ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ` Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԿՆՈՋ

vorotan31.05.2013

Ի պաշտպանություն 4 տարի ազատազրկման դատապարտված երիտասարդ կնոջ` ուսուցչուհի Գայանե Դավթյանի, Սիսիանում կազմակերպվել է ստորագրահավաք:

ՀՀ քր. օր.-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի պահանջներով, այն է` ուրիշի գույքի հափշտակում, Գայանե Դավթյանը դատա- պարտվել է 4 տարվա ազատազրկման: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը դատական բոլոր ատյաններում  թողնվել  է անփոփոխ:

Ստորագրահավաքի հեղինակները, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված իրենց բաց նամակում երկրի ղեկավարի ուշադրությունը հրավիրելով Սիսիանի պատմության մեջ աննախադեպ` կնոջը ազատազրկման դատապարտելու երեւույթի վրա, միաժամանակ նրա ուշադրությունն են հրավիրել խնդրի առավել` մարդասիրական, քան` իրավական կողմին, նշելով, որ դատական եւ ոչ մի ատյանում մեղմացուցիչ որեւէ հանգամանք չի կիրառվել դատապարտյալի նկատմամբ վճիռ կայացնելիս, երբ դրա համար կային բազմաթիվ նախադրյալներ:
<<Սիսիանում տեղի է ունեցել արտառոց, համայնքի դարերի պատմության մեջ նախադեպը չունեցող, սրտամորմոք մի իրադարձություն. 28-ամյա Գայանե Դավթյանը, ով երկու մանկահասակ երեխայի մայր է ու սիրված մանկավարժ, ով օրինակելի քաղաքացի է ու Սիսիան համայնքում համընդհանուր հարգանք ու պատկառանք վայելող անձնավորություն, հանգամանքների բերումով դատապարտվել է չորս տարվա ազատազրկման…>>,-նշված է նամակում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում ստորագրահավաքի հեղինակները միաժամանակ նշում են այն բացասական հետեւանքները, ինչին կհանգեցնի երիտասարդ կնոջ ազատազրկումը ոչ միայն նրա, այլեւ` նրա անչափահաս երեխաների եւ երիտասարդ ընտանիքի հետագա ճակատագրում: <<Մենք մտահոգված ենք երիտասարդ կնոջ ու նրա երկու երեխայի ճակատագրով:
Գայանե Դավթյանին ազատությունից զրկելով՝ ավելի մեծ մեղք (եթե ոչ հանցանք) գործած կլինենք, քան գործել է ինքը՝ Գայանե Դավթյանը: Փաստը, որ երկու երեխան պետք է իրենց վրա կրեն որբության աներեւակայելի ծանր բեռը, արդարացում չի կարող ունենալ: Դատարանի վճիռն ի կատար ածելով, փաստորեն, կորցնում ենք մի առաքինի ու պարկեշտ կնոջ, մի հարգված մանկավարժի ու դաստիարակի, ով կարող է մեր հանրությանը դեռ շատ նպաստ բերել: Դատարանի վճիռն ի կատար ածելով, փաստորեն, մենք առնվազն երկու երեխայի կմղենք սեփական հայրենիքն ատելու հուն, քանզի նրանց համար (նաեւ մեզ համար) երբեք հասկանալի չի լինի, թե ինչու իրենց մայրն արժանի չեղավ հայրենի պետության բարեգթությանն ու ներողամտությանը: Սիսիանում մեծ վերապահում կա (եթե ոչ հիմնավոր տարակուսանք), որ նրա ազատազրկմամբ հանրությունը կշահի, որ դատական ատյանների որոշումներն ընդունվել են հանուն Հայաստանի Հանրապետության>>,-գրված է նամակում:
Գայանե Դավթյանի ամուսինը` Ներսես Խաչատրյանը, խորին շնորհակալություն եւ երախտագիտություն հայտնելով ստորագրահավաքի բոլոր մասնակիցներին, ասաց, որ ընդամենը երկու օրվա ընթացքում հավաքվել է 3 հազարից ավելի ստորագրություն, եւ այն դեռեւս շարունակվում է: Հանուն երիտասարդ կնոջ, մոր, մանկավարժի, քաղաքացու ներում շնորհելուն` ՀՀ նախագահին ուղղված դիմումի տակ ստորագրել են մտավորականներ, Սիսիանի դպրոցների ուսուցիչների 80 տոկոսը, պատերազմի վետերաններ, սրտացավ ու շարքային մարդիկ: Դրան միացել են նաեւ Սյունիքի մարզի` կանանց խնդիրներով եւ իրավական հարցերով զբաղվող 13 հասարակական կազմակերպություն: «Ամենացավալին, սակայն, ողջ ստորագրահավաքի ընթացքում այն էր, -ասաց Ներսես Խաչատրյանը,- որ երբ, որպես Սիսիանի համայնքի ղեկավար, որպես համայնքային իշխանություն եւ համայնքի խնդիրներով մտահոգ ու պատասխանատու մարդ, դիմել էինք Սիսիանի համայնքի ղեկավար Աղասի Հակոբջանյանին` խնդրելով  միջնորդություն ներկայացնել Գայանեին ներում շնորհելու համար, հրաժարվել է, ասելով, որ դա իր իրավասությունների մեջ չի մտնում:
Զարմանալի պահվածք ցուցաբերեցին նաեւ քաղաքի մի քանի դպրոցների տնօրեններ: Սկզբում ստորագրահավաքի նախաձեռնությունը ողջունելու  եւ մանկավարժին ստարելու պատրաստ  տնօրենները, հավանաբար ինչ-որ ուժերի ճնշմամբ, հետո հրաժարվեցին իրենց ստորագրությունը դնել երկրի նախագահին ուղղված բաց նամակ-դիմումի տակ»:
Մեր հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունեն այս նախաձեռնությունից, ստորագրահավաքի հեղինակներն ասացին, որ վստահ են, որ երկրի նախագահը, իր բարձր պաշտոնին եւ մարդկային իր վեհ նկարագիրն հավատարիմ, կընդառաջի հազարավոր սիսիանցիների խնդրանքին` ներում շնորհելու Գայանե Դավթյանին:

31.05.2013

 

2,528 դիտում

Մեկ Արձագանքման ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ` Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԿՆՈՋ համար

  1. Լուսինե Ազոյան -ը գրել է:

    Ստորագրահավաքին չմասնակցող տնօրենները չե՞ն մտածում, որ մի օր էլ անարդարությունը իրենց դռանն է չոքելու եւ ժողովրդի ու արդարության կարիք են ունենալու: Մարդ էնքան արդար ու ազնիվ պիտի լինի, որ ռիսկ անի ստորագրել:
    Ամոթ է … Աստծուց ո՞ւր եք փախչելու…

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *