ՍՊԻՏԱԿ ԽԱԼԱԹԻ ՆՄԱՆ ՄԱՔՈՒՐ ԼԻՆԻ ՆՐԱՆՑ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Երբ 1994թ.-ին Սիսիանի Ժողտնտ քոլեջում բացվեց «Բուժքույրական գործ» նոր մասնագիտությունը, քչերն էին հավատում, որ այն ոչ միայն կկարողանա դիմանալ ժամանակի փորձությանը, այլ ուսումնական հաստատություններում գործող նմանատիպ մասնագիտությունների հետ մրցակցությանը, այլեւ` կայանալուն: Եվ այդ քչերից էին գաղափարի հեղինակ, քոլեջի տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Հենզել Առաքելյանը, բաժնի դեկան Ալիսա Հովհաննիսյանը, դասավանդող մասնագետները, որոնք հիմնականում Սիսիանի բուժմիավորման ճանաչված ու փորձառու բժիշկներն էին: Բայց բաժինը ժամանկի ընթացքում ոչ միայն հետաքրքրություն առաջացրեց երիտասարդության շրջանում, ոչ միայն կայացավ, այլեւ հասցրեց ստեղծել լավագույն ավանդույթներ` հարստացնելով տնտեսագիտական քոլեջի գործունեությունը, բարձրացնելով անունն ու հեղինակությունը:
Նախորդ բոլոր տարիների նման այս տարի էլ բաժնի առաջին կուրսի ուսանողներին ուսանողական տոմսերը հանձնելիս հանդիսավորությամբ կատարվեց բուժքրոջ երդման արարողությունը` նշելով նաեւ բաժնի 15 ամյակը: Առաժին անգամ սպիտակ խալաթ հագած ապագա բուժքույրերը երդվեցին բոլոր գիտելիքներն ու ուժերը նվիրել մարդկանց առողջության պահպանմանն ու բարելավմանը, լինել մարդասեր, հոգատար, սրտացավ:
«Բուժքույրական գործ» բաժինը ուսումնառության 15 տարիների ընթացքում, ինչպես անթաքույց ուրախությամբ նշում է բաժնի դեկան Ալիսա Հովհաննիսյանը, տվել է 420 շրջանավարտ, որոնցից շատ շատերն այսօր հաջողությամբ աշխատում են տարածաշրջանի բուժհիմնարկներում, գյուղական պոլիկլինիկաներում, Աղիտուի հոսպիտալում` հպարտությամբ կրելով իրենց քոլեջի շրջանավարտը լինելու կոչումը: «Եթե ուսումնառությունից հետո ոչ բոլորը կարողանան տեղավորվել աշխատանքի եւ լավ բուժքույր դառնալ,- ասում է Ալիսա Հովհաննիսյանը,- ապա, համոզված եմ, որ բոլորը, անշուշտ, իրենց տան, շենքի, ընտանիքի, բարեկամ-հարազատության բուժքույրն են լինելու եւ ամենակարեւորը` գրագետ մայրեր իրենց երեխաների առողջության պահպանման համար»: Ալիսա Հովհաննիսյանը ավելացրեց նաեւ, որ դիմորդի խնդիր բաժինը երբեւիցե չի ունեցել եւ չունի: Լինելով հետաքրքիր` այն հետաքրքիր է դարձնում նաեւ քոլեջի ուսանողության առօրյան: ՈՒսանողներն իրենց գործնական պարապմունքներն անց են կացնում հիվանդանոցային պայմաններում` շփվելով իսկական հիվանդների հետ:
Շատ կարեւոր է, որ նրանց դասավանդում են այն նույն փորձառու եւ հմուտ բժիշկները, որոնք աշխատում են հենց հիվանդանոցում: Բավական է Մարիա Պետրոսյանի, Ալիսա Հովակիմյանի, Էդիկ Գեւորգյանի, Նարինե Բադալյանի, Նաիրա Սահակյանի եւ այլոց ուսանողը լինելը` բուժքրոջ աշխատանքի նկատմամբ առավել մեծ պատասխանատվությամբ լցվելու, հիվանդներին սիրելու եւ դժվարին աշխատանքը հաճությամբ կատարելու համար:
Շնորհավորելով բաժնի գոյության 15-ամյակը, շնորհավորելով ապագա բոլոր բուժքույրերին, մնում է ավելացնել միայն, որ սպիտակ խալաթի նման թող անբիծ ու մաքուր լինի նրանց մասնագիտական ճանապարհը, որը ճանապարհ է դեպի մարդկային սիրտը:

Դիանա ԲԱԽՇՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *