Սուրբ Սարգիս՝ սիրո բարեխոս…

Սիրո և երիտասարդության տոնը` Սուրբ Սարգիսը, այս տարի նշվում է հունվարի 31-ին:

Համամիտ եմ  Ջոն Հեյվուդի այն մտքին, որ «Սերը բոլոր կրքերից վսեմագույնն է ու ամենահաղթականը», ուստի ուզում եմ, որ արագահաս բարեխոս Սուրբ Սարգիսի տոնի օրը եւ մնացած բոլոր օրերին մարդկանց սրտերում, փոխհարաբերություններում գերիշխի սերը՝ աստվածային այդզ գացմունքը, որն ապրեցնում է, արբեցնում, թևեր տալիս, բարձրացնում, վեհացնում, թռիչքների մղում…

Եկեք սիրենք առանց մտածելու դրամապանակի պարունակության, ստացած նվերի գնի մասին, եկեք չձգվենք դեպի դիմացինի գրպանը, այլ` դեպի սիրտը, որովհետեւ «Սրատես է միայն սիրտը, ամենից գլխավորն աչքերով չես տեսնի»… Եվ լավ մեքենան կամ փափուկ խաղալիքը չէ, որ հաճելի պահեր են պարգևում…

Ցավոք, այսօր շատերն ամուսնանում, ընտանիք են կազմում հաշվարկով՝ գերադասելով ոչ թե անկեղծ սերը, այլ՝ նյութական բարեկեցությունը: Մինչդեռ՝ սիրո հիմքով դրված ընտանիքը եւ ամուր է, եւ գեղեցիկ, եւ անխախտ: Իսկ սիրով եւ երջանկությամբ  ապրող ընտանիքը պետության հիմքն է:

Մեր ժողովրդի համար ընտանիքը նախ և առաջ սրբություն է: Հայ ընտանիքը, որպես փոքրիկ Հայաստան և փոքրիկ եկեղեցի, դարեր շարունակ պահել և պահպանել է ազգային ավանդույթներն ու սովորությունները: Իսկ, ինչպես Մուրացանն է գրել՝ «Ազգի զորությունը ընտանիքների մեջ է: Զորավոր է այն ազգը, որ ունի զորավոր ընտանիքներ. սիրով, միությամբ, առաքինի և հավատարիմ կենակցությամբ ապրող ընտանիքներ: Ով որ կամենում է զորավոր տեսնել յուր ազգը և հաղթող՝ հայրենիքը, նա ամենից առաջ ընտանիքները պիտի խնամե, ինչպես մի հոգատար պարտիզպան… »:

Շնորհավորում եմ երիտասարդներին, սիրահարներին և, առհասարակ, բոլորին այդ գեղեցիկ տոնի առթիվ:

Սիրեցեք զմիմիանս, քանզի՝ Սերը գոյության հանճարն է միակ…

Լիանա ԳԵՎՈՐԳՅԱՆ

27.01.2015

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *