ՎԵՐՀՈՒՇ…

Սովորում էի 6-րդ դասարանում: Դասի ժամին ավագ ջոկատավարը դուռը կամացուկ բացեց և հայացքով ինձ ցույց տալով՝ ուսուցչին ասաց.

– Իրեն գյուղսովետի նախագան կանչում ա:
Ուսուցչուհին ինձ նայելով՝ գլխի շարժումով ասաց՝ գնա:

Գյուղսովետի շենքը գտնվում էր դպրոցի հարևանությամբ: Մինչև այնտեղ հասնելս արագ-արագ պատմեմ գյուղսովետի նախագահի մասին: Նա ընկեր Մկրտումյանն էր, անունը՝ Սերյոժա: Պատերազմից վերադարձել էր մեկ թևը կորցրած: Նա հրաշալի, սիրված ու հարգված ղեկավար էր, իսկական գյուղապետ՝ այս բառի խորքային իմաստով: Նրա մասին պատմում էին, որ նա իր մեղվանոցի փեթակներն ու մեղրամոմի շրջանակները ինքն էր պատրաստում … մեկ թևով, մշակում գյուղի ամենալավ բանջարանոցը և այլն: Նա միշտ խստադեմ էր, լռակյաց: Ասում էին, իբրև, երբեք չի ծիծաղում: Ես ահա վախվորած ներս եմ մտնում նրա աշխատասենյակ: Ինձ աշխատողը ներկայացնում է.
– Ինքն ա:
Անմիջապես նկատում եմ, որ նրա առջև «Պիոներ կանչ» թերթի երեկվա համարն է: Այդ տարիներին «Պիոներ կանչ» թերթը ամիսը մեկ անգամ ունենում էր «Թիվ թագավոր» խորագրով ժամանցային էջ, որտեղ զետեղվում էին տրամաբանական խնդիրներ, խաչբառեր, զվարճալի հանելուկներ և այլն: Երեկվա համարում տպագրվել էր իմ ուղարկած խիստ պարզունակ տրամաբանական երկու հետևյալ հարցերը.

1. «Նավապետը երազում տեսնում է, որ ծովում ուժեղ փոթորիկ է և նավը խորտակվում է: Նավաստիների ջանքերը զուր են և դրությունը օրհասական է: Ի՞նչ պետք է անի նավապետը»:
2. Աղվեսը վեց տարեկանից հետո ի՞նչ է դառնում:

Իմ շա՜տ հարգելի ընկեր Մկրտումյանը՝ այդ աշխարհ տեսած մարդը հարցական նայելով ինձ՝ լուրջ-լուրջ հարցնում է.
-Չեմ կարողանում իմանալ, էս խեղճ նավապետը ի՞նչ պետք է անի, որ փրկվեն:
-Պետք է արթնանա,- ամոթխած պատասխանում եմ:
-Հա՜… որ…,- բացականչում է ընկեր Մկրտումյանը և սկսում է քահ-քահ ծիծաղել՝ որքան հասկանում եմ՝ ինքն իր վրա: Քիչ անց նորից է հարցնում.
-Բա էս աղվեսը՞…
-Դառնում է յոթ տարեկան:
Նրա ծիծաղի ձայնը լսելով՝ հաշվապահն ու քարտուղարը ներս մտան և, զարմանալի էր, որ առանց իմանալու՝ ինչն ինչոց է, իրենք էլ սկսեցին ծիծաղել: Նրանք հետաքրքրությունից դրդված ակա՞նջ էին դրել, թե՞ իրենց ղեկավարի զվարթ ծիծաղը, նորություն լինելով, վարակել էր նրանց:
Ավելորդ է ասելը, որ այդ դիպվածի շնորհիվ գյուղում իմ «իմիջը» բարձրացավ: Այդ գյուղը Բազարչայն էր, /այժմ՝ Գորայք.-խմբ./որն ավա՜ղ, հիմա հանգչում է արհեստական ջրամբարի տակ…:

Զեմֆիրա Սարգսյան-ի ֆեյսբուքյան գրառումը

29.11.2014

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *