ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՈՒՍՈՒՑՉԻ ԿՈՉՈՒՄ` ՍԻՍԻԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒՆ

Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ, անկախության տարիներին երկրի զարգացման մեջ ունեցած ավանդի համար, Սիսիանի ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Բելլա Ջիվանշիրյանն արժանացել է վաստակավոր ուսուցչի կոչման եւ պարգեւատրվել մեդալով: Մեր զրույցը նրա հետ ոչ միայն վաստակավորի կոչմանն արժանանալու, այլեւ` դպրոցի, արդի կրթության, նրա դերի, մերօրյա սերնդի, ուսուցչի աշխատանքի ու այլեւայլ հարցերի մասին էր: Ասաց, որ վաստակավորի կոչմանն արժանանալը անակնկալ է եղել իր համար, բայց եւ` հաճելի անակնկալ: «Նման բարձր գնահատականի արժանանալը համարում եմ իմ աշխատանքի դիմաց մեր պետության, մեր երկրի ղեկավարության ուշադրությանը, շնորհակալությունը»,-ասում է Բելլա Ջիվանշիրյանը ու հավելում, որ զգացված է նաեւ ավագ դպրոցի տնօրենի վերաբերմունքից, քանի որ տասնյակ ու տասնյակ լավագույն ուսուցիչների առկայության պարագայում իր թեկնածությունն է առաջադրել այդ բարձր կոչման համար: Հարցիս, թե որեւէ բան փոխվե՞լ է իր աշխատանքի, իր մտածողության, իր աշխատաոճի մեջ, տիկին Ջիվանշիրյանը, երախտապարտ ու շնորհակալ լինելով հանդերձ նշում է, որ անկախ նրանից` մեդալ կստանաս, չես ստանա, պարգեւի կարժանանաս, չես արժանանա, ինքն իր գործը անում է, եւ` սիրով, ջանադիր, նվիրված: «Գիտելիք տալուց զատ շատ կարեւորում եմ այն դաստիարակությունը, այն հայրենասիրությունը, ազգային եւ համամարդկային այն արժեքների ներդրումը աշակերտի գիտակցության, հոգեբանության, մտածողության մեջ, որ տալիս է դպրոցը: Երեխան նման է կավի, նա քո ձեռքի տակ հղկվում, մշակվում, դառնում այն, ինչ դու ես պատրաստում»,-ասում է Բելլա Ջիվանշիրյանը, ու բերում բազում-բազմաթիվ օրինակներ, թե ինչպես է իր սաներին, իր աշակերտներին սիրել տվել թե իր դասավանդած ֆիզիկա առարկան, թե բնության երեւույթներն ու շրջապատող աշխարհը:  12096144_911832805561837_3350509680809238545_n
Բելլա Ջիվանշիրյանը բոլորովին համամիտ չէ այն կարծիքին, որ ասում են, թե, իբր, ուսուցչի աշխատանքը անշնորհակալ է, եւ չի գնահատուվում հանրության կողմից: «Ընդհակառակը, Սիսիանում շատ գնահատում են ուսուցչին եւ խորապես հարգում: 30 տարուց ավելի աշխատում եմ դպրոցում, 10 տարի եղել եմ երթեւեկող ուսուցիչ` Դաստակերտի դպրոցում: Ազգային զարթոնքից առաջ հիմնականում ադրբեջանցիներ էին սովորում, անգամ իմ բաղաձայն ձայնով երգ եմ սովորեցրել նրանց, ու մտքովս մեկ անգամ նույնիսկ չի անցել, որ ուսուցիչը գնահատված չէ, որ նրա աշխատանքը անշնորհակալ է» -ասում է նա: Ապա աչքերի փայլով ու մեղմ ժպիտով հավելում, որ իր համար ամենամեծ գնահատականը եւ շնորհակալությունը եղել է եւ կա իր աշակերտների, նրանց ծնողների վերաբերմունքը: «Ես խորապես հուզվել եմ, որ վերջին զանգի ժամանակ իմ սաներից մեկը շնորհակալություն է հայտնել ոչ թե իրեն ֆիզիկա պարապելու, այդ առարկայի գաղտնիքների մեջ խորասույզ լինելու, այլ` հայրենասիրություն սովորեցնելու համար: Ամենակարեւորը` մենք մարդ ենք դաստիարակում, երկրի քաղաքացի»,-ասաց տիկին Ջիվանշիրյանը: Փորձեցի առարկել` ասելով, որ շատ կարծրացած չէ՞ այդ միտքը, չհամաձայնեց, ասաց, որ հրաշալի սերունդ է մեծանում, որ կան բացառիկ ունակությունների տեր աշակերտներ, որ հիացմունք են պատճառում: Ու ցույց տվեց իր աշակերտների ձեռքով պատրաստած ֆիզիկայի տոհմածառը, ֆիզիկական երեւույթները նկարչության վերածած` աշակերտուհիներից մեկի ալբոմը, բազմաթիվ ինքնաշեն սարքեր: «Երբեմն մտածում ես, որ պարտադիր չէ, որ հումանիտար հոսքի աշակերտը ֆիզիկայի բանաձեւը, կամ` քիմիայի ֆորմուլան իմանա, նրան դիտում ես որպես անհատականություն, անձ, եւ այդ տեսանկյունից գնահատում նրան, ու արդյունքն էլ ստանում ես: Կարեւորը գիտե՞ք որն է,-ասում է Բելլա Ջիվանշիրյանը,-որ ես սիրում եմ իմ աշակերտներին եւ գիտեմ, որ նրանք էլ ինձ են սիրում: Անչափ հուզվել էի, որ երբ վերադարձա դպրոց վաստակավորի կոչումը ստանալուց հետո, ինձ շնորհավորում էին ոչ միայն այն աշակերտները, ում դասավանդում եմ, այլեւ` նրանք, ում դաս չեմ տալիս, ու դա ինձ համար մեծ գնահատական էր»:
Ասում է` ֆիզիկ լիներ, թե` չլիներ, միեւնույն է, մանկավարժ պիտի դառնար, որովհետեւ դա իր տարերքն է: Պատմեց, որ երբ Դաստակերտից ադրբեջանցիները գնացին, դպրոցը փակվեց, եւ ինքը ստիպված ոչ մասնագիտական ժամեր էր պարապում Սիսիանի այլ դպրոցներում, բայց երբ Բաքվի փախստականները եկան Դաստակերտ, դպրոցը կրկին բացվեց, եւ ինքը նախընտրեց գյուղում իր մասնագիտական առարկան պարապել, անգամ` երթեւեկելով, քան` մնալ Սիսիանում: Հետո հանկարծ ձայնի երանգն ու խանդավառությունը մեկեն փոխվեցին, ու  թախծախառն ասաց, որ վերջին շրջանում, ցավոք, բուհական ընդունելության մրցույթից դուրս մնացած կամ` ցածր միավորներ ստացած դիմորդները գնում են մանկավարժական, էնքան որ մի տեղ սովորեն: «Այս պարագայում տարիներ հետո կունենա՞նք լավ մանկավարժներ»,-դառնությամբ ասում է տիկին Ջիվանշիրյանը ու մտահոգ շեշտում, որ պետությունը պիտի այլ մոտեցում ցուցաբերի այս առնչությամբ, այլապես…
Հասարակության կյանքում կարեւորում եւ համադրում է բանակն ու դպրոցը: Ասում է, որ երկուսն էլ նույնարժեք են իր համար, ինչի մասին նշել է նաեւ նախագահականում` իր մեդալը ստանալու շնորհակալական խոսքի ժամանակ: Կարեւորում է նաեւ, որ իր դասավանդած առարկան առավել շատ սիրում են տղաները, ու հենց դպրոցական նստարանից է նրանց նախապատրաստում բանակի համար:
Հետո սիրով ինձ ուղեկցում է դպրոցի փառքի սրահ, ցույց է տալիս առարկայական կաբինետները, եւ ասում, որ դաստիարակչական մեծ նշանակություն ունի այն իրողությունը, որ կաբինետներից շատերն անվանակոչվել են ոչ միայն իրենց դպրոցի հարգարաժան այն մանկավարժների անուններով, ովքեր մեծ վաստակ ու ավանդ են ունեցել դպրոցի կյանքում, եւ հեռացել են կյանքից, այլեւ` նրանց, ովքեր իրենց անունը ոսկե տառերով են գրել սիսիանյան տարեգրության մեջ:
Եվ, որպես ամփոփում մեր զրույցի, Բելլա Ջիվանշիրյանը չի մոռանում նշել, որ իր կոչումը, իր վաստակը միայն իրենը չի, դա ողջ դպրոցի մանկավարժական կոլեկտիվի վաստակն է, եւ ցանկանում է, որ բոլորն էլ արժանանան վաստակավորի կոչման, որովհետեւ …բոլորն էլ արժանի են: «Հիմա ուղղակի իմ հերթն էր…»,-ասաց, ու մեղմ ժպիտ իջավ դեմքին…
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
16.10.2015

5 մեկնաբանություն ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՈՒՍՈՒՑՉԻ ԿՈՉՈՒՄ` ՍԻՍԻԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒՆ հոդվածին

  1. Շնորհավորում եմ, արժանի կոչում սիրելի դասղեկիս:

  2. SHNORHAVORUM EM IM SHAT SIRELI DASXEK JAN< DUQ ARJANI EQ AYD KOCHMANN.

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *