ՍՈՖԼՈՒ-ՆԺԴԵՀ` «ԳՏՆՎԱԾ ՀԱՅՐԵՆԻ՞Ք», ԹԵ՞… «ԿԱՄԱՎՈՐ ԱՔՍՈՐԱՎԱՅՐ»

ԱՇԽԱՐՀԻՑ ԿՏՐՎԱԾ` ԻՐԵՆՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ

«Քաղաքակիրթ աշխարհի» քաղաքական ու մարդկային ինտրիգներից որոշ ժամանակով հեռանալու մտադրությունը մեզ Սոֆլու-Նժդեհ տարավ:
Աշնան օրը բակունցյան գույն ու պայծառություն ուներ, օրվա տխրությունն էլ բակունցյան էր` լույսի գունախաղով:
Տարիներ, տարիներ առաջ, 88-ի դեպքերից հետո, երբ այս գյուղ գալիս հոդվածներ էի գրում փախստականների, գտնված հայրենիքի, օտարաշունչը հայկական դառնալու մասին, այնքան սիրով էի գրում, ու այնքան հավատում էի իմ գրածին…
Հիմա, դարձյալ տարիներ անց, առաջվա «գտնված հայրենիքը», ինչպես մեզ հետ զրուցող շատ նժդեհցիներ ասացին, դարձել է «կամավոր աքսորավայր»:
Ես էի՞ սխալ ընկալում, իրականում հենց «գտնված հայրենիք» էլ պիտի լինե՞ր, թե՞` դա միայն պատրանք էր, որ «կամավոր աքսորավայրի» իր իրական դեմքով պիտի ներկայանար` որպես մեր երկրի, մեր կյանքի, մեր պայքարի ու անկախության «տխուր իրողություն»:
Սոֆլու-Նժդեհի 3 կորպուսանոց նախկին դպրոցի (ադրբեջանցիների ժամանակ լեփ լեցուն էր աշակերտներով) մի մասնաշենքում է գործում գյուղի հիմնական դպրոցը` 14 աշակերտով եւ 4 ուսուցիչով:
Այն Դաստակերտի դպրոցի մասնաճյուղն է: Ստեղծվել է 2000 թ.-ին: Մինչ այդ` համայնքի երեխաները ոտքով հասնում էին Դաստակերտ: Ձմռանը ընդհանրապես չէին էլ գնում` անանցանելի ձյան, գել ու գազանի պատճառով:
Դպրոցի ուսմասվար Ալինա Ծատուրյանը «Շրջակա միջավայր» առարկան էր պարապում 4-րդ դասարանում: «Խոսքի վրա ենք դաս անում,- ասաց տիկին Ծատուրյանը,- ոչ դիդակտիկ նյութ ունենք, ոչ մի բան: Ունենք աշխարհի` 2, Հայաստանի` 1 քարտեզ, որն էլ մեր խնդրանքով Դաստակերտի համայնքապետն է նվիրել: Ինչ պաշտոնյա մտել է այս դպրոց, դիմել ենք, խնդրել, բայց…Դասարանում որ 1 աշակերտ լինի, ի՞նչ հետաքրքրություն պիտի լինի այդ երեխայի համար: Մենք, միեւնույն է, մեր դասը պարապում ենք, բայց 45 րոպե միայնակ սովորող երեխան ինքն է ձանձրանում: Նրանից ի՞նչ արդյունք կամ որակ պիտի ակնկալես: Թեեւ համակարգիչը, բջջային հեռախոսը եւ սպուտնիկ ալեհավաքը այստեղ էլ են հասել, բայց կյանքն այստեղ կանգ է առել»,- ցավով ասում է երկարամյա մանկավարժ Ալինա Ծատուրյանը, ու հավելում, որ, այնուամենայնիվ, եթե այս աշխատանքն էլ չլինի, այստեղ ապրելն ու մնալը պարզապես անիմաստ ու աննպատակ կլինի: «Սա կամավոր աքսորավայր է բոլորի համար»,- դառնատոն ասաց նա, միաժամանակ գտնելով, որ ուրիշ ելք էլ չունեն մարդիկ…
Ալինա Ծատուրյանը, սակայն, «կամավոր աքսորավայրը» գունազարդող եւ իմաստավորող բան տեսնում է, այնուամենայնիվ, ասելով` եկող տարի մեկ առաջին դասարանցի կունենանք, մյուս տարի` երկու…
Համայնքը, գյուղը, բնակավայրը կենդանի ու կենսունակ պահող հույսի բարակ առու, որ…չի ցամաքում` «կամավոր աքսորավայրը» «գտնված հայրենիք» դարձնելու ճանապարհին…
…Լիներ, հրաշք լիներ, ու օրերից մի օր երկրի կրթության նախարարը, վարչապետը, պատգամավորը մի հրաշքով գային-հասնեին այս «կամավոր աքսորավայր հայրենիքը» ու մեծ-մեծ չբրդեին եվրոբաների մասին…
Անդրանիկ Զորավարը, եղեռնից հետո, ամեն հայ երեխայի գլխի համար մի ոսկի էր հավաքում` փրկելու հայ սերմը…
Իսկ այս մարդիկ ապրում են աշխարհից կտրված իրենց աշխարհում` փրկելով հայ լինելու իրենց տեսակը` թանկ, պինդ, նվիրյալ, բնության հետ ներդաշնակ…

«ԿՅԱՆՔՆ ԱՊՐՎԻ ՊԻՏԻ, ՈՒՐԻՇ ՀՆԱՐ ՉԿԱ»

Տանիքից բարձրացող վառարանի ծխի ուղղությամբ տարավ մեզ ճանապարհը` կանգնեցնելով Կարինե Հովհաննիսյանի տան մոտ: Անծանոթ հյուրի չսպասող տանտիրուհին խառնվեց իրար` հյուրերին պատշաճորեն դիմավորելու: Բակում` ձմեռվա վառելափայտն էր, բոստանում` հարեւանուհու հավերը: Ասաց, որ հիմա ինքը հավ էլ չի կարող պահել, առողջությունը չի ներում:
2004-ին «բախտ որոնելու» հույսը 10 ընտանիքի հետ Կարինե Հովհաննիսյանի բազմաշունչ ընտանիքին եւս Երեւանից Սոֆլու-Նժդեհ է բերել, ուր կառավարության կողմից վերաբնակեցման ծրագիր էր իրակ2012_140անացվում: «Այս տունը տվեցին, մեկ կով, երկու ոչխար` խոստացած սարերի փոխարեն: Երեւանի մեր բնակարանը վարկի տակ դրեցինք, անասուն գնեցինք, հույսով, որ կկարողանանք բարեկեցիկ կյանք ստեղծել մեզ համար: Հետո չնախատեսված բաներ եղան, առողջական խնդիրներ, վաճառեցինք անասունը, Երեւանի տունը կորցրինք, մեզ այստեղ բերողներն էլ խաբեցին մեզ, հիմա, իհարկե, իրենց բաժինը ստանում են անազատության մեջ: Վերաբնակեցված 10 ընտանիքից Սոֆլուում մենք ենք մնացել, երկուսն էլ` Դաստակերտում, մնացածը չհարմարվեցին, գնացին: Փոքր որդիս, որ 7 տարեկան է, այստեղ է մեծացել, մյուսը բանակում է, սպասում եմ` վերադառնա, մենք էլ թողնենք այս կամավոր աքորավայրից հեռանանք»,-ասում է Կարինե Հովհաննիսյանը: Հետո կամաց կամաց զրույցի տոնը փոխվում է, տրամադրությունն էլ, ասում է, որ հիմա ամուսինը Երեւանում է, գնացել է աշխատելու եւ իրենց էլ է կանչում, բայց… «Գնամ Երեւան` ի՞նչ անեմ, վարձով ո՞նց ապրեմ: Էստեղ` թեկուզ` քանդած, թեկուզ` փլած, բայց գիտեմ, որ իմ տունն է»: Ասում է, հետո էլ, թե` գիտե՞ք, այնքան եմ հարմարվել ու սովորել այստեղի կյանքին, որ Երեւանում արդեն չեմ դիմանում: Այնտեղ ապրելուց հետո ո՞վ կմտածեր, որ վառարան էլ կվառեմ, կով էլ կկթեմ, դաշտից շուշան-մանդակ, մասուր էլ կբերեմ, բայց` արել եմ, սիրով ու հավեսով, սակայն կամաց-կամաց այստեղ ապրելը կորցնում է իր հեռանկարը»,-ասում է Կարինեն: Մեր հարցին, թե ի՞նչ կուզենար, որ երկրի իշխանությունն աներ այս համայնքի համար, թերահավատ ասում է, որ այստեղ բնակվելը ինքնին հերոսություն է, դիմացը սահմանն է ու դիրքերը, ու իրենք ակամա նաեւ դիրքապահ են դարձել, բայց իրենց տեղը երկիրը չգիտի, պետությունը չգիտի, մինչդեռ` իրենք ի՜նչ հույսով եկան այս հողը հայրենիք դարձնելու…
Նրա հուսահատությունը փորձում է փարատել կենսախինդ ու աշխույժ հարեւանուհին` սիսիանցի Մարինե Մկրտչյանը, ով արդեն 14 տարի բնակվում է այստեղ: «Ամուսնացանք, տուն չունեինք, եկանք այստեղ: Առաջին անգամ որ մտա այս գյուղը, շուրջբոլորս միայն սարեր տեսա, ասացի` ո՞նց պիտի ապրեմ էս սարերի մեջ: Բայց` ապրեցինք: Շուշան, մանդակ ծախելով, հավ ու կով պահելով տուն ու տեղ դրեցինք: 2,5 տարեկանից տղաս հետս չոբանություն է արել, տնտեսություն ենք ստեղծել, պահել, հիմա մտածում եմ` տղաս բանակ գնա-գա, Սիսիանում մի տուն առնենք նրա համար, մենք էշություն ենք անում էստեղ, որ նա էլ էշություն չանի…հետո մի օր էլ մենք էստեղից կփախնենք-կգնանք, բա  էստեղ ի՞նչ հեռանկար կա…»:
Մարինեի լավատեսությունը, կենսասիրությունը, հումորը համակում է բոլորիս: Կյանքը, այս սար ու ձորի մեջ, որքան` դաժան, նույնքան` սիրուն է թվում, որքան` ծանր, նույնքան` տանելի է թվում, ճարահատյալի ու հոսանքի բերանն ընկածի իռոնիայով շարունակում ենք ծաղրել բոլոր-բոլոր դժվարությունները, որ անցողիկ են, ու ինքնամխիթարանքով ասել` «Կյանքն ապրվի պիտի, ուրիշ հնար չկա…»:

ՍՈՖԼՈՒ-ՆԺԴԵՀԸ` ՆԵՐՍԻՑ

Մի կողմից` փլատակներ, մյուս կողմից` բնության եւ իրականության հետ ներդաշնակ ապրող մարդիկ: Մի կողմից` լքված տներ, ու հանկարծ` հսկա մի կիսակառույց: Թե ումն է, էական չէր: Բայց` ցավալի էր, որ…շինարարությունը կիսատ է մնացել: Տերը, հավանաբար, այստեղ խոշոր տնտեսություն սարքելու հույսով է այն  կառուցել…ու կիսակառույցը, ասես, վկան է մեր անընդհատ սկսվող եւ չստացվող նոր կյանքի, չիրականացող մեր երազանքների…
Այս իրողության մեջ, սակայն, Սոֆլու-նժդեհյան մի ճակատագիր ավելի քան սիմվոլիկ ու խորհրդանշական թվաց ինձ, որի հանդեպ չկարողացա անտարբեր լինել, երբ իմացա, որ այստեղ է ապրում 7 երեխաների մայր Հռիփսիմե Ստեփանյանը:
Հետա2012_141քրքիր է նրա ընտանիքի պատմությունն ու իր ճակատագիրը:
Նրա հայրական ընտանիքը դեռեւս անցյալ դարի 70-ական թվականներին է Նախիջեւանից տեղափոխվել Արտաշատ: 1985-ին ամուսնացել է, ունեցել 4 զավակ: Երբ սկսվել է արցախյան ազատամարտը, ամուսինը` Ռաֆիկ Ստեփանյանը իր եղբոր հետ միասին են մասնակցել ազատամարտին: Զինադադարի ժամանակ նրանց ջոկատը եկել Սոֆլուում է հանգստացել, իջեւանել են հենց այս տանը, որտեղ հիմա բնակվում են: 1992-ին Ռաֆիկն իր ընտանիքն էլ է տեղափոխել Սոֆլու: Բայց 1993-ին Ռաֆիկ Ստեփանյանը զոհվել է Ղարաբաղում, երբ մեծ երեխան 6 տարեկան էր, փոքրը` մեկ: Նրան հուղարկավորել են իր հայրենի Հովտաշեն գյուղում: Հռիփսիմեն, սակայն, շարունակել է իր երեխաների հետ ապրել Սոֆլու-Նժդեհում, որը հետո իր մյուս` 3 զավակների ծննդավայրը պիտի դառնար:
Կյանքը շարունակվել է: Հռիփսիմեի զավակները մեծացել են, բանակ գնացել, դստրերից մեկը Երեւանում ուսանելու ժամանակ էլ ամուսնացել է, մյուս աղջիկը` Հայարփին այդ օրը վերադարձել էր Երեւանից…
Հռիփսիմեն նորից է ամուսնացել եւ ունեցել է եւս 3 զավակ: Սոֆլու-Նժդեհ համայնքի բնակիչների թիվը 3-ով էլ է ավելացել, Հռիփսիմեի վերընձյուղված ընտանիքը նոր հույս է արթնացրել, որ կյանքը այստեղ շարունակվում է ու պիտի շարունակվի:
Լվացքի պարանին փռած մանկական շորերը, լքված ու կիսավեր փլատակների ֆոնին, «գտնված հայրենիքի» տեսլականն էին կարծես տարուբերում մեր հայացքի առջեւ`լուսավառելով աշնան տխուր, բայց` պայծառ օրվա մայրամուտը…
…Լիներ, հրաշք լիներ, արդեն 4 տարի աֆտոբուս չմտնող այս գյուղում հրաշքի պես երկրի բարձրաստիճան պաշտոնատար այրերի ավտոշարասյունը մտներ, ու նրանք տեսներին, թե որտեղ է սկսվում ու ավարտվում իրական հայրենիքը, որը սահմանի վրա է, բայց` հույսը` կտրած…Ու, անգամ, կտրված հույսով այստեղ ապրում են մարդիկ` «գտնված հայրենիքը» սիրելու, շահել-պահելու մեծ երազանքով…Լիներ, ու` հրաշք լիներ…

ԻՆՔՆ ԻՐԵՆԻՑ ԱՆԲԱԺԱՆ

Սոֆլու-Նժդեհը աչքի ընկնող հնավայրեր, հուշարձաններ չունի:
Բայց, որտեղ էլ լինի, հայն ինքն իրենից անբաժան է:2012_142
Դպրոցի բակում Եղեռնի զոհերի փոքրիկ հուշարձան կա, կողքին` հին-հնավանդ խաչքար:
Դպրոցի ուսմասվար Ալինա Ծատուրյանն ասաց, որ հայն ուր էլ գնա, ինքն իրենից չի կարող փախչել, իր պատմությունից, իր անցյալից, իր հոգեկերտվածքից: Ու պատմում է, որ մոմ վառելու, խնկելու որեւէ տեղ չունեին, դրա համար դպրոցի բակում կանգնեցրին եղեռնին նվիրված այս փոքր հուշարձանը, որտեղ նաեւ դպրոցական միջոցառումներն են անում, ոգեկոչման տոներն ու հիշատակների հարգման արարողությունները: Առանց դրանց` թերի կլինենք, առանց դրանց` մեր հայությունից մի բան կպակասի:
Հետո պատահաբար հողային աշխատանքներ անելիս Ցղունիի տարածքում գտել են այս խաչքարը, բերել-կանգնեցրել Եղեռնի հուշաքարի կողքին, ու հայոց ճակատագրի խորհրդանիշն ամբողջացել է` վկայելով տարածքի հայաբնակ ու հայաշունչ լինելը:
Ուրիշ կերպ չէր կարող լինել…
Լիներ… ու` հրաշք լիներ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *