ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԶԱԽԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ

Դեռեւս 2008 թ.-ին մեր նշանավոր հայրենակիցներ Զախար Խաչատրյանն ու Արտաշես Հովսեփյանը Սիսիանի Սպանդարյան փողոցում գտնվող իրենց հայրական առանձնատունը եւ 100 գեղանկարչական աշխատանք նվիրել են Ազգային պատկերասրահին՝ Սիսիանում մշակութային կյանքն աշխուժացնելու, մշակութային եւս մեկ օջախ ստեղծելու բարի ցանկությամբ:

Սակայն տարիների ընթացքում գրեթե ոչինչ չի արվել, ինչը առաջացրել է Զախար Խաչատրյանի դժգոհությունը, հիասթափությունը, անգամ՝ հուսալքությունը:

«Հայաստանում քիչ ունենք արվեստագետների ավագ սերնդի այնպիսի ներկայացուցիչ, ինչպիսին Զախար Ավագիչն է, նա այն բացառիկներից է, քանի որ քիչ ունենք նման վաստակաշատ, 90 տարեկան, Հայրենական պատերազմի մասնակից, Սանկտ-Պետերբուրգի արվեստի ակադեմիայի պրոֆեսոր, Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի նախագահի կողմից ընդունված, Հայաստանի նախագահի կողմից ուշադրության արժանացած եւ գնահատված, եւ, վերջապես, պատկառելի մարդ, բայց ում թողած ժառանգության հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունք է հանդես բերվում»,-ասաց ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար, մեր հայրենակից Արտաշես Բախշյանը, ում հետ այսօր հանդիպեցինք նշանավոր արվեստագետների տանը:

Նրա նախաձեռնությամբ, մի քանի կազմակերպությունների մասնակցությամբ, այսօր կազմակերպվել էր առանձնատունը, բակը, այգին եւ տարածքը մաքրելու շաբաթօրյակ, ինչին պիտի հաջորդեն շենքի նորոգման, տարածքի բարեկարգման՝ նախագծա-նախահաշվային DSC00257փաստաթղթերով նախատեսված նորոգման աշխատանքները:

Հայրենակիցների պարտքը համարելով մեր նշանավոր արվեստագետների տունը վերանորոգելն ու այն տուն-թանգարան դարձնելը, Արտաշես Բախշյանը նշեց, որ այս՝ հիմնական նպատակից բացի, տուն-թանգարանի՝ սիսիսնցիների համատեղ ուժերով վերանորգումն ու բացումը մեկ ուրիշ կարեւոր նպատակ էլ է հետապնդում, այն է՝ համախմբել եւ Սիսիանի առաջընթացին ծառայեցնել ճանաչված եւ հայտնի սիսիանցիների ուժերը:

«Ցավոք, Սիսիանը առանձնահատուկ է իր պառակտվածությամբ: Միասնականության բացակայությունը, իմ կարծիքով, պատճառ է դարձել, որ Սիսիանն առաջընթաց չի ապրում: Բոլորը դժգոհ են, որ ամեն տեղ կարծես թե քաղաքները զարգանում են, բայց Սիսիանը չի զարգանում»,-նշեց նա, հավելելով, որ ինքն ամնձամբ որեւէ ուղղության կողմնակից չլինելով, եւ, Սիսիանի հանրության կողմից չեզոք մարդ ընկալվելով, որոշել է, որ հատկապես իմ կազմակերպելը գուցե կօգնի համախմբվածությանը, եւ դրա առաջին քայլը համարեց Զախար Խաչատրյանի տուն-թանգարանի վերանորագման առաջին շաբաթօրյակը:

Արտաշես Բախշյանը կարեւորեց ոչ միայն նշանավոր սիսիանցիների, այլեւ՝ բոլորի մասնակցությունը մեր հայտնի հայրենակիցների տուն-թանգարանը կյանքի կոչելու պատվաբեր գործին, այն համարելով նաեւ Սիսիանի եւ սիսիանցիների պարտքը:

«Կբացենք բանկային հաշվեհամար, յուրաքանչյուրը կկատարի իր ներդրումը: Պետք է անենք այնպես, որ Զախար Խաչատրյանը դեկտեմբերի 1-ին իր 90-ամյա հոբելյանը նշի այս տուն-թանգարանում», -ասաց նա:

ՀՀ տարածքային կառավարման փոխնախարարը տուն-թանգարանի գոյությամբ պայմանավորեց նաեւ Սիսիանում տուրիզմը զարգացնելու հեռանկարային ծրագիրը, ասելով, որ այն համապատասխանում է «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամի ծրագրերին:

Ակնկալեց, որ տուն-թանգարանը վերանորոգելու հուսաբեր նախաձեռնությունը կդառնա Սիսիանի միասնականության եւ հետագա զարգացման խորհրդանիշը:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
06/09/2014

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *