ՍՈՎԱԾ ՄԱՐԴՈՒ ԱՌՋԵՎ ՀԱՑ ԵՆ ԴՆՈՒՄ ԵՎ ԱՍՈՒՄ ԵՆ … ՄԻ՛ ԿԵՐ

Հարցազրույց թիվ 12 ընտրատարածքում ՀՅԴ վարկանիշային ցուցակով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու ԱՐՏԱԿ ՍԱՄՎԵԼԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ

-Հարգելի Արտակ Սարգսյան, դու ընդրգրկված ես ԱԺ պատգամավորների ե՛ւ ՀՅԴ համապետական, ընդ որում՝ գրեթե առաջին տասնյակում (11-րդ տեղ), ե՛ւ թիվ 12 ընտրատարածքի՝ ՀՅԴ վարկանիշային ցուցակներում: Քեզ համար ո՞րն է կարեւոր եւ առաջնային:

-Վարկանիշային բոլոր թեկնածուներն ընդգրկված են նաեւ համամասնական ցացակներում, եւ որեւէ տարբերություն չկա, թե ցուցակի որ համարն ենք զբաղեցնում: Մեր խնդիրը կուսակցության համար ձայներ ապահովելն է, որպեսզի Հայ Հեղափոխական Դաշնակցությունը կարողանա արժանապատիվ տեղ գրավել առաջիկա ԱԺ-ում, քանի որ այն էապես տարբերվելու է նախորդ ազգային ժողովներից, եւ այստեղ են որոշվելու երկրի կարեւորագույն ղեկավար դեմքերի՝ վարչապետի, նախագահի ընտրության հարցերը: Ընդհանրապես՝ երկրի քաղաքական կյանքում տեղ գրավելու համար շատ կարեւոր է, որ դաշնակցությունը հավաքի շատ ձայներ ինչպես ԱԺ-ում, այնպես էլ, եթե հնարավորություն ընձեռվի, կոալիցիա կազմել եւ ներգրավվել կառավարության մեջ: Բարեփոխումների այն գործընթացը, որ սկսել ենք շուրջ մեկ տարի առաջ, պիտի կարողանանք հասցնել տրամաբանական ավարտին: Խոսքը սահմանդրական նոր կարգի հաստատման, եւ, ընդհանարապես, երկրում նոր որակի իշխանության ձեւավորման մասին է: Որպես հավաքական օրենսդիր մարմին, շատ կարեւոր է ազգային ժողովը, որտեղ կստեղծվի իրական կոալիցիա, եւ քաղաքական երկու-երեք ուժ կկարողանան միասնաբար հավասարակշռված երկրի ղեկավարումը ստանձնել: Գրեթե նույնչափ կարեւորում եմ նաեւ ընդդիմության դերը, քանի որ այս ժամանակահատվածում Հայաստանի կառավարման քաղաքական համակարգի հիմնական բացերից մեկն էլ այն էր, որ քաղաքական ընդդիմությունը, որպես այդպիսին, չի ունեցել հստակ սահմանված կարգավիճակ: Նոր ազգային ժողովում ընդդիմությունը պետք է ունենա 30 % տեղ եւ կարեւորագույն լծակներ, ինչը կհավասարակշռի իշխանությունը:

-Դու եղել ես մանկավարժ, աշխատել 17155237_10206600451890168_1121251516200647057_nես Սիսիանի թիվ 1 միջնակարգ դպրոցում, հետո փոխել ես աշխատանքիդ թե բնույթը, թե՝ ուղղվածությունը, այժմ զբաղվում ես նաեւ գիտական, հասարակական գործունեությամբ: Որպես դաշնակցական՝ քո դերն ու տեղը ավելի շատ որտե՞ղ ես կարեւորում:

-Սիսիանում աշխատանքային գործունեությունս սկսվել է Նիկողայոս Ադոնցի անվան պատմության թանգարանից: Ապա տեղափոխվել եմ Սիսիանի թիվ 1 միջնակարգ դպրոց որպես փոխտնօրեն եւ մանկավարժ: Հետո գործունեությանս ոլորտը կտրուկ փոխվել է, եւ  2003 թ.-ից մինչ օրս աշխատում եմ սոցիալական ոլորտում: Հինգ տարի աշխատել եմ «Նորք» տեղեկատվա-վերլուծական կենտրոնում որպես աշխատակազմի ղեկավար, 2008 թ.-ից ղեկավարում եմ սոցիալական պաշտպանության վարչարարության՝ համաշխարհային բանկի վարկային ծրագիրը, որի շրջանակներում իրականացնում են սոցիալական ոլորտի կառավարման բարեփոխումները: Ուստի հիմա ինձ ավելի շատ պատկերացնում եմ սոցիալական ոլորտում, որովհետեւ, աշխատելով այստեղ, այս տարիների ընթացքում ավելի մեծ փորձառություն եմ ձեռք բերել:

-ՀՅԴ-ն, ինչպես շեշտում եք, գաղափարական կուսակցություն է: Դու 24 տարի դաշնակցության շարքերում ես: Քո՝ պատմաբան լինելը դեր ունեցե՞լ է ՀՅԴ-ին անդամակցելու:

-Միանշանակ: Պետական համալսարանում իմ ուսանողական տարիները համընկան ազգային մեծ զարթոնքին: Համալսարանի պատմության ֆակուլտետում այնպիսի մթնոլորտ էր, որ ե՛ւ ուսանողության, ե՛ւ դասախոսական կազմի մեջ դաշնակցությունը ծանրակշիռ դերակատարում ուներ: Իսկ պատմության ֆակուլտետը կարեւոր դեր ուներ ոչ միայն համալսարանում, այլ՝ ընդհանրապես ուսանողական շարժումներում: Այդ ժամանակ ձեւավորվեցին ուսանողական խորհուրդները, եւ ես հպարտ եմ, որ կանգնած եմ եղել դրանց ակունքներում: Համալսարանում եղել եմ առաջին ուսխորհրդի նախագահը: 1992 թ.-ին դիմել եմ անդամակցելու ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությանը, իսկ 1993-ին արդեն դաշնակցության շարքերում էի:

-Բոլոր ընտրություններից առաջ բոլորն ասում են՝ մենք լավն ենք, մենք միակն ենք, մենք ձեր փրկիչն ենք, ընտրվելուց հետո գրեթե բոլորը դառնում են «նույնանման»: ՀՅԴ-ն ինչո՞վ է տարբերվում, եւ՝ տարբերվո՞ւմ է արդյոք:

-Իհարկե՝ տարբերվում է: Մենք ոչ միայն ասում ենք, թե ինչ ենք ուզում, մենք ներկայացնում ենք նաեւ մեր պատմական հետագիծը, մեր երեկվա կատարածը, ներկայացնում մեր վաղվա  ծրագիրը: Խոսքը, որ ասվում է, խոստումը կամ ծրագիրը, որ ներկայացվում են, պետք է նաեւ արժեք ունենան: Բոլոր խոսողները ունե՞ն այն ներուժը, որ իրականացնեն իրենց ծրագրերը: Գրեթե բոլորի ծրագրերում կա Սփյուռքի խնդիրը, կա Արցախի խնդիրը, գրեթե բոլորը խոսում են համակարգային բարեփոխումների մասին: Սակայն այդպես ասողներից որեւէ մեկը Սփյուռքում չունի իր կառույցները, մինչդեռ՝  դաշնակցությունը 30 երկրում ունի իր կառույցները, քույր կառույցներ, Հայաստանի բոլոր քաղաքներում ունենք գրասենյակներ,  ունենք բարեգործական, երիտասարդական, ուսանողական, մշակութային կառույցներ, այսինքն՝ ունենք ցանց, ունենք ներուժ, ունենք փորձառություն: Դաշնակցությունն այն կուսակցությունն է, որ անցել է նաեւ բազմաթիվ փորձությունների միջով, եւ մեր կենսափորձը որեւէ այլ կուսակցություն չունի: Վերջին հաշվով՝ ունենք ավանդույթներ: Մենք պոպուլիզմով երբեք չենք զբաղվում: Ասում ենք այն, ինչը պետք է անել եւ հասկանում ենք, որ պետք է անել, ավելորդ խոստումներ չենք տալիս, թե մեկ ամսում երկիրը կփոխենք, անմիջապես կվերացնենք կոռուպցիան, բոլորին կգլխատենք, կուլակաթափ կանենք: Մեր խոսքը ծանրակշիռ է, հասկանում ենք, որ երկրում միայն կարմիր գծերը վերացնելով չէ, որ պիտի սկսենք ապրել: Պետք է լուրջ փոփոխություններ կատարել վերեւից, այսինքն՝ հովանոցը, քաղաքական համակարգը պետք է ճիշտ կառուցել, որ քաղաքականությունը կարողանա իր նպատակին ծառայել:

-Բայց այսօրվա քաղաքականության թիվ մեկ խնդիրը կարծես դարձել է ամբոխին հաճոյանալը:

-Մենք մեր հանրությանը ամբոխ չենք դիտում, մեր ժողովրդին շատ16641024_1514331141957841_2745379624315239758_n սիրով ենք վերաբերվել եւ վերաբերվում ենք: Եւ հաճոյանալու խնդիր չունենք: Մենք ասում ենք՝ համեմատեք բոլոր ուժերի անցյալը, ներկան եւ նրանց ծրագրերը: Մենք այսօր սկսել ենք մի գործընթաց, գիտակից մարդիկ դա տեսնում են, թե ինչ փոփոխություններ են կատարվում հենց իշխող քաղաքական ուժի ներսում, ինչպիսի նոր ծրագրեր, նոր գաղափարներ են հրապարակ եկել, անգամ՝ քաղաքական համակարգի փոփոխության գաղափարը, ինչը էական ազդեցություն է ունենալու Հայաստանի ապագայի համար: Այս ողջ տարիների ընթացքում քաղաքական ընդդիմության հիմնական խնդիրներից մեկը եղել է նախագահի հրաժարականը, հեռացումը կամ՝ փոփոխությունը: Մենք այդ խնդիրը, ըստ էության, լուծում ենք, բայց փոխում ենք ոչ միայն նախագահին, այլեւ՝ համակարգը, որովհետեւ մեկ անձն ունի գերիշխանություն, բոլոր թելերը գտնվում են նրա ձեռքում, մնացյալ համակարգերը ղեկավարվում են այդ մեկ անձի կողմից: Այդ հանգամանքը մեր երկրում եւ ընդհանրապես այս խոցելի աշխարհում բավականին խոցելի իրավիճակ է ստեղծում: Տեսեք՝ մեկ օրվա ընթացքում քաղաքական կուրս փոխվեց՝ եվրամիությունից անցանք եվրասիական միություն, ինչը խոսում է այն մասին, որ պետք  է ավելի կայուն, ավելի խոհեմ քաղաքական համակարգ որդեգրենք, որը նաեւ հարիր է մեր էությանը: 1918-20 թ.թ.-ին խորհրդարանական երկիր ենք եղել եւ կարողացել ենք բավականին կայուն իրավիճակ ստեղծել գոնե այդ 2 տարիների ընթացքում: Ընդհանրապես հայ ժողովուրդն ավելի շատ համայնքային կենսակերպ ունի: Համայնքային կենսակերպը կոլեգիալ որոշումներ կայացնելու խնդիրն է դնում:

-ԱԺ-ում մեր ընտրատարածքի պատգամավորները, մասնավորաբար՝ Սիսիանի տարածաշրջանի շահերը ներկայացնողները, առանձնապես աչքի չեն ընկել իրենց օրենսդիր գործունեությամբ եւ ակտիվությամբ՝ հիմնականում մնալով կոճակ սեղմողի կարգավիճակում:

-Ես չեմ կարող բոլորի փոխարեն խոսել, թող հանրությունը գնահատի: Բայց տարիների փորձառությունն ինձ բերել է այն համոզմունքին, որ ես կարող եմ աշխատել օրենսդիր մարմնում: Իմ կուսակցությունն արժեւորել, գնահատել է իմ կարողությունները, ու պատահական չէ, որ համամասնական ցուցակում 11-րդ տեղում է ներառել ինձ, որպեսզի իմ կարողությունները ներդնեմ նաեւ ազգային ժողովում: Կարող եմ հստակ հավաստիացնել, որ չեմ լինի կոճակ սեղմող, այլ կլինեմ ակտիվ պատգամավոր: Իհարկե, ազգային ժողովի պատգամավորը ավելի խորը պետք է նայի բոլոր խնդիրներին, որովհետեւ մեր հանրապետությունում բոլոր խնդիրները գրեթե նույնական են, սակայն օրենսդրական գործունեությամբ զբաղվելիս կլինեմ նաեւ Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի ծրագրերի լոբինգ իրականացնող պատգամավոր, եւ, հավաստիացնում եմ, իմ ընտրողները հուսախաբ չեն լինի:

-Ինչպե՞ս եք գնահատում այսօրվա ընտրազանգվածի քաղաքացիական, քաղաքական, գիտակցական մակարդակը, որից, մեծ հաշվով, կախված է նաեւ ընտրվողի ճակատագիրը: Օրվա հացի կարոտ մարդը մեղավո՞ր է, որ գայթակղվում է ոչ թե ներկայացվող գաղափարներով, այլ՝ ամբոխահաճ խոստումներով:

-Եթե երկրում առկա է 35-40 % աղքատություն, պաշտոնապես հայտարարված՝ 17 % գործազրկություն, արտագաղթի ահագնացող տեմպեր, ապա բավականին բարդ է կազմակերպել ժողովրդավար ընտրություններ: Եթե երկրի սոցիալական բեւեռացվածությունն այնպիսին է, որ հասարակության 5 %-ը հարուստներ են, 40 %-ը՝ աղքատներ, մնացյալն էլ արտագաղթում է կամ՝ փորձում փոքրիկ բիզնեսով եւ պետական համակարգում ներգրավվելով՝ իրենց կենսական խնդիրները հոգալ, միշտ կլինեն փող տվողներ, որովհետեւ փող ունեցողի համար ամենահեշտ բանը փող տալն է, իսկ օրվա հացի խնդիր ունեցող եւ աղքատ մարդը այդ գումարով լուծում է մի քանի օրվա հացի խնդիրը: Ես չեմ արդարացնում այդ համակարգը, չեմ արդարացնում ոչ փող տվողներին, ոչ՝ փող վերցնողներին, դա հանցավոր քայլ է, սակայն եթե ուզում ենք վերացնել ընտրակաշառք կոչվածը, պետք է նախ եւ առաջ սոցիալական վիճակը բարելավենք, ստեղծենք անկախ քաղաքացուն՝ միջին խավ: Միայն անկախ քաղաքացին է, որ կարող է ինքնուրույն ընտրություն կատարել: Չնայած հասարակության մի ստվար զանգված ինքնուրույն է կայացնում իր քվեն տալու որոշումը, սակայն տարբեր պետական համակարգերում, մասնավոր հատվածում աշխատելու պարագայում, աշխատանքը կորցնելու վախից, քաղաքացիների մի գերակշիռ մասը գաղափարների հետեւից չի գնում, գնում է տարբեր շահերի հետեւից, գնում է այն մարդկանց հետեւից, ովքեր ինչ որ առումով կապված են իրենց հետ, կամ՝ գնում է այլ շահագրգռությունների հետեւից: Այս վիճակը բուժելու միակ տարբերակը Հայաստանում տնտեսական, սոցիալական վիճակը բարելավելն է: Մնացյալ բոլոր քննադատություններն ունեն քարոզչական բնույթ: Պատկերացրեք՝ սոված մարդու առջեւ դնում են հաց եւ ասում են… մի՛ կեր…

-Ո՞րն է քո գլխավոր խնդիրը՝ որպես Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքի ԱԺ պատգամավորի ՀՅԴ թեկնածու:

-Ընտրվելը: Իմ կուսակցության համար հնարավորինս շատ քվե ապահովելը, որովհետեւ դրանից հետո է մնացյալ գործունեությունը: Եթե կարողանանք Սյունիքից եւ Վայոց Ձորից ունենալ դաշնակցական պատգամավոր, կարծում եմ՝ դա կլինի ե՛ւ Սյունիքի, ե՛ւ Վայոց Ձորի, ե՛ւ մեր բնակչության, ե՛ւ դաշնակցության հաղթանակը, որովհետեւ այս տարիներին չենք ունեցել դաշնակցական պատգամավոր այս մարզերից, եւ հորդորս է, որ մեր ժողովուրդը այս հնարավորությունը բաց չթողնի, որովհետեւ մենք, համենայնդեպս, միշտ եղել ենք այնտեղ, որտեղ վտանգ ենք տեսել ժողովրդի համար:

-Որպես ՀՅԴ անդամ, որպես՝ սիսիանցի, որպես՝ մարդ, որպես ՀՀ քաղաքացի՝ քո ուժեղ կողմերը:

-Անշուշտ՝ գիտելիքները եւ աշխատանքային հարուստ փորձառությունը: Ես աշխատում եմ մի համակարգում, որը բարեփոխումներ է իրականացնում ողջ հանրապետությունում, շատ լավ ճանաչում եմ մեր մարզերը, շատ եմ շփվում ժողովրդի հետ: Նաեւ՝ իմ բնավորությունը: Ինքս շփվող եմ եւ փորձում եմ ոչ թե պարփակվել եւ իմ մեջ կառուցել իմ աշխարհը, այլ՝ մարդկանց հետ շփվելով փորձել զգալ նրանց ազդակները եւ համապատասխան ձեւով կառուցել իմ գործունեությունը: Շատ եմ ուզում, որ իմ ընտրողները չասեն՝ մեր Արտակն է, գնանք քվեարկենք: Ուզում եմ մարդիկ հասկանան, որ վաղը իրենց քվեի համար չեն ամաչելու:

-Քարոզարշավը մոտենում է եզրագծին. այն մեկնարկելուց ի վեր՝ հանդիպում ես ընտրողների, հայրենակիցների, գյուղացիների եւ քաղաքեցիների հետ: Ի՞նչ եզրակացության ես հանգել: Քո տեսած եւ բացահայտած՝ այսօրվա մեր երկիրը…

-Տխուր իրավիճակ, բայց՝ հպարտ քաղաքացիներ: Տխուր իրավիճակ՝ սոցիալապես, բայց հպարտ քաղաքացիներ, որ ամեն գնով ցանկանում են իրավիճակը փոխել, ցանկանում են ապրել իրենց գյուղում, իրենց համայնքում, մեծ ցավ են հայտնում, որ իրենց բարեկամները, համագյուղացիները լքել են գյուղը: Ասեմ նաեւ, որ լեռնցիները մնում են լեռնցի իրենց համեստությամբ, իրենց խոհեմությամբ, իրենց հպարտությամբ, նաեւ՝ իրենց միամտությամբ:

-Եւ ո՞ւր է տանում քո կուսակցության եւ քո՝ «Նոր սկիզբ, Արդար Հայաստան» կարգախոսը:

-Նոր սկիզբը, բնականաբար, քաղաքական համակարգի արդյունավետացման սկիզբն է, որովհետեւ տարիներ ի վեր մեր քաղաքական համակարգը, ճիշտ է, զարգացել եւ ունեցել է որոշակի առաջընթաց, բայց ընթացել է խորդուբորդներով, պարուրաձեւ, երբ կարելի էր եւ պետք էր ավելի սահուն իրականացնել քաղաքական համակարգի արդյունավետացման եւ արդյունավետ կառավարման խնդիրները: Մենք չափազանց կարեւորում ենք քաղաքական համակարգի արդիականացումը, որակի փոփոխությունը, նոր, գիտակից եւ գիտելիքներով հարուստ մարդկանց քաղաքական համակարգում ներգրավելը: Եւ մեր ծրագրում դա գրավում է առաջնային տեղերից մեկը: 15 կետի փոխարեն կարող էինք ունենալ 115 կետ, բայց թիվ մեկ խնդիրը քաղաքական համակարգի հովանոցը փոխելն է, տրամաբանությունը փոխելն է, որպեսզի կարողանանք նոր տրամաբանությամբ Հայաստանը առաջ տանել:

Իսկ Արդար Հայաստանը… Բնականաբար՝ անարդար երկրում, մանավանդ՝ փոքր երկրում, աշխարհաքաղական բազմաթիվ խնդիրներ ունեցող այս տարածաշրջանում գտնվող մեր երկրում, մնալով անարդարության մեջ, վտանգում ենք ազգային անվտանգության համակարգը: Միայն համերաշխությունն է, որ կարող է մեզ ուղեկցել դեպի ապագա եւ միայն համերաշխության մեջ կարող ենք մեր երկիրը կառուցել ճիշտ ընթացքով, ճիշտ ճանապարհով: Չմոռանաք, որ մենք դեռեւս պատերազմի մեջ ենք, եւ միայն համերաշխությունն է, որ քով քովի կարող է պահել մեր զինվորին, մեր մայրերին, մեր հայրերին, մեր իշխանավորներին, եւ միայն նման համերաշխության պայմաններում կարող ենք հաղթանակ ունենալ:

– Մի քանի օրից ընտրողը գնալու է ընտրատեղամաս: Քո խոսքը՝ նրան:

-Նույնը, ինչ ասացի սկզբում: Միայն համեմտության մեջ է ծնվում ճշմարտությունը: Ընտրություն կատարողը պիտի համեմատի իր վստահության քվեին հավակնող կուսակցություններին եւ դաշինքներին: Համոզված եմ՝ քաղաքացին, եթե չունի այլ շահագրգռվածություն, եթե նրան այլ մոտիվացիա չեն հաղորդել, համեմատելուց հետո փորձելու է ինքնուրույն որոշում կայացնել, եւ դաշնակցությունը հայտնվելու է շահեկան վիճակում եւ իր անցյալով, եւ հերոսական պատմությամբ, եւ ներկա գործունեությամբ: Երկու օր առաջ ստեղծված կուսակցությունները եւ դաշինքները ունե՞ն այն հնարավորություններն ու ներուժը, ինչ որ ունի Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Իհարկե՝ չունեն: Հավատում եմ, որ, գոնե, գիտակից, խելացի, կրթված, ինտելիգենտ մարդիկ, մեր հայրենակիցները իրենց քվեն կտան դաշնակցությանը, եւ մենք արժանապատիվ տեղ կունենաք խորհրդարանում:

R

Զրույցը՝ Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԻ

 

 

 

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *