Վերջին հրաժեշտ. ԶԱՔԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԱՐՎԵՍՏԻ ԼԵՌ ԷՐ ՈՉ ՄԻԱՅՆ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՐ…

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ստեղծվել էր իր երկրային կյանքին հունվարի 21-ին Սանկտ-Պետերբուրգում հրաժեշտ տված մեր ժամանակների նշանավոր նկարիչ, հայ վերջին իմպրեսիոնիստ, ՀՀ եւ ՌԴ վաստակավոր, ՀՀ ժողովրդական նկարիչ մեր հայրենակից Զաքար Ավագի Խաչատրյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Նկարչի աճյունը Սանկտ-Պետերբուրգից տեղափոխվել էր Երեւան:

Հունվարի 27-ին Հայաստանի նկարիչների միության շենքում տեղի ունեցավ ժողովրդական նկարչի` հիրավի ժողովրդական հրաժեշտը, որին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, փոխնախարարներ, ՀՀ Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը, մշակույթի, արվեստի գործիչներ, արվեստակից ընկերները, հայրենակիցները, հարազատները, նրա լուսավոր ու գունեղ արվեստի երկրպագուները:

Խոսելով նշանավոր նկարչի ստեղծած արվեստի մասին` ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց, որ սիրելի արվեստագետը ոչ միայն մեծ հետք է թողել հայ կերպարվեստում, այլեւ` ազգի բնութագրում: Մարդ, որը ծնվել էր հեռավոր Սիսիանի շրջանում, կարողացավ հասնել այն բարձունքներին, որին կերազեին շատ շատերը: Միության նախագահը նշեց, որ դեռեւս ամբողջովին ուսումնասիրված չէ նրա արվեստը` այն թողելով արվեստաբաններին:

Նկարչի ստեղծագործական ուղու, գեղարվեստկան հսկայական ժառանգության եւ իմպրեսիոնիզմի մեջ ստեղծած իր` խաչատրյանական ուղու մասին խոսեց արվեստաբան, արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը: Արվեստաբանը կարեւորեց ոչ միայն նրա, այլեւ նույն ընտանիքում ծնված մյուս նշանավոր արվեստագետի` քանդակագործ Արտաշես Հովսեփյանի դերը հայ արվեստում:

Մայր Աթոռի հոգեւոր դասի հանդիսապետությամբ կատարվեց ննջեցյալի հոգու հանգստության պաշտոն, որից հետո հնչեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի մխիթարական խոսքը հարազատներին, մասնավորապես նշելով ննջեցյալի` Հայ Առաքելական Եկեղեցու նվիրյալ եւ եկեղեցու բարձրագույն պարգեւի` «Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ» շքանշանակիր լինելը:

Սիրելի վարպետի եւ մեծ ուսուցչի հասցեին առավել անմիջական ու սրտաբուխ էր ՀՀ վաստակավոր նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Փարավոն Միրզոյանի գնահատանքի խոսքը: Խորհրդանշական համեմատություն կատարելով Տիգրան Պետրոսյանի եւ Վիկտոր Համբարձումյանի հետ, Փարավոն Միրզոյանը նշեց, որ նրանց` շախմատի աշխարհի չմեպիոն եւ գիտնական դառնալուց հետո բոլոր հայերը երազում էին շախմատիստ ու գիտնական դառնալ: Նույն դերն է ունեցել նաեւ Զաքար Խաչատրյանը անցյալ դարի 60-ականների սկզբին ոչ միայն Սիսիանում, այլեւ` Սյունիքում, երբ Սիսիանի իր տանը հիմնել է մանկական արվեստի ստուդիան, ու սերնդին ճանաչելի դարձրել Տիցիան, Մոնե, արվեստ, գեղարվեստ ընկալումները, ինչի մասին այդ ժամանակներում ընդհանրապես խոսք չկար: «Երբ ետ ենք նայում եւ քննում հայ արվեստի պատմությունը, տեսնում ենք, որ Զաքար Խաչատրյանի արվեստի ստուդիայից դուրս են եկել հանրապետության 3 ժողովրդական, պետական մրցանակի 4 դափնեկիր եւ մի շարք վաստակավոր նկարիչներ: Մենք չէինք լինի, անձամբ ես չէի լինի, եթե չլիներ Զաքար Ավագիչը: Դա նրա նվիրվածության, նրա մարդկայնության չափանիշն է, ով մի ողջ սերնդի համար դարձավ արվեստի` հոգեւոր ուսուցիչ: Զաքար Ավագիչը ոչ միայն գեղարվեստը բերեց Սիսիան, ոչ միայն արվեստի հետ շփումն ու արվեստը ճանաչելը բերեց, այլեւ` ինքն իրենով, իր կերպարով, մտավորականի իր գործունեությամբ մշակույթ բերեց Սիսիան, եւ նրա թողած հետքը առ այսօր էլ շարունակվում է: Զաքար Ավագիչը արվեստի լեռ էր Սիսիանի համար: Մենք իրավունք ունենք այդ մեծ նկարչին հանրահռչակել, պահել- պահպանել այդ մեծ մարդու, մեծ գեղանկարչի արվեստը: Նա հրաշալի կոմպոզիտոր էր, հրաշալի գեղանկարիչ, հրաշալի գրաֆիկայի վարպետ: Զաքար Ավագիչն անմահ է, քանի որ նրա արվեստը մնալու է»:

Նշանավոր նկարչին հուղարկավորեցին Երեւանի քաղաքային պանթեոնում` մեր մշակույթի եւ արվեստի երեւելիների կողքին:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի անվան տ/թ վարիչ

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *