ՎԱՐՊԵՏԱՑ ՎԱՐՊԵՏ ԱՆԳԵՂԱԿՈԹՑԻՆԵՐԸ՝ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100 ԱՄՅԱԿԻՆ

Հարյուր տարի է՝ աչքներս գցել ենք աշխարհի երեսին և արդարություն ենք պահանջում… Հայերի զանգվածային ցեղասպանությունն առաջին ոճիրն էր 20-րդ դարասկզբին: Եվ այդ ոճիրը երբեք չդատվեց ու չդատապարտվեց: Այդ պատճառով է, որ հայերը, բոլորից ավել գնահատելով խաղաղությունը, չեն կարող մոռանալ այդ իրողությունը, որը սովորական հուշ չէ, այլ՝ պատմական տարեթիվ, և կարող էր մի ամբողջ ժողովրդի վախճանը դառնալ:

20-րդ  դարի ամենամեծ ոճիրը՝ հայոց ցեղասպանությունը, որը մինչև այսօր չի ճանաչել  գերտերությունների մեծ մասը, չի ճանաչել նաև Թուրքիան: Հայոց աշխարհի հանդեպ պատմության անարդար վերաբերմունքը հանգիստ չի տալիս ոչ մի հայի: Յուրաքանչյուր հայի հուզում է մայր ժողովրդի ճակատագիրը, հայության աշխարհասփյուռ  հատվածների ճակատագիրը: Մեծ եղեռնի զոհերը`հայության բեկորները, սփռված լինելով աշխարհով մեկ, մաքառում են սպիտակ ջարդի դեմ` ամենուր հիմնելով իրենց օջախը, կառուցելով վանքեր ու խաչքարեր, ճարտարապետական  կոթողներ:

Ապրիլի 24-ին  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր քաղաքներում, համայնքներում …

Անգեղակոթի համայնքը ևս անմասն չէր…օրվա գլխավոր միջոցառումը մշակույթի տան բակում էր, որտեղ տեղի ունեցավ Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ  տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողությունը: Մատաղ սերունդը անմոռուկը ձեռքին, ինչը խորհրդանշում է հինգ մայրցամաքներում հանգրվան ած մազապուրծ հայ ժողովրդին, և փոքրիկ պաստառներով` «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով, հիշեց հայ ընտանիքների պատմությունը, հայերի վերապրած ողբերգության պատմությունը և հետո պահանջատիրոջ իրավունքով հատուցում պահանջեց:

Միջոցառմանը մասնակցելու էին եկել բազմաթիվ հյուրեր Սիսիան քաղաքից, հարակից համայնքներից: Հակառակ տեղացող առատ ձյանը` միջոցառումը չընդհատվեց, ավելին՝ ներկաները հիշեցին Պ. Սևակի տողերը ՝ «Գարուն ա, ձուն ա արել…» …

Հարկ եմ համարում նշել, որ Անգեղակոթ համայնքում յուրաքանչյուր հուշարձանի, խաչքարի կամ հուշաքարի կառուցումն ու տեղադրումը կատարվում է շնորհիվ  անգեղակոթցի վարպետների . նրանք թվով շատ չեն, քիչ են, բայց իրենց գործում, անշուշտ, վարպետաց վարպետ են:

Հայ ժողովուրդը չի դադարեցնելու իր պայքարը և հասնելու է Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչմանը: Ի վերջո՝ Թուրքիայի կառավարությունը պետք է, պարտավոր է ճանաչել մեր 100-ամյա մորմոքի իրականությունը:

Ես, որպես հայ, դատապարտում եմ կատարված ոճիրը…

Լիանա ԳԵՎՈՐԳՅԱՆ

Անգեղակոթ

28.04.2015

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *