ՍՈՎՈՐ ԵՆՔ, ԿԴԻՄԱՆԱՆՔ

2009-ը իր իրավունքների մեջ մտավ համաշխարհային տնտեսական ճգնաժամի խորացմամբ: Ճգնաժամի թեման չի իջնում  ոչ միայն լրատվամիջոցներից, ոչ միայն չի դադարում մարդկանց մտահոգության հիմնական թեման լինելուց, այլեւ, ինչպես նկատում են շատերը, դրա արձագանքներն ու հետեւանքներն առավելապես նոր սրությամբ են իրենց զգալ տալիս ճգնաժամի բուն օջախներից շատ ավելի հեռու երկրներում ու բնակավայրերում, նաեւ` մեզանում:
Ինչպես են դիմակայում մեր համաքաղաքացիները ճգնաժամին, ինչպես է այն անդրադարձել անձամբ իրենց եւ հանրային կյանքի վրա: Այս հարցերին խնդրեցինք պատասխանել մեր մի քանի համաքաղաքացիների, որոնց «շփումը» համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ ավելի «անմիջական է»,  եւ որոնց գործունեությունն ամիջապես առնչվում է դրան:

Աշոտ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԱՇԻԲ ՓԲԸ «Սիսիան» մասնաճյուղի կառավարիչ

-Իհարկե,  համաշխարհային տնտեսական ճգնաժամի անմիջական ազդեցությունն արդեն նկատվում է նաեւ մեզ մոտ, որի առաջին դրսեւորումը տրանսֆերտների (դրամափոխադրումների) նվազումն է, երկրորդը` տեղական արտադրողի արտադրանքի (հիմնականում` հանքարդյունաբերություն) գների իջեցումը համաշխարհային շուկայոմ: Անցյալ տարվա նույն ժամանակի1-4 համեմատությամբ այս տարի Ռուսաստանից եկող տրանսֆերտների ծավալը կրճատվել է 30-40 %-ով, ինչը հսկայական թիվ է:
Այն դրսեւորվում է նաեւ բանկային համակարգում, քանի որ անշարժ գույքի եւ հումքային ռեսուրսների նվազեցումը իր հերթին ռիսկայնություն է առաջացնում նաեւ վարկավորման գործընթացի ժամանակ, եւ մեծանում է բանկի ռիսկայնությունը:
Համաշխարհային տնտեսական ճգնաժամը մեկ անգամ եւս ապացուցեց, որ ողջ աշխարհի տնտեսությունը, անկախ մեր կամ որեւէ մեկի կամքից, հազարավոր թելերով կապված է իրար եւ պայմանավորված իրարով: Ես համոզված եմ, որ մեր ժողովուրդն այս ճգնաժամն էլ կհաղթահարի, քանի որ ավելի վատ օրեր էլ է ապրել, իսկ այս ճգնաժամն էլ պարտադրված էր իրեն: Համաշխարհային տնտեսության առողջացմամբ ճգնաժամի հետեւանքները կհաղթահարվեն նաեւ մեզանում, ինչին միտված են վարկեր բերելու` երկրի կառավարության կոնկրետ քայլերը:

Սամվել ԱՎԵՏՅԱՆ. «Արմինե եւ Արման» առեւտրային ՍՊԸ տնօրեն

– Արդ1-5են անցյալ տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին զգացվում էր տնտեսական ճգնաժամի շունչը, երբ կատարվում էին նոր ուսումնական տարվա գնումները: Ի տարբերություն նախորդ տարիների, երբ ծնողները առավելությունը տալիս էին թանկարժեք ու լավագույն գրենական պիտույքներին, արդեն գնում էին էժանագինը եւ մատչելին: Այս տարվա հունվարից հետո տնտեսական ճգնաժամն իրեն էլ ավելի զգալ է տալիս. Ամանորյա գնումներից հետո բնակչության գրպանն իսպառ դատարկվել է: Մեր խանութում նույնպես նվազել է ապրանքաշրջանառությունը, ամիսներով ապրանքը «քնում է»: Բնական է, որ մարդիկ կնախընտրեն սննդամթերքը  եւ լայն սպառման ապրանքները,  քան` հուշանվերներն ու զարդերը: Բայց ինձ ավելի շատ մտահոգում է մարդկանց հոգեբանական ճգնաժամը, որն ընկճում է նրանց: Տնտեսական ճգնաժամն օրինաչափ երեւույթ եմ համարում, մենք տեսել ենք, դիմացել ենք, հավատում եմ, որ սա երկար չի տեւի:

Սմբատ ԽԱՉԱՏՐՅԱՆ – «Շանս իքս» խանութի տնօրեն

– Թվում է` պիտի սննդամթերքն ու լայն սպառման կենցաղային ապրանքները գոնե սպառվեն, բայց գրեթե 70 %-ով կրճատվել է նաեւ մեր ապրանքաշրջանառությունը: Շուրջ 1 ամիս է` ոչ տեսականին ենք թարմացնում, ոչ` ծավալը: Ավելացել է տրանսպորտի ծախսը: Այս պայմաններում անգամ կատարում ենք մեր հարկային պարտավորությունները, բայց խնդիրը գնալով լրջանում է. ստիպված ենք աշխատատեղ կրճատել, ցավալին դա է, ուրիշ ելք չկա:

Եղիշե ՍՏԵՓԱՆՅԱՆ – մեղվաբույծ

– Համաշխարհային տնտեսական ճգնաժամն անձամբ ինձ վրա ազդում է այնքանով, որքանով որ ազդում է շուկայի վրա, այսինքն` սպառողի հնարավորություններով է պայմանավորված իմ արտադրանքի1-3 սպառումը: Չունեմ աշխատանք, նպաստ, թոշակ չեմ ստանում: 35 տարի զբաղվում եմ մեղվաբուծությամբ, որն իմ հոբին լինելուց հիմա դարձել է հիմնական զբաղմունքը եւ ապրուստի միջոցը, իսկ մեղր հիմանակնում գնում են նրանք, ում դրսից գումար են ուղարկում: Հույս ունեմ, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը մեղվաբույծի իմ իմիջի վրա չի ազդի, որքան էլ  որ կազդի տնտեսության վրա:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *