ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՈՐ ՈՐԱԿ` ՆՈՐԱՑՎԱԾ ՄԱՍՆԱՇԵՆՔՈՒՄ

«Հայփոստ» ՓԲԸ-ի Սիսիանի փոստային մասնաճյուղ մտնող հաճախորդը սպասարկման սրահում է միայն թոթափում մասնաճյուղ բերող քարուքանդ ճանապարհի թողած տհաճության զգացողությունը, քանի որ այստեղ արդեն ամեն ինչ աչք շոյող է, հաճելի, ժամանակակից ու մաքուր:
Մասնաճյուղը հիմնանորոգվել եւ շահագործման է հանձնվել ընդամենը վերջերս` բնակչության սպասարկման մակարդակն ու որակը բարձրացնելու նպատակով:
Հիմնանորոգված մասնաճյուղի բացման հանդիսությանը ներկա հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներն ու «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարները նույնպես տպավորված են եղել կատարված աշխատանքներով, գեղեցիկ ու բարենորոգ մասնաշենքով եւ Սիսիանում սպասարկման նոր օջախի բացմամբ: Բայց, հետաքրքիր է, պետական  պաշտոնատար անձանց վրա ի՞նչ տպավորություն կթողներ բացման հանդիսությունը, եթե նրանց մասնաճյուղ ուղեկցեին ոչ թե փողոցահայաց աստիճաններով, այլ` փոստի շենքի հարեւանությամբ գտնվող աղբյուրի շրջակա քարուքանդ ճանապարհով, որտեղով հիմնականում անցուդարձ են անում մեր բնակիչներն ու մասնաճյուղի հաճախորդները, դժվար է ասել: Գուցե հենց տհաճություններից նրանց հեռու պահելու համա՞ր էր ը2012_4նտրվել փողոցահայաց ուղին: Ինչեւէ: Անառարկելի է, որ սպասարկման այս նոր օջախը միայն լավ տրամադրություն ու աշխատանքային հաճելի միջավայր եւ մթնոլորտ կստեղծի մասնաճյուղի այցելուների եւ աշխատակիցների համար:
Մեզ հետ զրույցում մասնաճյուղի տնօրեն Լարիսա Հախվերդյանը նշեց, որ մասնաճյուղի հիմնանորոգումը «Հայփոստի» հավատարմագրման կառավարչի ծրագիրն է, ինչը միայն սրանով չի ավարտվելու: Ծրագրի շրջանակներում չի բացառվում ժամանակի ընթացքում քաղաքի եւս 3 եւ գյուղական 16 բաժանմունքների հիմնանորոգումը: Լարիսա Հախվերդյանը մասնավորապես նշեց, որ մասնաճյուղը փոստային սպասարկմամբ իրականացնում է կոմունալ եւ այլ վարձավճարների հավաքագրում, կոնտակտ եւ STEFI համակարգով դրամական փոխանցումներ, իսկ տեխնիկական համալրման արդյունքում` մեծացել է սպասարկման ոլորտը  (ինտերնետ կապ, ֆաքս, սքան): «Կարծում եմ` մեր սպասարկման մակարդակից եւ որակից դժգոհելու առիթ չունեն ե՛ւ մեր հաճախորդները, ե՛ւ մեր պատվիրատուները,- ասում է մասնաճյուղի տնօրենը` հավաստիացնելով, որ աշխատանքային նման պայմանները ավելի են պարտավորեցնում իրենց ավելի լավ սպասարկել:- Տոնական օրերին, երբ բոլորը հանգստանում եւ վայելում էին տոները, մեր աշխատակիցները աշխատանքի մեջ էին` հասցեատերերին հասցնելու բոլոր առաքանիները, թոշակները` նրանց տոնական տրամադրությունը բարձր պահելու ցանկությամբ»,- ավելացնում է նա:
Մեր հարցին, որ երբեմն հենց մեր բաժանորդներն են դժգոհում թերթը ժամանակին իրենց չհասնելու պատճառով` Լ. Հախվերդյանը պատասխանեց, որ դա ոչ թե փոստատարների թերացումն է, այլ` 34 գյուղական համայնքին ընդամենը 16 փոստային բաժանմունքից սպասարկելը, ինչ լրացուցիչ դժվարություն է հարուցում:
Փոստային սպասարկումը ամենօրյա աշխատանք է, եւ այն առնչվում է հասարակության ամենալայն եւ ամենատարբեր շերտերի հետ, մասնավորապես` խոցելի շերտերի, եւ, ինչպես բարեհամբույր եւ բարեհաճ ժպիտով ասում է մասնաճյուղի տնօրեն Լ. Հախվերդյանը, ջանում են հնարավորինս` բարեկիրթ սպասարկմամբ բարձրացնել մարդկանց արժանապատվությունը հենց իրենց աչքում, ինչը սպասարկման ոսկե կանոնն է:

Սեփ. լրատվություն

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *