ՎԱՐԿ ՎԵՐՑՆԵՄ` ՎԱՐԿՍ ՓԱԿԵՄ…

Սիրուն էր աշնանային Թասիկը: Մայրացած կնոջ բերկրանքով` արեւկող էր արել ու վայելում էր աշնանային իր պտղաբերումը…
Գյուղական օրը սկսվում է գյուղամիջում` փոխանակմամբ: Հավանություն չտալով լուսանկարելու` իմ քայլին, փոխանակում անող մի կին, ոչ` դժգոհ, ոչ` գոհ` ասաց` տեղով մեկ նկար ենք էլի…Բայց հետո` մայրական ու կնոջական ներքին մղումով, որ անթեղել էր հոգու խորքերում, ավելացրեց` նկարում ես` նկարի, մեր ապրելու ձեւը սա է…էս էլ որ չլինի, չգիտենք` ինչ պիտի անենք: Կամ` պիտի թողնենք գնանք, կամ… Ո՞ւր գնաք հարցիս էլ պատասխանեց` ձեռքը երկնքին ուղղելով…
Դժվար, ծանր կյանքը, անվերջ հոգսը, պակասությունը, միեւնույն է, չէր դառնացրել ու չէր կոպտացրել իր անունն ասել չցանկացող այս մայրիկին…հայ մորը…
Հազարերորդ անգամ համոզվեցի, որ նա է հայ տունը, նա է հայ գյուղը, նա է հայ հողը, նա է երկիրը…
Արեւոտ օրվա արեւողող Թասիկը ինձ զարմացնելու եւ ուրախացնելու մի քանի առիթ էլ պարգեւեց` դպրոցի մոտ, նախկին տան տեղում, 60 ամյա Ալեքսան Բարսեղյանը նոր տուն էր կառուցել… Իրենց քրտինքով, իրենց հալալ-զուլալ վաստակով իրենց տունն են կառուցել պայմանագրային զինծառայող որդու հետ, ու տունը ամրացրել է հողը` իրենով, սիրունացրել, հուսավառել է աշխարհը` իրենով, իմաստավորել է հայրենիքը` իրենով…DSC02571
Գյուղի մուտքի մոտ էլ մատուռ է կառուցվում… Ու թեեւ առայժմ աշխատանքները դադարել են, ու թեեւ այս աշխարհում ոչինչ ոչնչով փոխարինելի չէ, եւ` համեմատելի չէ, բայց ներքին ուրախություն ապրեցի, որ հանրահայտ Թանահատից, կամ` ինչպես տեղացիներն են ասում` Կարմիր վանքից հետո, տասնյակ ու տասնյակ դարեր անց, Թասիկում հավատքի տուն է կառուցվում, աղոթի տուն, սիրո եւ հույսի տուն…
Համայնքի ղեկավար Խաչիկ Հովհաննիսյանի խոսքով` Թասիկն էլ նման է մեր բոլոր մյուս գյուղերին` գյուղին բնորոշ իր խնդիրներով: Թասիկեցիներն էլ այս տարի կաթը էժան հանձնեցին` անցյալ տարվա 140-150-ի փոխարեն` 110 դրամով, ցորենն էժան են հանձնում` անցյալ տարվա 150-ի փոխարեն` 105 դրամով, իսկ բնությունն էլ իր հերթին այս տարի բարեհաճ չեղավ գյուղացու նկատմամբ, եւ բերքատվությունը շատ ցածր էր` գարնանացանի միջին բերքը հեկտարից 10 ցենտներ, աշնանացանը` 20-25-30: 30 ցենտներ բերքն էլ որոշ դաշտերի` նպաստավոր տեղանքով էր պայմանավորված:
-Այսօր թեեւ գյուղում վաճառքի ենթակա մի 50 գլուխ խոշոր կա, բայց գնորդ չկա: Անցյալ տարի գյուղացին միսը 2000 դրամով էր հանձնում, այս տարի 300 դրամով գինը իջել է, բայց դա էլ չեն տանում: Հիմնական սպառողը Երեւանն է, դե գնորդն էլ, հավանաբար, նախընտրում է մայրաքաղաքին մոտ ապրող արտադրողից գնել, քան` գալ-հասնել աշխարհի այս կորած անկյունը` այն էլ այնպիսի ճանապարհներով, ինչպիսին մերն է,-ասում է համայնքի ղեկավար Խաչիկ Հովհաննիսյանը, ու պատմում, որ վերջերս տարածաշրջան եկած տրանսպորտի նախարարին խնդրել է հարեւան` Տոլորսի համայնքի նման, ասֆալտապատել նաեւ իրենց գյուղի ճանապարհը, ու նախարարը պատասխանել է` գարնանը…
Դե` մարդ են, հավատում են: Հետո էլ` միայն Թասիկը չի. նույն անմխիթար ճանապարհը նաեւ հարեւան` Աշոտավան, Հացավան, Սալվարդ համայնքներ է տանում…
-65 տնից Թասիկում թեեւ փակ է միայն 7-8 տան դուռ, բայց երիտասարդություն էլ չկա գյուղում,-ասում է համայնքապետը:  -Հողը, ցավոք, այդպես էլ չդարձավ ընտանիք կերակրող, ընտանիքի բարեկեցություն ապահովող: -Մի բան էլ կա սակայն, -ասում է համայնքապետը, –եթե գյուղում մարդը սոված է մնում, ուրեմն` ամոթ իրեն, ուրեմն` դա միայն իրենից է, որովհետեւ գյուղում ապրողը իրավունք չունի սոված մնալ:DSC02575
Միայն սոված չմնալը չափանի՞շ է իմ հարցին էլ պատասխանում է ասելով` գարունը բացվելուն պես մինչեւ առաջին ձյունը գյուղացիները մեր դաշտերից բերում են սունկ, շուշան, բոխի, մասուր, ամեն ինչ, եւ, ի տարբերություն գյուղմթերթի, այս ապրանքները հենց գալիս-տեղում վերցնում են: Շատերն են իրենց ընտանիքի որոշ հոգսեր դրանով լուծում:
Յոլա գնալը մեզ համար դարձել է կենսաձեւ… Ձգտումը կա, իհարկե, շատերն են իրենց կենցաղային հին իրերը փոխարինում նոր, ժամանակակից տեխնիկայով, շատերն են վերափոխում գյուղական իրենց կենցաղը, բայց…
Երբ մտանք գյուղապետարան, գյուղացիներից մեկը եկել էր տեղեկանքի: Հարցիս` ի՞նչ համար է, ասացին` էլ` ինչի՞… վարկ վերցնելու…Վարկով ապրելը դարձել է «օրինաչափ», բնական…  Իսկ` «վարկ վերցնեմ` վարկս փակեմ» արտահայտությունը մեր ժամանակների ամենահայտնի ու տարածված խոսքն է:
-Ես էլ եմ վարկ վերցնում, առանց դրա չի լինի,-ասաց գյուղապետը:
Ժամանակ առ ժամանակ, մեր իրականությունը բնութագրող մի հանրահայտ խոսք է լույս աշխարհ գալիս` փոխարինելով «Արեւի երկիր Հայաստանիս»… Մի պահ այն «Դատերի երկիր Հայաստանս» էր` հոկտեմբերի 27-ի բազմամյա բազմասերիալ դատերը նկատի ունենալով, հիմա` «Վարկերի երկիր Հայաստանս»… Թե հետո «ինչերի» երկիր է դառնալու Հայաստանս, նորին մեծություն ժամանակը ցույց կտա…
Խաչիկ Հովհաննիսյանը 25 տարեկանում է համայնքապետ դարձել` ամենաերիտասարդը տարածաշրջանում, եւ արդեն 10 տարի ղեկավարում է համայնքը: Հարցիս, թե ո՞րն է համարում իր պաշտոնավարման շրջանում կատարած իր ամենակարեւոր գործը, որ արել է համայնքի համար, ասաց` բոլորն էլ կարեւոր են, որովհետեւ գյուղում լուծված ցանկացած հարց էլ կարեւոր է…ու հավելեց, որ գյուղի` անցյալ դարի 80-ականներին անցկացված 4 կմ խմելու ջրագիծը փոխարինվել է նորով, եւ գյուղը բոլորովին նոր որակի ջուր է ստանում Մուխուրթուրյանի ջրատարից, ասաց, որ գյուղում ստեղծվել է կաթի հավաքման կետ: Կարեւորեց գյուղի վարելահողերի մոտով հոսող` Գիժ գետի ափի` 1,5 կմ նոր պատնեշի կառուցումը, որը հողատարածքներն այլեւս պաշտպանում է գարնանային հեղեղումներից, կարեւորեց 1,5 կմ ոռոգման համակարգի բարելավումը, նոր բուժկետի ստեղծումը….Առավել կարեւոր համարեց այն, որ նախկին հողաշեն շինությունից գյուղի հիմնական դպրոցը տեղափոխվել է նախկին մանկապարտեզի շենք: «Խորհրդային ժամանակներում մանկապարտեզի համար կառուցված տիպային շենքը թեեւ հիմնանորգման կարիք ունի, բայց անհամեմատելի են դպրոցի պայմանները նախկինի հետ,-ասում է գյուղապետը: –Գյուղը դպրոցով է գյուղ»:DSC02587
Ապա ավելացնում է, որ նույն շենքում, «Քայլ առ քայլ» բարեգործական ծրագրի կողմից վերանորոգվել, կահավորվել է նաեւ մի սենյակ` գյուղի մանկապարտեզահասակ երեխաների համար, ուր հաճախում է 2-5 տարեկան 7-8 երեխա: Երեխաներին մի քանի ժամ զբաղեցնում, խաղեր, երգեր, ոտանավորներ է սովորեցնում Գայանեն, ով ասում է, որ երեխաները մեծ սիրով են գալիս խնամքի կենտրոն…
Ինձ համար, գոնե, ավելի տխրեցնող ու ցավեցնող երեւույթ չկա հիմա, քան` ընդամենը 2-3 նստարան եւ ընդամենը մեկ աշակերտ ունեցող դպրոցական դասարանը…Անուշ անունով այս աշակերտուհին ասաց, որ ուզում է քննիչ դառնալ… Լավ է անում, թող դառնա ու քննի, թե ինչու է այնպես եղել, որ ինքը հիմա իր դասարանի միակ աշակերտն է մնացել…
Թասիկի դպրոցում սովորում է 15 աշակերտ, այս տարի 2 առաջին դասարանցի են ունեցել: Գյուղում մի քանի նորածին երեխա կա, ու մի քանիսն էլ կծնվեն… Դպրոցի մաքրարարուհին 5 երեխա ունի… Բազմազավակությունը, փառք աստծո, գյուղերում դեռ «մոդա է»…
Հրաժեշտին նորից հայացքս ընկավ դպրոցի անմիջապես հարեւանությամբ կառուցված` Ալեքսան Բարեսղյանի նորակառույց տանը…
Աշնան տաք ու անուշ արեւը փարվել էր տան ճակատին, ու ինձ թվաց` վաղվա օրվա հույսի պեծն էր…
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
20.10.2015

Մեկ Արձագանքման ՎԱՐԿ ՎԵՐՑՆԵՄ` ՎԱՐԿՍ ՓԱԿԵՄ… համար

  1. Վնաս կրած գյուղացիներին հենց այդպես էլ սովորացրել են, թե < Արի՛, նոր վարկ վերցրու, հի՛ն փակիր...>: Ավելին, հազար դոլար էլ վելացնում են հնի վրա, գումարած տոկոսները…
    Եթե հաշվենք, որ նախանցած տարի բերքը կարկտահարվեց, իսկ անցած տարի ՝ ցրտահարվեց, ապա երեք տարի շարունակ կրկնվում է նույն խաբկանքը՝ նոր վարկով փակում են հինը, և այդպես շարունակ…

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *