ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է… ՎԵՐԱԿԱՌՈՒՑԱԾԸ

12

«Որոտան» թերթի նախորդ համարում (մարտի 25 թիվ 4(95) տպագրված` «Ձյունը հալվեց, մանրասալիկներն էլ` հետը» հոդվածից հետո մեզ զանգահարեց ոմն Դավիթ եւ սկսեց հոխորտալ ու սպառնալ հոդվածում տեղ գտած «անճշտությունների» եւ «սխալների» համար:
Ասենք, որ հոդվածում խոսքը վերաբերում էր հրապարակի` ընդամենը մի քանի ամիս առաջ կատարված շինարարական անորակությանը, իսկ որպես ավելի քան խոսուն վկայություն զետեղված էր շինարարական անորակությունը փաստող լուսանկարը…
Գուցե թե այս մասին գրելու անհրաժեշտությունը չէր լինի, եթե…

Հոդվածի տպագրումից տառացիորեն մի քանի օր հետո վերակառուցված հրապարակում… վերակառուցում էր. փոխում էին այն նույն մանրասալիկները, որի մասին գրել էր թերթը եւ վկայել, որ դա, թերեւս, Սիսիանի շինարարական ողջ պատմության մեջ ամենաանորակ շինարարությունն էր: Այն իրականացրել է վերջին տարիներին Սիսիանի գրեթե բոլոր շինարարություններն ու վերանորոգումներն իրականացնող «Հիդրոարտադրական» կոոպերատիվը (տնօրեն` Ավետ Սարգսյան): Հոդվածում նշել էինք, որ իրենց դարն ապրած նախկին սալահատակներին փոխարինելու եկած ավելի գեղեցիկ ու ճաշակով մանրասալիկները շատ հատվածներում քայքայվել-«հալվել են»: Նշել էինք նաեւ դրա պատճառները, միաժամանակ հավելել, որ մանրասալիկներն արտադրվել են թե՛ տեղում (Դավիթի եւ Ավետի արտադրամասերում), թե՛ ներկրվել դրսից` Երեւանից: Գրել էինք նաեւ, որ հրապարակի վերակառուցման համար նախատեսված է եղել մոտ 54 միլիոն դրամ, որը հատկացրել է Սոցներդրումների հիմնադրամը:
Եթե «սխալվել ու անճշտություն էր թույլ տվել»… «Որոտանը», եթե «վերակառուցումը չեն տեսնում ու չեն հասկանում» անցնող-դարձող սիսիանցիները, ինչո՞ւ է վերակառուցված հրապարակը վերակառուցումից ընդամենը մի քանի ամիս հետո… վերակառուցվում:
Վարպետ Համլետ Սիմոնյանը, որ գլուխը կախ իր գործն էր անում, ասաց, որ նոր շարվող սալիկները բերվում են Երեւանից: Մեր հարցին, թե հնարավո՞ր է իմանալ` հատկապես ո՞ւմ արտադրած մանրասալիկներն այդքան շուտ շարքից դուրս եկան, բացասական պատասխանեց, բացատրելով, որ խառը շարել են, եւ ոչ ոք չի կարող ստույգ ասել:
Երբ նույն հարցով դիմեցինք մանրասալիկներ արտադրող էլ. ցանցի գլխավոր ինժեներ Դավիթ Դավթյանին, նա շատ հստակ եւ կտրուկ պատասխանեց. «Այո՛, հնարավոր է տարբերել իմ արտադրամասի արտադրանքը թե՛ տեսքով, թե՛ որակով, թե՛ ձեւով, եւ թե՛ ինքը, թե՛ իր արտադրամասի վարիչը կարող են մեկ-մեկ ցույց տալ այն 240 մետր քառակուսի մանրասալիկը, որ շինարարը գնել է իրենից» ու վկայակոչեց Գեղամի խանութի, կամարներով շենքերի խանութների, Սպանդարյան փողոցի խանութներից մեկի մուտքերի մանրասալիկների որակը, որոնք նույնն են, ինչ հրապարակում շարված իր արտադրանքը:
Իսկ երբ նույն հարցադրմամբ դիմեցինք շինարարությունն իրականացնող «Հիդրոարտադրական» կոոպերատիվի տնօրեն Ավետ Սարգսյանին, նրան կարծես անակնկալի բերեց մեր հարցադրումը: Նա պատասխանեց, որ հնարավոր չէ իմանալ, թե հատկապես ում արտադրանքն է փչացել, խառը շարել են եւ հատ-հատ չի կարող ասել: Ավետի համար առավել քան անակնկալ էր` «Ինչո՞ւ են փոխվում մանրասալիկները» հարցը, որին պատասխանեց կիսազարմացած` «Ընդհանուր չենք փոխում, որեւէ խնդիր չկա, սալիկ է, փչացել է, փոխում ենք»: «Իսկ ինչո՞ւ այդքան շուտ փչացավ» մեր հարցադրմանն էլ պատասխանեց ավելի քան անկեղծորեն, որ` «ձմեռ էր, շտապում էին ավարտել շինարարությունը եւ շատ ժամանակ վռազելով մանրասալիկները շարել են խոնավ ու թաց վիճակում»: (Ի դեպ` այդպես գրվել էր նաեւ վերը հիշատակված մեր հոդվածում):  Իսկ թե քանի քառակուսի մետր մանրասալիկ պիտի փոխվի, Ավետը դժվարացավ պատասխանել, ասելով, որ «չի չափել եւ ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնեց հրապարակի վերակառուցումից, ավելացնելով, որ ֆինանսավորող կազմակերպությունն էլ գոհ է մնացել, հրապարակը հանձնել են, ակտը գրել են եւ վերջ…»: Արդյո՞ք` վերջ:
Եթե գոհ են եղել, ինչո՞ւ է փոխման ենթակա վերակառուցված հրապարակի սալիկապատ ծածկի գրեթե մեկ երրորդը: Եթե գոհ են եղել, շինարարի ի՞նչ ցավն է «հանձնված» շինարարության համար «հարվածել» սեփական գրպանին, վտանգել շինարարի հեղինակությունը եւ անորակության համար ընդունել սեփական մեղքը: Ավետ Սարգսյանը հավաստեց, որ պատասխանատվությունն, այնուամենայնիվ, իրենց կազմակերպության վրա է ընկնում:
Հիմա դառնանք խնդրի մյուս կողմին. իրո՞ք գոհ է եղել ֆինանսավորող կազմակերպությունը, իրո՞ք ստորագրվել է շինարարության ընդունման ակտը:
Սոցներդրումների հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Էդիկ Բաղդասարյանը մեզ տեղեկացրեց, որ դա վերջին շրջանում երկրորդ նմանատիպ դեպքն է Սիսիանում, երբ անորակության պատճառով ֆինանսավորող կազմակերպությունը չի ստորագրում ակտը (մեկն էլ` հրապարակի ասֆալտապատումն էր) եւ խնդիր է դրել վերացնել թերությունները: Նա հավելեց նաեւ, որ դեռեւս շինարարության արժեքի 5%-ը վճարված չէ շինարարին, որը կվճարվի միայն թերությունները վերացնելուց եւ որակը բարելավելուց հետո: Իհարկե, նման դեպքերը բացասաբար են անդրադառնում շինարարական կազմակերպության հեղինակության վրա եւ հետագա շինմրցույթներին նրա մասնակցությունն այլեւս վստահություն չի ներշնչում:
Երբ հետաքրքրվում էինք խնդրին վերաբերող այլ մանրամասներով` Ավետ Սարգսյանն արդեն համառորեն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:
Այնինչ, հրապարակի ասֆալտապատման որակից (որը կատարվում էր սալիկապատման հետ միաժամանակ) շատ դժգոհ է մնացել Սիսիանի համայնքի ղեկավարը: Զարմանալի է, թե «վաստակաշատ շինարարի, Սիսիանը կառուցած ու կառուցող», Սիսիանի համայնքի համար «ցավ զգացող» համայնքապետ-հոր «շինարարական փորձառու» աչքից ինչպե՞ս է «վրիպել» որդու կողմից կատարվող շինարարության անորակությունը, իսկ ասֆալտապատման վատ որակը` ոչ:
Ինչեւէ, «խնդիր չկա, սալիկ է, փչացել է, փոխում են», կասեր Ավետ Սարգսյանը` վերակառուցելով… վերակառուցածը:

Հ.Գ. Հնում սովորություն կար. կամուրջ կառուցող վարպետի ընտանիքը կանգնեցնում էին նույն կամրջի տակ` փորձարկելու նրա ամրությունը… Իսկ եթե Ավետը կամուրջ կառուցած լիներ ու… պատահաբար գործեր հին ու չգրված օրե՞նքը…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

245 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *