ՍՊԱՆԴԱՐՅԱՆԻ ՋՐԱՄԲԱՐԸ ԲԱՎԱԿԱՆ Է, ՈՐ ԱՄՈՒԼՍԱՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԸ ՉՇԱՀԱԳՈՐԾՎԻ

Վերջին շրջանում տեղի ունեցող ակտիվ գործընթացները փաստում են, որ Ամուլսարի հանքավայրն ամենայն հավանականությամբ կշահագործվի՝ հաշվի չառնելով պետության կողմից առաջ քաշված 5 պայմանները: Շահագրգիռ կողմերը շատ են եւ միջազգային մակարդակով զորեղ, իսկ սպասվող վնասներն ակնհայտ են ու կործանարար:
Ամուլսարը գտնվում է Երևանից 170 կմ հեռավորության վրա՝ երկու մարզերի՝ Վայոց ձորի և Սյունիքի սահմանին:
«Գեոթիմ» ընկերության ներկայացուցիչները հայտարարում են, որ հաշվարկել են բոլոր տեսակի ռիսկերը ու չեն վնասելու ինչպես Հայաստանի բնաշխարհին, այնպես էլ էներգետիկային: Նրանք սակայն միշտ էլ ընդունել են, որ չի բացառվում Սպանդարյանի ջրամբարին վնաս հասցնելը, որն արդեն իսկ բավական է, որ Ամուլսարի հանքավայրը չշահագործվի:
Որոտան գետից օրական վերցնելու են 3000 տոննա ջուր: Հանքավայրի պայթեցումների հետևանքով շրջակա միջավայր է նետվելու թունավոր նյութերից կազմված փոշի, որը, սարերից իջնելով ներքև, վտանգելու է բուսական աշխարհն ու էներգետիկ միջավայրը, քանի որ Որոտանի վրա կառուցված է կասկադ:
Այդ կասկադը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Էլեկտրաէներգետիկական համակարգի 2011թ. հիմնական ցուցանիշների համաձայն, 2011թ. արտադրել է 1289,1մլն կՎտ/ժ էներգիա: Նույն ցուցանիշների համաձայն` այս թիվը երրորդն է Հայկական ատոմային էլեկտրակայանի՝ ՀԱԷԿ-ի ու Երևանի ՋԷԿ-ի արտադրած էներգիայից հետո:
Բնապահպանները համոզված են, որ արդյունքում կնվազի ջրի քանակը գետում, ջրերը կաղտոտվեն հենց Որոտանի հիմքից, քանի որ հանքավայրի 6600 հա տարածքը լինելու է երկու կարևոր գետերի՝ Որոտանի ու Արփայի միջև:
Նշենք, որ Որոտանի հենց բարձրադիր հատվածում է, որ ձվադրում է կարմրախայտ տեսակի ձուկը, ու վերջինս եւս անմիջական ազդեցություն կարող է կրել:vorotan18062013
«Գեոթիմ» ընկերության ներկայացուցիչները կարծում են, որ Ամուլսարի հանքավայրից 13 կմ հեռավորությամբ գտնվող Ջերմուկը վնասներ չի կրի, բայց հաշվի առնելով այդ տարածքի սեյսմիկ լինելը, ինչպես նաեւ շահագործման ընթացքում նախատեսվող պայթեցումները, նման եզրակացություն կատարելը աբսուրդային է հնչում:
Ասում են, որ չի լինելու պոչամբար՝ հաշվի չառնելով, որ հանքաքարի մեկ տոննայի մեջ 1 գրամ ոսկու պարունակության դեպքում (թվերը՝ Lydian International-ի) տարածքում կմնա 70 միլիոն տոննա թափոն, իսկ հանքավայրի շահագործումից հետո կստացվի լցակույտերի տակ թաղված 420 հա տարածք: «Լիդիան ինթերնեյշնլ»-ը Ամուլսարի պաշարները գնահատում է 70 տոննա:
Տարածքում ուրանի առկայության մասին խոսակցությունները ընդհանրապես լռել են, այն դեպքում, երբ դեռևս 2007 թ. Գ.Պ. Ալոյանն իր «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը և նրա յուրացման հեռանկարները» հոդվածում նշել էր, որ Ամուլսարի երևակման 5 տարածքներում մոտավորապես հաշվարկվել է 76 տոննա ուրան:

Կարինե Իոնեսյան
www.lragir.am
18.06.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *