ՎԱՅ` ՍԻՍԻԱՆԻՆ, ԵԹԵ ՆՈՐԻՑ «ԸՆԿՆԻ ԱՂԱՍՈՒ ՁԵՌՔԸ»

Աղասի Հակոբջանյանը 2008 թ.-ին իշխանության եկավ հրապարակի վարդերը գետնին հավասարեցնելով` իր վերջին հանրահավաքի ժամանակ:
Դա, կարծես, խորհրդանշական եղավ նրա համար, որ հետագայում վարդերը քանդի, տեղը խոտ ցանի: Դրա հետ մեկտեղ հրապարակի 6 ջրավազաններից երկուսն էլ հողով արեց, նորից խոտ ցանեց: Վարդ ու ծաղիկ մշակելը դժվար է, ծախսատար է, ջուր ու ջրավազան պահել-շահագործելը դժվար է, ծախսատար է, իսկ խոտը… դե` խոտ է, կաճի, կաճի, կողքից էլ կհնձեն` իբրեւ թե գործ են անում` թոզ փչելով ժողովրդի աչքին:
Մի քաղաքի հրապարակում որ ծաղիկ չլինի, էդ քաղաքը քաղաք չի, էդ քաղաքի քաղաքապետին էլ պիտի այնտեղից վտարել:
Ի՞նչ է արել նա պաշտոնավարման 4 տարում. իրադրությանը չտիրապետելով, հեղինակազրկել է թե՛ իրեն, թե՛ իր շուրջը հավաքվածներին, թե` երբեմնի համբավաշատ քաղաքը:
Ու էս հալով կրկին իր թեկնածությունն է առաջադրել քաղաքապետի պաշտոնում:
Մի քանի տանիքի տակ դեգերած, հետո` ԲՀԿ ընտանիքում հանգրվանած, «կոալիցիոն» ուժերով իշխանության եկած, հետո` նրանց «քցած» քաղաքապետը դարձել է ոչ պիտանի եւ օտարացել, մեկուսացել հասարակությունից` իրեն բարձր դասելով բոլորից, երբ բոլորին պարզ է նրա եւ կրթական մակարդակը, եւ բնավորությունը, եւ ընդունակությունները: Հասարակությունը ինքը մերժեց նրան` իր այդ պահվածքի եւ նկարագրի համար:
Բոլորիս երազանքն է Սիսիանը տեսնել գեղեցիկ ու մաքուր, այնինչ` քարուքանդ արվածներին ավելանում են նորերը: Մարզպետարանի կողմից փռվող նախընտրական ասֆալտն էլ չի փրկի Աղասու հեղինակությունը, քանի որ ժողովուրդը շատ լավ հասկանում է, թե ինչի համար է դա: Ինքն էլ է շատ լավ հասկանում, որ իրեն մնացել է միայն տարատեսակ խուճուճ ինտրիգներով, թանկ «շաբաշներով» գրպանը «դատարկելով» նպատակին հասնելու ձեւը, ու շատերը գիտեն, որ նա գնալու է նման քայլի, քանի որ ընտրվելու ուրիշ ձեւ չունի: Բայց տեսնես ո՞ւմ են պետք այն «զոռբայությունները», «քյանդրբազությունները», նարդի խաղի նմանությամբ` քաղաքական «դաղալ խաղերն ու զառ բռնելը», երբ անզեն աչքով էլ տեսանելի է, թե ինչպես են վերեւները ՏԻՄ ընտրություններին հատուկ երանգ տալիս:
Լավ, ինչո՞վ են մեղավոր սիսիանցիները, որ «բախտ է վիճակվել» ունենալ նման քաղաքապետ:
Հիմա պատկերացրեք` քնենք-զարթնենք եւ հանկարծ իմանանք, որ «մինչեւ վարդապետի խազը խրված» «շուստրի» Աղասին կրկին քաջ Նազարի բախտին է արժանացել… Բայց` վայ Սիսիանին, եթե նորից այն «ընկնի Աղասու ձեռքը»: Պատկերացնո՞ւմ եք, թե ի՞նչ կկատարվի:
Բայց հազիվ թե նա հիմա կարողանա սիրաշահել սիսիանցիներին իր նախընտրական նոր խոստումներով, նրան ոտից գլուխ ճանաչում ենք եւ կարիք չունենք նորից ճանաչելու:
Եթե Սիսիանը նորից «ընկնի Աղասու ձեռքը», վայ` Սիսիանին, վայ` նրանց, ովքեր համարձակվել են նրա «թանին թթու ասել»: Իր քինախնդիր բնավորությամբ էլ ավելի քինոտ ու ոխակալ, վրեժխնդիր ու անպատժելի կպահի իրեն: Դեռ չի ընտրվել, դեռ համայնքի ղեկավարի թեկնածու է, ինչպես մնացած բոլոր թեկնածուները, բայց իրեն այնպես է պահում, այնպես է արհամարհում բոլորին, կարծես Սիսիանն իր բոստանն է, սիսիանցիները` իր վարձակալը:
Սիսիանին նման ղեկավարը վայել չէ, սիսիանցիները արժանի չեն այն արհամարհանքին, որ ցուցաբերել ու ցուցաբերում է համայնքապետը: 2012_114
Այո, պատկերացրեք, թե երկրորդ անգամ որքան մեծ ախորժակով, որքան ինքնասիրահարված ու որքան ագրեսիվ պահվածքով պիտի նայի Սիսիանին ու սիսիանցիներին: Ինքնասիրություն չունեցող մարդն է միայն ընդունակ ուրիշի ինքնասիրությունը վիրավորել: Սիսիանցին իր ինքնասիրության կռիվը պիտի տա` նման անինքնասեր մարդուն մերժելով: Փոխարեն ներողություն խնդրեր սիսիանցիներից 4 տարի նրանց խաբելու եւ հույսերը արդարացրած չլինելու համար եւ մարդավարի հեռանար, գործածում է բոլոր հնարքները, բոլոր անազնիվ միջոցները` ավելի մեծ ախորժակով Սիսիանը «հոշոտելու», սիսիանցիներին նվաստացնելու համար:
Խեղճ Սիսիան, ի՞նչ օրի կհասնես: Սիսիանցիները սխալվելու իրավունք չունեն: Սիսիանը անհրաժեշտաբար պիտի փոխի իր քաղաքապետին: Սեպտեմբերի 10-ին սիսիանցիները պիտի ունենան նոր քաղաքապետ` նոր անուն-ազգանունով: Թե ինչպիսին կլինի նա, ժամանակը ցույց կտա, բայց որ Աղասուն արդեն ճանաչում ենք, դա լիովին բավարար է` նրան երկրորդ անգամ չվստահել մեր երբեմնի հեղինակավոր եւ գեղեցիկ քաղաքի ղեկավարումը:
Սիսիանին նոր քաղաքապետ է պետք` լիցքաթափելու բոլոր այն տհաճ ու ագրեսիվ տրամադրությունները, որ ստեղծել է գործող քաղաքապետը իր պաշտոնավարման 4 տարիների ընթացքում, մաքրելու բարոյահոգեբանական այն լարված հոգեվիճակը, որ իշխում է ողջ քաղաքի եւ մարդկանց տրամադրությունների վրա, Սիսիանը փրկելու իր եւ իր ընտանիքի անդամների սեփականությունը կարծելու նրա մտածողությունից:
Սեպտեմբերի 10-ին Սիսիանին մաղթելով լույսի եւ հույսի նոր առավոտ` ցանկանում եմ այն բացվի նոր քաղաքապետ ունենալու աչքալուսանքով, քանի որ` վայ Սիսիանին, եթե նորից այն «ընկնի Աղասու ձեռքը…»…

Սամվել ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *