խաչյանը տեղեկացրեց, որ կամուրջն ունի ավելի քան 50 մետր երկարություն, 11 մետր լայնություն, աշխատանքները նախատեսված է ավարտել 2010 թ.-ի տարեվերջին: «Կամրջաշինությունն ինքնին դժվարին աշխատանք է: Դրան գումարվում է գետի հոսքը, բայց անում ենք ամեն ինչ, որ այն հուսալի եւ ամուր լինի եւ արժանանա  բնակչության հավանությանը: Համեմատեք մի քանի մետր ներքեւում գտնվող նախկին կամրջին եւ կպատկերացնենք աշխատանքների ողջ ծավալն ու դժվարությունները, նաեւ` հսկայական ու անհամեմատելի տարբերությունը»,- ասաց Ռուբեն Խաչյանը` հավելելով նաեւ, որ կամրջաշինության վրա աշխատող 10-15 հոգին հիմնականում ոլորտում մասնագիտացած մարդիկ են, ովքեր սրանից առաջ մասնակցել են Արաքս գետի վրա կառուցված Մարգարայի կամրջի աշխատանքներին:
Ավելորդ չէ ասել, որ կամուրջը ինքնին կապող օղակ է եւ հույս հայտնել, որ այն խորհրդանշական դեր կունենա ճգնաժամից դուրս գալու եւ տնտեսությունը զարգացնելու առումով:

Սեփ. լրատվություն

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *