ՎԱՌԱՐԱՆԻ ԾՈՒԽԸ ՉԽԱՆԳԱՐԵՑ

Թեեւ դրսում արդեն ձմռան շունչն է, եւ թիվ 2 նախակրթարանի հանդիսությունների դահլիճում վառարանն էր հուշում մոտալուտ ցրտերի մասին, բայց աշնան գույներ էին հագել  թե՛ դահլիճը, թե՛  ավագ խմբի 24 սաները, որոնք գովերգում էին աշնան առատությունը, աշնան երանգները`  երջանկություն եւ բերկրանք պարգեւելով ծնողներին եւ հյուրերին: Իրենց աշխատանքը բարեխիղճ էին կատարել խմբի դաստիարակներ Անժելա Բաղդասարյանն ու Նաիրա Գրիգորյանը: Սաներից մեկի՝ Արմեն Ամիրխանյանի տատը՝ տիկին Անահիտը նշեց, որ այս մանկապարտեզում հանդեսները միշտ էլ հետաքրքիր եւ լավ են կազմակերպվում, երեխաները շատ բան  սովորած են տուն գալիս: Իսկ տնօրեն Զվարթ Հովսեփյանը հավելեց, որ իրենց աշխատանքն անում են երբեք չսպասելով գնահատականի, քանի որ երեխաների հետ աշխատանքն այնքան նուրբ է ու ճկուն, որ միշտ էլ կատարելագործման տեղ ունի: «Բայց երեխայի հետ աշխատանքը նաեւ այն աշխարհն է, որտեղ դու պիտի նրանցից մեկը դառնաս՝ նրանց հասկանալու, նրանց հասկանալի լինելու համար»,- ասում է Զվարթ Հովսեփյանը:
Մի քանի րոպեով մանկանալուն չխանգարեց վառարանի «հետ տված» ծուխը, որ լցվել էր միջանցքում, որովհետեւ մանկության աշխարհն, իրոք, երփներանգ է ու գունեղ:

Սեփ. լրատվություն

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *