ՎԵՐԱԴԱՐՁՍ ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԼԻՆԻ

Նորիկ Աղաջանյանը 1996-2005 թ.թ. եղել է Ախլաթյանի համայնքապետը: 2005 թ. համայնքային ընտրությունների ժամանակ չի առաջադրել իր թեկնածությունը: Համայնքում ընտրվել է նոր գյուղապետ: Սակայն 3 տարի հետո Նորիկ Աղաջանյանը կրկին առաջադրվել է` մրցակցելով գործող գյուղապետր հետ եւ ընտրվել: Ի՞նչն էր պատճառը նախորդ անգամ չառաջադրվելու, սա նոր վերադա՞րձ էր, թե՞…
Մեր հարցազրույցն այս եւ այլ հարցերի շուրջ է Ախլաթյանի նախկին ու նոր համայնքապետ Նորիկ Աղաջանյանի հետ:

-Մի գեղեցիկ խոսք կա, որ ասվում է` մարդ պիտի ժամանակին հեռանալու պահը զգա, որ հետո վերադարձը թե՛ հնարավոր լինի, թե՛ սպասելի, թե՛ ցանկալի: Նման վիճակ, կարծես, ստեղծվել էր հենց ինձ համար: 9 տարի աշխատել էի Ախլաթյանի համայնքում, շատ բան էի արել, շատ բան չէի արել, բայց կարծես լավը մարդկանց աչքին այլեւս չէր երեւում, եւ շատ արագ աչքի էր զարնում վատը, թերությունը: Գուցե դա նաեւ բնական էր, գուցե ես էլ շատ բան  չէի տեսնում: Եւ մտածեցի, որ գյուղում նորություն, փոփոխություն է պետք, ու հենց ես էլ սատարեցի, որ ընտրվի նոր գյուղապետ: Իսկ ինքս ավելի շատ սկսեցի զբաղվել իմ մասնավոր խնդիրներով, իմ անձնական հարցերով ու տնտեսությամբ, ինչի համար եւ չեմ զղջում:
–  Այդ դեպքում ինչո՞վ բացատրել Ձեր` կրկին առաջադրվելը, սա նոր վերադա՞րձ էր, թե՞…
– Թեեւ համայնքի ղեկավարման կյանքին  չէի միջամտում, կողքից, դրսից շատ ավելի շատ բան կարողացա տեսնել ու զգալ, քան երբ ինքս ներսում էի: Նախ` համեմատության մեջ դնելով` ժողովուրդը տեսավ, որ ես քիչ բան չէի արել համայնքի համար, տեսավ, որ ես էլի կարող ուժ եմ, որը դրսեւորվել էր իմ մասնավոր գործերի առաջընթացում, ինքս էլ ցավով զգացի, որ գյուղում փոխվում է այն լավ ավանդույթը, ինչը ես թողել էի, ու գյուղի անունն ավելի շատ բացասական առիթներով էր հնչում, եւ որոշեցի վերադառնալ, քանի որ զգացի, որ ես գյուղին պետք եմ: Ինձ թվում է` վերադարձս ավելի արդյունավետ կլինի գյուղի համար, քան` եթե փորձեի նախորդ 3 տարին եւս մնալ:
– Նախորդ 3 տարին ի՞նչ տվեց Ձեզ:
– Ասացի, որ նախ իմ մասնավոր խնդիրները լուծեցի, ինչից շատ գոհ եմ, եւ հետո մտածելու ժամանակ եւ հնարավորություն ունեցա, թե որտեղ էի թերացել, ինչ էի բաց թողել, որ ղեկավարման վերջին շրջանում կարծես դժգոհություններն էին շատացել իմ աշխատանքից: Ես հիմանական ուշադրությունը սեւեռել էի գյուղի համար ավելի գլոբալ խնդիրներ լուծելուն, քան, թեւ կարեւոր, բայց ոչ առաջնահերթ, ու … սխալվել էի, որովհետեւ գյուղի համար բոլոր խնդիրներն էլ հավասարապես կարեւոր ու առաջնահերթ են: Նախորդ ղեկավարման շրջանում իմ կատարած ամենամեծ աշխատանքները համարում եմ խմելու ջրի ջրագծի կառուցումը, որը Սյունիքի մարզի այն ժամանակվա ամենամեծ եւ ամենաառաջին ջրագծերից էր: Այն սկսեցինք 96-ին եւ ավարտեցինք 2003-ին: Գյուղի համար շատ կարեւոր էր կաթի արտադրության ասոցիացիայի ստեղծումը, որով գյուղացին լուծեց իր արտադրած կաթն իրացնելու խնդիրը: Բայց դրան զուգահեռ փողոց էլ պիտի բարեկարգվեր, լուսավորություն էլ պիտի անցկացվեր, մանկապարտեզ էլ պիտի բացվեր: Դրանք փոքր բյուջեյով հնարավոր չէր, բայց դա արդեն ղեկավարի խնդիրն է, ոչ թե` բնակչի:
– Ձեր աշխատաոճը փոխե՞լ եք, թ՞ե պիտի աշխատեք այնպես, ինչպես այն ժամանակ:
– Ինքնստինքյան փոխվել է, որովհետեւ ժամանակն է փոխվել, պահանջներն են փոխվել, խնդիրներն են փոխվել: Բայց նախ` կվերականգնեմ նախկին լավ ավանդույթները ու կշարունակեմ իմ ծրագրերը, կավարտեմ իմ թերի գործերը: Նախորդ պաշտոնավարման շրջանում խմելու ջրի ներքին ցանցը մասնակի նորոգեցինք, ինչը հնարավորություն չի տալիս, որ համայնքի յուրաքանչյուր բնակիչ իր տանը ջրի ծորակ ունենա, բայց հիմա այդ հարցը նույնիսկ նվազագույն միջոցներուվ կարելի է լուծել եւ կլուծենք: Այն ժամանակ կենցաղի տունը չվերանորոգեցինք, եւ գնալով այսօր նրա վիճակն ավելի անմխիթար է դառնում, ուստի  այն վերանորոգելն ինձ համար նույնպես առաջնահերթ է դարձել: Այն ժամանակ մանկապարտեզ չէինք կարող բացել, հիմա դա հնարավոր եմ համարում: Այն ժամանակ հարկերը շատ դժվար էր հավաքագրվում, հիմա նաեւ ինքնակամ բերում- վճարում են:
– Իսկ ի՞նչն է պատճառը, չէ՞ որ կյանքն ավելի լավը չի դարձել եւ մարդիկ` ավելի ապահովված:
– Մարդկանց հոգեբանության մեջ է փոփոխություն կատարվել. չունենալը նրանց չի ազատում պարտավորությունները կատարելուց: Շատ է  նպաստել նաեւ պետության  կողմից գյուղացուն սուբսիդավորելը:
– Միայն դա քիչ չ՞է այդքան լավատես լինելու համար:
– Ոչ միայն` դա: Կաթի արտադրության ասոցիացիան դիմել է գնորդին` վարկեր տրամադրելու` ամռանը կաթի տեսքով այն մարելու համար, եւ համաձայնությունը ձեռք է բերվել: Գյուղում, ի վերջո, գործում է 4 խանութ, նշանակում է` նաեւ առեւտուր կա, գումար կա մարդկանց ձեռքին:
Գյուղացին այսօր ստեղծում է իր վաստակը թե՛ Ղարաբաղ գնալով, թե՛ Ռուսաստան, թե՛ տեղում անասնապահությամբ զբաղվելով: Դաշտավարությունը ռիսկային է մեզ մոտ, դրա համար մարդիկ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Գիտեք` որքան կարեւոր եմ համարում այն, որ մարդիկ սկսել են իրենց տները վերանորոգել, նոր կառույցներ ավելացնել, բարեկարգել, բարելավել կենցաղը: Սա մեծ հոգեբանական փոփոխություն է գյուղացու համար:
– Անկախ ամեն ինչից` խոսել Ախլաթյանից եւ չխոսել Ախլաթյանում  Վերահսկիչ պալատի արձանագրած չարաշահումների մասին, թերեւս հնարավոր չէ, ի՞նչ կասեք:
– Իրականում վատ բան է կատարվել համայնքում, եւ ես չէի ցանկանա: Իմ աշխատելու ժամանակ նման որեւէ բան թույլ չեմ տվել, համայնքային որեւէ սեփականություն չի փոշիացվել: Ֆոնդային բյուջեյից որեւէ ներդրում կարելի է կատարել միայն այն ժամանակ, երբ դրա դիմաց շատ ավելի շատ կարեւոր հիմնախնդիր կլուծես գյուղի համար, ոչ թե համայնքային սեփականությունը, այս պարագայում, խողովակը օտարես` ասենք աշխատավարձի պարտքեր մարելու համար: Իմ կարգախոսը եղել է եւ կա. մինչեւ որեւէ կոնկրետ ու կարեւոր ծրագիր չբերեմ գյուղ, հիմանական որեւէ միջոց ներդրում չեմ դարձնի, չեմ վաճառի:
– Իսկ նախորդ տարիներին ի՞նչ լավ գործեր են արվել:
– Գործեր, իհարկե, արվել են, չի կարելի չտեսնել: Հուշակոթող է կառուցվել: Բայց մեկ արված լավ գործի դիմաց մի քանի տեղից էլ վնաս է հասցվել համայնքին: Ես չեմ կարծում, թե հուշակոթողը տեղադրելու լավագույն վայրն էր ընտրվել գյուղի կենտրոնը:
– Ի՞նչ կավելացնեք:
– Վստահ եմ, որ իմ վերադարձը շատ բան կտա գյուղին, համայնքին, եւ վստահ եմ, որ դրա համար թե՛ ես չեմ զղջա, որ վերադարձել եմ, թե՛ համայնքը, որ իմ վերադարձի համար իր վստահության քվեն տվեց:

Զրույցը վարեց
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ


2008 թ. հոկտեմբերին կայացած  ՏԻՄ ընտրություններում 11-ի փոխարեն ընտրվեց ավագանու 6 անդամ: Նրանցից մեկը ճանաչված նկարիչ, Սիսիանի գեղարվեստի դպրոցի ուսուցիչ Աշոտ ԱՎԱԳՅԱՆՆ Է, որի հետ ծավալվեց մեր զրույցը ավագանու դերի, համայնքի հիմնախնդիրների լուծման մեջ նրա մասնակցության եւ ավագանու անդամ դառնալու իր նպատակների շուրջ:

-Պարո՛ն Ավագյան, Ձեզ հետ վերջին տարիների իմ զրույցներում, հարցազրույցներում, երբ խոսք էր  լինում քաղաքականության, ոչ հեռու անցյալում Սիսիանի քաղաքական կյանքում Ձեր ունեցած ակտիվ դերի մասին, Դուք չէիք ցանկանում խոսել այդ թեմայով, անգամ` հիշել, այն համարելով մեծ կորուստ եւ ժամանակի վատնում Ձեր մասնագիտական  գործունեության համար: Բայց ահա ավագանու ընտրված 6 անդամներից մեկը Դուք եք: Ի՞նչ է սա` վերադարձ ակտիվ քաղաքականությու՞ն, թե՞…
– Ես քաղաքականություն չեմ տեսնում ավագանու անդամ դառնալու մեջ: Սա, թերեւս, ավելի շատ այստեղ ծնված, այստեղ ապրող, աշխատող մարդու1-7 մտահոգության դրսեւորման մի ձեւ է իր ծննդավայրի, իր քաղաքի խնդիրների լուծման համար:
– Եւ, այնուամենայնիվ, ՏԻՄ ընտրությունը քաղաքական ակցիա է, եւ մասնակցել դրան, նշանակում է` մասնակցել քաղաքականությանը:
– Քաղաքականությունն ինձ համար ավելի գլոբալ հասկացություն է, բայց եթե փորձենք փոքրացնել մասշտաբը, վերջին հաշվով աղբ հավաքելն էլ է քաղաքականություն, քաղաքի տեսքը բարեկարգելն էլ: Իսկ ավագանու անդամ դառնալու նպատակս քաղաքական չի եղել: Ես սիրում եմ մեր քաղաքը, եւ, որպես ավագանու անդամ, կփորձեմ ձեռքիցս եկած ամեն ինչ անել այն պահպանելու եւ եկող սերնդին ավելի լավ քաղաք փոխանցելու համար:
– Ի՞նչը ձեզ չի գոհացնում որպես համայնքի բնակիչ, որ փորձում եք ավագանու անդամ դառնալու միջոցով բարելավել:
– Երբ նայում ես շուրջդ, երբ տեսնում ես իրականությունը, այնպիսի տպավորություն ես ստանում, որ այս քաղաքը մարդիկ ատել են, քաղաքաշինական տեսքը փչացրել, խաթարվել է քաղաքաբնակ մարդու հոգեբանությունը, Սիսիանը ոչ գյուղ է, ոչ քաղաք: Դադարել ենք սիրել մեր քաղաքը, եւ ամենամեծ կորուստը մեր հոգեբանության մեջ է: Պիտի փոխվի այս հոգեբանությունը:
– Պարո՛ն Ավագյան, ավագանու անդամ լինելը հանրային, հասարակական աշխատանք է, իսկ Դուք նաեւ կոնկրետ քաղաքական ուժ եք ներկայացնում` ՀՅԴ-ն: Դա դեր ունենալու՞ է ավագանու անդամի Ձեր գործունեության մեջ:
– Այո՛, դեռեւս 1 ամիս առաջ կուսակցության հրավիրած ժողովում կուսակցությունը նշել է իր ուղեգիծը, թե ինչ կարող է անել քաղաքի համար, եւ, որպես ավագանու անդամ, ինքս եմ ներկայացնելու այդ հարցերն ու խնդիրները ավագանու նիստերում եւ տեղական ինքնակառավարման մարմնում:
– Դուք Ձեզ պարտավորված զգու՞մ եք Ձեր ընտրողի առջեւ եւ հաշվետու՞ եք լինելու նրան:
– Առայժմ չգիտեմ, թե ինչ մեխանիզմով դա կարվի: Ասեմ նաեւ, որ նախընտրական շրջանում գուցե չափից ավելի շատ խոստումներ էլ ենք տալիս, բայց ժամանակն ամեն ինչ ցույց կտա:
– Ի՞նչ խնդիրներ եք կարեւորում Սիսիանի համար:
– Իմ նախընտրական ծրագրում կար քաղաքի լուսավորության հարցը, դա կար նաեւ քաղաքապետի ծրագրում, եւ այսօր այն որոշակիորեն լուծվել է: Իմ նախընտրական ծրագրում կար քաղաքի խմելու ջրի խողովակաշարը գերեզմանների տարածքից տեղափոխելու եւ գերեզմանատունը փակ դարձնելու հարցերը: Դրանք լուրջ խնդիրներ են եւ մեծ ֆինանսի հետ կապված, բայց` հրատապ լուծում պահանջող: Ինձ համար շատ կարեւոր խնդիր է ոչ թե փողոցներն ու փոսերն ասֆալտապատելը, այլ` ջրահեռացման համակարգի հիմնախնդրի լուծումը: Եթե նախորդ տարիների ընթացքում տարեկան մեկ փողոցի ջրահեռացման համակարգ կառուցվեր, այսօր կունենայինք ասֆալտապատ փողոցներ, եւ արված ասֆալտն էլ կպահպանվեր ավելի երկար ժամանակ, արվելուց 1 ամիս հետո նորից չէր քանդվի:
Շատ կարեւոր խնդիր եմ համարում համայնքային ենթակայության կառույցների աշխատողների աշխատավարձի բարձրացումը: Ինքս նույնպես ենթակայության կազմակերպության աշխատող եմ եւ քաջ գիտեմ այդ հիմախնդիրները:
– Որպես ավագանու անդամ ի՞նչ ուղիներ եք տեսնում այդ խնդիրների լուծման համար եւ կա՞ն հնարավորություններ:
– Նվազագույն առումով` այո՛: Ավագանին ինքն է հաստատում համայնքի բյուջեն, ինքն է վերահսկում: Յուրաքանչյուր լուման պիտի նպատակային ծախսվի: Ենթակայության կազմակերպություններում պարապ սուրճ խմողներ կան, նրանք պիտի կրճատվեն, եւ դրա հաշվին ավելանա իսկապես աշխատողի աշխատավարձը:
– Բայց դրանով գործազրկությունը կավելանա:
– Գործազուրկի նպաստը ավելի բարձր է, թող գնան գործազուրկի նպաստ ստանան, դա ավելի պատվաբեր է, քան` պարապ տեղը համայնքային բյուջեից փող ստանալը: Եթե բյուջեի նպատակային ծախսին գումարվեն կողքից բերված ծրագրերը, հետեւողական աշխատանք տարվի, այո՛, հնարավոր է համայնքի նվազագույն խնդիրները լուծել:
– Ինչպիսին պիտի լինի համայնքապետի եւ ավագանու փոխհարաբերությունը: Գտնու՞մ եք, որ ավագանին պիտի համայնքապետին հակակշիռ կառույց լինի:
– Չի կարելի միանշանակ ասել: Եթե համայնքի ղեկավարը լավ առաջարկությամբ հանդես գա, ինչու՞ պիտի դեմ լինել: Բայց նաեւ` նայած թե ավագանու որ անդամը ինչ խնդիր լուծելու համար է ավագանու անդամ դարձել: Եթե իր մանր խնդիրները լուծելու համա~ր… Նախկին ավագանին երեւի միայն այդպես է գործել, այդ դեպքում ի՞նչ հակակշռի մասին է խոսքը: Հենց դա էր պատճառը, որ նորընտիր ավագանին չեղյալ է համարել նախկինի` առայժմ միայն մեկ որոշումը` քաղաքի շահերից ելնելով:

Զրույցը վարեց
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *