ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

Հայաստանի Սոցներդրումների հիմնադրամով, համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, իրականացվում է Սիսիանի մշակույթի տան հիմնանորոգումը: Ծրագրի արժեքն է 103 միլիոն դրամ: 11 միլիոն դրամ ներդրում  կատարել է Սիսիանի քաղաքային համայնքը:
Սիսիանի մշակույթի տունը, որ ենթադրաբար  կառուցվել է անցյալ դարի 30-ական թվականներին, ներկա տեսքին եկել է ավելի ուշ` 1950-ական թվականներին: Շենքի  գլխավոր մուտքի ճակատային հատվածը հեղինակել է հայտնի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը` Սիսիանին պարգեւելով ճարտարապետական եւ մշակութային մեծարժեք շինություն:

Օգոստոսի սկզբներին սկսկված հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է Սիսիանի (Նոր բակ) «Նորոգշին» բաց բաժնետիրական ընկերությունը (տնօրեն` Սամսոն Մաթեւոսյան): Նախատեսված է այն ավարտել 240 աշխատանքային օրվա կամ` 11 ամսվա ընթացքում: Ինչպես հավաստիացնում են շինարարները, ամենայն հավանականությամբ  հիմնանորոգումը կավարտվի 2010 թ.-ի հուլիսին:
Մեզ հետ զրույցում Սամսոն Մաթեւոսյանը տեղեկացրեց, որ քանդման աշխատանքները սկսելու պահից ի հայտ եկան նախագծա-նախահաշվային փաստաթղթերում որոշակի փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն, ինչի  հետեւանքով արագ տեմպով սկսկված աշխատանքները փոքր-ինչ դանդաղեցին: Ի հայտ էին եկել շենքի միջհարկային ծածկի ուժեղացման, տանիքի ծածկի կոնստրուկտիվ փոփոխության, շենքի` որոշակի հատվածների ամրացման խնդիրները: Նախագծա-նախահաշվային փաստաթղթերում անհրաժեշտ փոփոխությունները կատարելուց հետո մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքներում վերականգնվել են նախկին տեմպը եւ աշխատանքային ռիթմը:
Աշխղեկ Ռաֆիկ Կիրակոսյանը իրազեկեց, որ հիմնովին քանդված  նախկին կցակառույցի փոխարեն կառուցվում է առավել մեծ, ընդարձակ եւ հարմարավետ կառույց, որտեղ նախկինում ընդհանրապես գոյություն չունեցած դերասանների հարդարման սենյակից, սանհանգույցից բացի կգործի նաեւ կաթսայատունը` ջեռուցելով նաեւ հարակից գրադարանի շենքը: Մոտ 2 մետրով  կմեծանա նախկին բեմահարթակը, հիմնական դահլիճից բացի շենքը կունենա պարասրահ, նիստերի սրահ, երաժշտական եւ այլ խմբասենյակներ: Նա ավելացրեց, որ մոտալուտ ձմեռը չի  կասեցնի հիմնանորոգումը, քանի որ այդ շրջանում էլ կկատարվեն ներքին հարդարման աշխատանքները:
Հիմնանորոգման աշխատանքներում ընդգրկված է 16-25 հոգի` ամսական 75 հազար դրամ միջին աշխատավարձով: Վարպետների աշխատավարձը գործարքային է: Ռաֆիկ Կիրակոսյանը  մասնավորապես շեշտեց բանվորներ Հայկ Խաչատրյանին, Էրիկ Գաբրիելյանին, Հրայր Մեժլումյանին, որմնադիր-վարպետ Արտավազդ Շողունցին, որոնք կատարած գործի կարեւորության եւ պատասխատավության  գիտակցումով են իրականանցնում շինաշխատանքները:
Ինչպես հավաստիացնում են շինարարները, հատկացված գումարը հազիվ բավարարի միայն հիմնանորոգմանը: Իսկ ժամանակակից մշակույթի տուն ունենալու համար անհրաժեշտ է նաեւ այն կահավորել համապատասխան գույքով եւ տեխնիկական սարքավորումներով:
Այս հարցերին էլ պատասխանեց ծրագիրն իրականացնող գործակալության նախագահ, Սիսիանի համայնքապետի տեղակալ Աշոտ Գրիգորյանը, մասնավորապես նշելով մշակութի տանն անհրաժեշտ գույքի, բեմական վարագույրների, ձայնա-լուսային սարքավորումների կարեւորությունը, որոնք ձեռք բերելու համար, ըստ նրա, քաղաքապետարանը լրացուցիչ ֆինանսավորման համար դիմել է ե՛ւ Սոցներդրումների հիմնադրամին, ե՛ւ մշակույթի նախարարությանը, ե՛ւ «Հայաստան» համահայկական հիմնադրամին: «Հույս ունենք, որ մեր դիմումները կհարգվեն: Վստահ ենք նաեւ, որ ժամանակակից պահանջներին համապատսխան մշակութի տուն ունենալով` կկարողանանք վերականգնել սիսիանյան լավագույն մշակութային ավանդույթները»:

Սեփ. լրատվություն

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *