ՍՐԻ ԵՎ ԽԱՉԻ ՀԱՐԱՏԵՎ ՈՒԽՏՈՎ

Ավարայրից ի վեր հայոց սրի եւ խաչի սրբազան ուխտն աներեր է, ինչպես որ անբաժան են հայ հողն ու հայ հավատը որպես միասնական ամբողջություն: Այդ հավատով ու հավատամքով է, որ մարտի ելնելուց առաջ հայ զինականը Զորաց զորավոր եկեղեցիներում է երդվել ջարդել թշնամուն եւ հավատի տնից է ճանապարհ ելել ի մարտ:
Այդ անսասան ուխտի զորությամբ է, որ այսօր էլ հայ եկեղեցին ու հայոց բանակն անբաժան են իրարից որպես ազգիս երկու պատվար ու ապավեն: Որպես սրի ու խաչի հարատեւ վկա ու առհավատչյա, որպես հավաստումն այդ միասնության` Սուրբ Խաչի Երեւման տոնին Սիսիանի սուրբ Հովհաննես եկեղեցում կացմակերպվեց զինվորների մկրտության արարողություն, որը մեծ խորհուրդ կրելուց զատ` ինքնին նորոգում է ուխտը հայոց` Ավարայրից եկող:
Այդ օրը ձեռամբ ՀՀ պաշտպանության նախարարության հոգեւոր գործերի պատասխանատու հայր Վրթանեսի եւ սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր սպասավորների մասնակցությամբ 33 զինվոր մկրտվելով` դարձան քրիստոնյա զինվորներ` վերստին ծնվելով եկեղեցու ավազանից, ինչը պարտավորեցնում է սիրել եւ պաշտպանել եկեղեցին, երկիրը ու հայրենիքը որպես սրբություններ: «Իսկ սրբություններ սիրող մարդը,- ինչպես ասաց սրբազան հայրը,- չի կարող ոչ պիտանի մարդ դառնալ»:
Հնչեցվեց Ամենայն Հայոց կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդ վեհափառի օրհնության գիրը մկրտյալներին եւ զինվորական կազմին: Սպաներին նվիրվեց Նոր Կտակարան` Քրիստոսի սիրո լույսը բոլոր սրտերում սերմանելու բարեմաղթանքով:

Սեփ. լրատվություն

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *