ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՄԵՆԱՇԱՏ ՈՍԿԵՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐԸ ՍԻՍԻԱՆՑԻ ԷԻՆ

«Ինձ համար մեծ պատիվ էր միջազգային օլիմպիադաների մեդալակիրների, հանրապետական` «Մեղու» եւ «Կենգուրու» մրցույթների հաղթողների ու ավագ դպրոցների ոսկեմեդալակիրների հետ երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպմանը մասնակցելը,-ասում է Սիսիանի ավագ դպրոցի շրջանավարտ, ոսկեմեդալակիր Վիկտորյա Պետրոսյանը, ով արդեն վերադարձել է Սիսիան: -Հուզմունքն ու ուրախությունը միախառնված էին, բայց իշխողը հպարտությունն էր, քանի որ մենք բարձր էինք պահել մեր դպրոցի, մեր ուսուցիչների, եւ, անշուշտ, մեր քաղաքի պատիվը»,-հավելում է նա: «Հանդիպման ընթացքում 10 անգամ հնչել է Սիսիանի ավագ դպրոցի անունը` ամենաշատը Սյունիքի մարզից, քանի որ հանդիպմանը ներկա էր սիսիանցի 10 ոսկեմեդալակիր: Իսկ երկրի նախագահի եւ ԿԳ նախարարի ձեռքից մեդալները ստանալը կրկնակի պարտավորեցնող եւ պատասխանատու էր` ապագայում եւս արդարացնելու այն հույսերն ու ակնկալիքները, որ նրանք տածում են մեր սերնդի նկատմամբ,-ասում է Վիկտորյան եւ անթաքույց հպարտությամբ նշում նաեւ իր մեդալակիր ընկերների` Աննա Կարապետյանի, Էմմա Ումիտյանի, Արման եւ Մանե Դանիելյանների, Աշոտ Աթայանի, Գրիգոր Գրիգորյանի, Լիլիթ Ենոքյանի, Լիլիա Մամիկոնյանի եւ Շուշան Բաղդասարյանի անունները: «Մեկ ուրիշ սիսիանցի էլ կար,-ասում է Վիկտորյա Պետրոսյանը,- թեեւ նա ներկայացնում էր Երեւանի` ֆիզմաթ. հատուկ քոլեջը, բայց բոլորս ճանաչում էինք նրան եւ ուրախ էինք, որ Ռուբեն Կոստանդյանն էլ է սովորել Սիսիանում, եւ հետագայում է տեղափոխվել Երեւան»:
Հարցին, թե ինչ զգացողությամբ է վերադարձել հայրենի քաղաք, Վիկտորյան ասաց, որ շատ հպարտ է, քայլում է գլուխը բարձր, բոլորն իրենց շնորհավորում են: «Մեր հաջողությունները Սիսիանինն են, մեր դպրոցինը եւ մեր ուսուցիչներինը»,-ասում է Վիկտորյան եւ հույս հայտնում, որ բարձրագույն կրթությունը ստանալուց հետո էլ կանեն ամեն ինչ` երկրին, հայրենի քաղաքին օգտակար լինելու համար:
«Որոտանի» խմբագրությունը նույնպես շնորհավորում է այս փայլուն երիտասարդներին` ցուցաբերած մեծ կամքի, անդուլ եռանդի ու անկոտրում ջանքերի շնորհիվ ոսկե մեդալները պաշտպանելու եւ հայրենի քաղաքի ու դպրոցի անունը բարձր պահելու համար:
«Որոտան»
28.08.2015

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *