ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՌՕՐՅԱ ԵՆ

Մի քանի տարի առաջ կամ ընդհանրապես ոչինչ չգիտեինք բանկային վճարային քարտերի մասին, կամ` կիսատ-պռատ պատկերացում ունեինք ֆիլմերից եւ արտասահմանում ապրող մեր ազգականների պատմություններից:
Այսօր, սակայն, պատկերը բոլորովին այլ է. հայաստանյան բանկերը մեկը մյուսի ետեւից սկսեցին առաջարկել վճարային զանազան քարտեր, որոնք այսօր դարձել են մեր առօրյայի մի մասը:
Սկզբում վճարային քարտերը, որ կիրառվում էին բացառապես միայն որպես աշխատավարձի ստացման ձեւ, մեծ խանդավառությամբ չընդունվեց հասարակության կողմից, քանի որ մարդիկ, հատկապես` ոչ երիտասարդները, դժվարանում էին օգտվել բանկոմատներից, իսկ ոմանք նաեւ չէին վստահում նոր տեխնոլոգիաներին: Ժամանակը հարթեց խնդիրները, եւ կամաց-կամաց ոչ միայն ընտելացանք վճարային քարտերին, դրանց կիրառություններին, այլեւ սկսեցինք քարտային հաշիվներն օգտագործել նաեւ որպես ազատ դրամական միջոցների կուտակման ու պահպանման միջոց: Իսկ այժմ մեծ թափ է առել քարտային հաշիվներին վարկային սահմանաչափերի տրամադրման գործընթացը: Այսինքն` քարտերն օգտագործվում են նաեւ որպես վարկավորման գործիք:
Որոշ քաղաքացիներ բանկերում իրենց ներդրած ավանդները կառավարելու համար նախընտրում են քարտեր, քանզի դրանք հնարավորություն են ընձեռում կանխիկացնել ավանդային գումարը ցանկացած չափով օրվա ցանկացած պահի` զերծ մնալով լրացուցիչ թղթավարությունից եւ ժամանակի կորստից:
Քարտերը կարելի է օգտագործել նաեւ ներպետական բանկային փոխանցումների եւ արտերկրից ակնկալվող տրանսֆերտների ստացման համար:
Կան բազմաթիվ խանութներ եւ հանրային սննդի օբյեկտներ, որտեղից կատարված գնումները կարելի է վճարել անկանխիկ` վճարային քարտի օգնությամբ:
Բջջային հեռախոսակապը եւ ինտերնետը քարտային գործառնությունները դարձնում են առավել հասանելի եւ բազմաֆունկցիոնալ` նպաստելով դրանց արդյունավետության բարձրացմանը: Օրինակ` բջջային հեռախոսի միջոցով մենք կարող ենք ստանալ SMS հաղորդագրություն մեր քարտային հաշվի մուտքերի եւ ելքերի յուրաքանչյուր դեպքում կամ պարզապես ստուգել հաշվի մնացորդը:
Ինտերնետի ընձեռած հնարավորություններից են քաղվածքների ստացումն էլեկտրոնային փոստի միջոցով, քարտից քարտ փոխանցումները, կոմունալ վարձերի վճարումները, եւ, որ ամենակարեւորն է, էլեկտրոնային առեւտուրը աշխարհի ցանկացած կետում:
Գումարը պահելով քարտային հաշվում` մենք մեզ ապահովագրում ենք դրա կորստից եւ գողությունից, հաճախ նաեւ` ավազակային հարձակումներից, ինչը կարող է պատահել հատկապես ճամփորդելիս, քանզի կան միջազգային վճարահաշվարկային համակարգերի քարտեր( VISA,MasterCard եւ այլն), որոնք կիրառելի են գրեթե բոլոր երկրներում:
Վերջերս նորաձեւ է դարձել տարբեր առիթներով միմյանց վճարային քարտ նվիրելը, որը, կարծում եմ, ձեռամբ փող նվիրելու ոչ այնքան հաճելի սովորույթի գեղագիտական լուծումն է:
Քարտային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից զերծ չեն նաեւ սիսիանցիները: Սիսիանի տարածաշրջանի բյուջետային, համայնքային եւ առեւտրային կազմակերպությունների ճնշող մեծամասնությունն անցել է աշխատավարձերի վճարման քարտային համակարգին, եւ բազմաթիվ քարտապաններ արդեն իսկ օգտվում են սպասարկման ոլորտի այստեսակ քաղաքակիրթ ու ժամանակակից ծառայություններից:
Ահա այսպես նորն ու անսովորը, կյանքի արագընթաց տեմպում, շատ արագ կարող են մտնել մեր առօրյա եւ այնքան առօրեական դառնալ, ասես միշտ էլ եղել են, ինչպես որ դարձան վճարային քարտերը:

Լեւոն ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *