ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՄԵՆԱԲԱՐՁՐԸ ՍԻՍԻԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆ Է

Այս տարվա մարտի 25-ից 29-ը ներառյալ Սիսիանի քաղաքային համայնքի ենթակայության կազմակերպություններում, նաեւ՝ մանկապարտեզներում, հիմնադրի համապատասխան կարգադրությամբ ( 2013 թ. մարտի 25-ի թիվ 37 (Ա), սովորողների շրջանում սուր շնչառական վարակների, մասնավորապես գրիպով հիվանդության տարածման միտումները հաշվի առնելով, դադարեցվել էին ուսումնական գործընթացներն ու պարապմունքները: Գործատուի կողմից մեկ շաբաթ տեւած հարկադիր պարապուրդը, համապատասխան կարգադրությամբ, սակայն, չի «խանգարել», որ մանկապարտեզներում մարտ ամսվա 16 աշխատանքային օրվա համար մեկ երեխայից գանձեն այնքան վարձավճար, որքան գանձվում է ավագանու կողմից սահմանված՝ մեկ լրիվ աշխատանքային ամսվա դեպքում, այսինքն՝ 4500 դրամ:
Որոշ ծնողներ, ցույց տալով մարտ մասվա 4500 դրամ վարձավճարի՝ բանկային մուծման անդորրագիրը, մեր ուշադրությունը հրավիրեցին խնդրի վրա, միաժամանակ վրդովմունք հայտնեցին, որ ծնողը պարտավո՞ր է վճարել նաեւ իր երեխայի՝ «չուտել-չխմելու» համար այն դեպքում, երբ երեխան ոչ թե իր կամքով ու ցանկությամբ է «չկերել-չխմել», այլ՝ հիմնադրի  «մեղքով»:
Հիմնվելով համապատասխան օրենքներին եւ սահմանադրությանը, բարձրացված խնդրին վերաբերող որոշ տեղեկություններ ստանալու նպատակով, որը, ի դեպ, ոչ պետական գաղտնիք էր, ոչ՝ մանկապարտեզի տնօրենի իրավասություններից դուրս պահանջ, պատշաճ կարգով, նամակ ենք ուղարկել Սիսիանի համայնքային ենթակայության թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Արեւիկ Գասպարյանին: Մեր կողմից ի պաշտոնե նրան հասցեագրված նամակը մանկապարտեզի տնօրենը հրաժարվել է ստանալ, եւ Սիսիանի փոստային ծառայությունը «մերժված» նամակը ետ է վերադարձրել մեզ: (Արեւիկ Գասպարյանը, հավանաբար, մանկապարտեզը շփոթել էր իրենց տան հետ): Նույն պահանջով, դարձյալ պատշաճ կարգով, երկրորդ նամակն ենք ուղարկել թիվ 1 մանկապարտեզի տնօրենին՝ այս անգամ «Որոտան» թերթի խմբագրության անունից: Պաշտոնեական նամակը վերցնել հրաժարվելու երկրորդ «փորձը» կանխել է միայն փոստատարը, պնդելով՝ «կպատասխանես, թե՝ ոչ, դա քո գործն է, բայց նամակը հասցեատիրոջը հասցնելը իմ գործն է»:
Թիվ 1 մանկապարտեզի տնօրենը, իր ղեկավարի կողմից բազմիցս «ներման արժանացածի» իր «ինքնահավան ու ինքնավստահ կարծիքով», հավանաբար, փորձել է «արհամարհել» իր «ազնվագույն, բարի, արդար» (նրա կարծիքն է Աղասու մասին) ղեկավարին  «չհարգող» «Որոտանի» խմբագրին, սակայն՝… ինքն է ընկել է իր փորած փոսը:
Եվ միայն այն բանից հետո, երբ թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Արեւիկ Գասպարյանը Սյունիքի մարզի հնդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից առաջին նախնական դատական նիստին մասնակցելու ծանուցագիր է ստացել, այսինքն, երբ «գործը հասել է դիվան բաշուն…», նոր միայն «գլխի է ընկել», որ ինքը Սիսական չգիտեմ որ հասցեի բնակիչ Արեւիկը չի, ոչ էլ՝ իր ղեկավարի «ներմանն արժանացած արտոնյալը», այլ՝ թիվ 1 մանկապարտեզի տնօրենը, ով որոշակի պարտականություններ ու լիազորություններ ունի, եւ որի կատարումը կամ՝ չկատարումը իր անձնական խնդիրը չէ, ոչ էլ՝ իր ղեկավարի «քմայքը»: Եւ, ցավոք, միայն դրանից հետո է «ոտուձեռ  ընկել» իր ամենահարգարժան հարազատներին ու բարեկամներին, ովքեր նաեւ ինձ են բարեկամ, «միջնորդ բռնել», որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից ետ վերցնենք դատարանի միջոցով տեղեկատվություն ստանալու «Որոտան» թերթի դիմումը՝ չափազանց անհարմար վիճակի մեջ դնելով նաեւ նրանց:
Արեւիկ Գասպարյանն, իրականում, իմացել է տնօրենի իր պարտականությունները: Բայց վախեցել է իր ղեկավարից, քանի որ նա, աշխատանքից ազատելու սպառնալիքով, արգելել էր տնօրենին պատասխանել «Որոտանի» նամակին, ինչը, սակայն, նրան «չի ապահովագրել» որպես պատասխանող կողմ դատարան ներկայանալուց…:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն, իհարկե, մեզ տրամադրեց մեր պահանջած անհրաժեշտ տեղեկատվությունը, սակայն դեպքերի՝ վերը նշված նկարագրության տակ, ցավոք, թաքնված է խնդրի ամենացավոտ կողմը՝ Սիսիանի համայնքային ենթակառույցներում տիրող «ֆեոդալական-վասալական» բարքերը, որը, ինչպես արտահայտել է ենթակառույցներից մեկի ղեկավարը, անգամ Լավրենտ Սարգսյանի օրոք այդպես չէր, ինչպիսի արատավոր բարքեր որ «ներդրեց» գործող «ընտրված» քաղաքապետը:
Ի պատասխան՝ որքան վարձավճար է գանձվել մեկ երեխայից մարտ, նաեւ՝ հունվար, ամիսների համար մեր հարցադրման՝ մանկապարտեզի տնօրենը դատարանի միջոցով մեզ է տրամադրել «ինքնաշեն» մի «փաստաթուղթ», որտեղ, վկայակոչելով հաստատության եւ ծնողի միջեւ կնքվող օրինակելի պայմանագրի 1.9 կետը գրել է՝ «երեխայի ոչ լրիվ հաճախելու դեպքում գանձումը կատարել ըստ հիմնադրի կողմից նախատեսված վարձավճարի չափի»: Այսինքն՝ 4500 դրամ:
Սակայն նույն այդ՝ հաստատության եւ ծնողի միջեւ կնքվող օրինակելի պայմանագրի 1.9 կետը իրականում ասում է՝  մեջբերում ենք՝ «սահմանել հաստատություն երեխայի հաճախման գրաֆիկը. Սահմանել երեխայի բացակայության դեպքում վճարի վերահաշվարկի պայմանները»:
Բայց տնօրենը, «իր ղեկավարի ներմանն արաժանացածի «դաբրոյով» իրեն ապահովագրած», զբաղվել է ինքնագործունեությամբ՝ «մոգոնելով» եւ մեզ ներկայացնելով օրինակելի պայմանագրի իր «հորինվածքը», որով խախտել է պայմանագիրը, շրջանցել  նրա պահանջները՝ վերահաշվարկ չկատարելով: Իսկ մասնավորաբար այս դեպքում խոսքը ոչ թե երեխայի «ոչ լրիվ հաճախման մասին է», այլ՝ գործատուի կամ՝ հիմնադրի կողմից հաճախումները դադարեցնելու մասին, ինչը, ինքնստինքյան, անգամ, առանց որեւէ լրացուցիչ հրահանգի կամ՝ պայմանագրի որեւէ կետի վկայակոչման, վերահաշվարկ էր ենթադրում, ինչը չի արվել:
Ստացվում է, որ եթե 5 օր մանկապարտեզը չի գործել, երեխան չի հաճախել մանկապարտեզ, հաճախման տաբելում մանկապարտեզի աշխատողը ներկա չի ստացել, երեխայի հաճախման մատյանում երեխան ներկա չի ստացել, պահեստից սնունդ դուրս չի գրվել եւ ճաշացուցակ չի կազմվել, էներգիա չի ծախսվել, հաստատության դարպասը չի բացվել, որեւէ ծախս չի արվել երեխայի վրա, բայց ծնողը դրա համար նրան վճարել է մոտ 900 դրամ ավելի գումար: Դա բազմապատկեք քաղաքի բոլոր մանկապարտեզների հաճախումների թվով, եւ տեսեք, թե ամեն անգամ ինչքան գումարներ են հենց այնպես «պլոկում ծնողներից»: (Թիվ 1 մանկապարտեզում մարտ ամսին հաճախել է 72 երեխա՝ ըստ Արեւիկ Գասպարյանի ներկայացրած տեղեկանքի): Տնօրենը գտնում է, որ, միեւնույն է, այդ գումարը մնում է մանկապարտեզի բյուջեում, ուղղակի թե ինքը, թե իր ղեկավարը «մոռանում են», որ դա արվել է անօրինական, կանոնադրության խախտմամբ եւ երեխայի ու նրա ծնողի շահերի ոտնահարմամբ, ինչն այնքան սովորական երեւույթ է դարձել նրանց համար, որ արդեն «բնական է» համարվում:
Նույնը դատարանի դահլիճում հաստատեց նաեւ ինքը՝ մանկապարտեզի տնօրենը, ասելով՝ որ «քաղաքապետը լրացուցիչ կարգադրություն չի արել վերահաշվարկի համար», իսկ իր աշխատանքային պրակտիկայում չի հիշում վերահաշվարկ արած լինելու մի դեպք անգամ, ինչը, մեղմ ասած, ճիշտ չէ, քանի որ վերահաշվարկ չանելու ինքնակամ «սովորույթը» մանկապարտեզներում «ներդրվեց» դարձյալ Աղասու պաշտոնավարման օրոք: Իսկ եթե վերահաշվարկ չեն անում, կոպտորեն խատում են իրենց կանոնադրությունը, ծնողների հետ կնքած պայմանագիրը եւ երեխայի իրավունքները:
Իրենց ապօրինի քայլը սվաղելու նպատակով էր Արեւիկ Գասպարյանը դատարանի դահլիճում «արդարանում» նաեւ, որ ամենացածր վարձավճարը Սիսիանում է, Գորիսում, օրինակ, 6 հազար դրամ է: Մենք տեղեկացանք, որ այսօրվա դրությամբ ամենաբարձրը Սիսիանի մանկապարտեզների վարձավճարն է. Գորիս եւ Կապան քաղաքներում սահմանված է 4000 դրամ:
Կճուճի եւ խուփի հայտնի պատմությունն է …
Հաստատված վարձավճարի չափի մասին ավագանու որոշումը վկայակոչելը այս պարագայում, մեղմ ասած, անհաջող «ծածկոց էր» նման աղաղակող խախտումը «քողարկելու համար»: Հույս եմ տածում, որ սիսիանցիների կողմից ընտրված Սիսիանի ավագանին հետեւողականություն հանդես կբերի իր կողմից ընդունված որոշումը շահարկելու, ինչպես նաեւ՝ վերոնշյալ հարցի հանդեպ: Հակառակ պարագայում՝ պատասխանատվությունն ընկնում է նրա վրա:

Հ.Գ.  Իսկ Արեւիկ Գասպարյանն էլ գուցե կասի՞, թե ինչի՞ վրա են ծախսվում Սիսիանի «քյասիբ-քյուսիբ» ծնողներից «կլպած» գումարները…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
23.12.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *