Սյունիքում ապօրինի ծառահատումների դեպքով 3 անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական  վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Ճակատենի անտառպետության» թիվ 5 պահաբաժնում կատարված անտառահատումների մի շարք հանգամանքներ, հստակեցվում է առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ երեք անձի մեղադրանք է առաջադրվել։
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նախնական քննությամբ պարզվել է, որ 2015թ. օգոստոսի կեսերից սեպտեմբերի 20-նն ընկած ժամանակահատվածում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Ճակատեն» անտառպետության թիվ 5 պահաբաժնում, բենզասղոցի գործադրմամբ, մինչև աճի դադարեցման աստիճանն ապօրինի հատվել է 142 ծառ (կաղնի, բոխի և թխկի տեսակի)՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։
Քննությամբ պարզվել է ապօրինի անտառահատում իրականացրած անձանց ինքնությունը և 2015թ. հոկտեմբերի 15-ին առանձնապես խոշոր չափերով անտառահատում կատարելու կասկածանքով ձերբակալվել են Սյունիքի մարզի բնակիչներ Ա.Սարգսյանը և Վ.Աթաբեկյանը: Քննության արդյունքներով՝ վերջիններիս  հոկտեմբերի 18-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով, նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` Ա.Սարգսյանի և Վ.Աթաբեկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, ինչը մերժվել է:
Նախաքննությամբ  պարզվել է նաև, որ ապօրինի ծառահատումները հետևանք են դրանք կանխարգելելու պարտականություն ունեցող անձի կողմից դրսևորված անբարեխղճ վերաբերմունքի։
2015 թվականի հոկտեմբերի 20-ին ձերբակալվել է «Ճակատենի անտառպետության» թիվ 5 պահաբաժնի անտառապահ Անդրանիկ Մարգարյանը։ Նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ անտառապահը, օժտված լինելով ապօրինի անտառահատումները կանխարգելելու, ապօրինի հատված անտառանյութը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով առգրավելու և պահպանելու իրավունքներով, դրանց կատարման ընթացքում աշխատանքի հանդեպ ունեցած անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, թույլատրել և օժանդակել է իր պահպանությանը հանձնված անտառամասից ապօրինի, բենզասղոցի գործադրմամբ հատել նշված ծառերը։
Հոկտեմբերի 23-ին Ա.Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-296-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
http://www.tert.am/am/news/2015/10/29/trees/1830256

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *