ՎՈԼԵՅԲՈԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԱՌԱՋԻՆԸ

Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոցի վոլեյբոլի թիմերը, հարստացնելով տարիներով ձեւավորված լավագույն ավանդույթները, շարունակում են բարձր պահել ոչ միայն հարազատ մարզօջախի, հայրենի քաղաքի, այլեւ` մարզի` մարզական անունն ու պատիվը ամենատարբեր մրցահարթակներում:
ՀՀ անկախության 17-րդ տարեդարձին նվիրված ՀՀ ԿԳ նախարարության կողմից Դիլիջան քաղաքում անցկացված մարզական 17-րդ խաղերում Սյունիքի մարզը ներկայացնող Սիսիանի վոլեյբոլի աղջիկների հավաքականը գրավեց առաջին տեղը` նվաճելով գավաթը, պարգեւատրվելով հավաստագրերով:
Մինչ այդ, սակայն, թիմն արդեն Երեւանի, Ստեփանակերտի, Արթիկի թիմերի հետ, մասնակցելով Հայաստանի կանանց վոլեյբոլի բարձրագույն խմբի չեմպիոնատի առաջին փուլին, անցկացնելով մեկնումներով 12 խաղ, հավաքելով նույնքան միավոր, իրավունք էր վաստակել մասնակցելու հոկտեմբերին Երեւանում մեկ շրջանով կայանալիք հանրապետության չեմպիոնատին` վիճարկելու չեմպիոնի կոչումը: Ակնկալիքները մեծ են:
Ասենք, որ մարզադպրոցն ունի վոլեյբոլի 14 խմբակ, որից ձեւավորվել է տարիքային 4 թիմ, որոնք, մասնակցելով տարիքային խմբերի մրցումներին, հիմնականում իրենց համար ապահովում են մրցանակային առաջին տեղեր: Դրա վառ վկայությունն էր հունիսի 22-25-ը Երեւանում անցկացված մանկապատանեկան մարզադպրոցների` մինչեւ 1993-94թ.թ. ծնված պատանիների եւ աղջիկների վոլեյբոլի առաջնությունը, որին մասնակցում էին 8-ական թիմեր: Սիսիանը, որ ներկայացել էր 2 թիմով, պատվով կատարեց իր առաջադրանքը, տարիքային այդ խմբում դառնալով հանրապետության չեմպիոն: Տղաների թիմը բավարարվեց 4-րդ տեղով: Իսկ հունիսի 27-30-ը Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոցի մարզադահլիճում անցկացված` ՀՀ վոլեյբոլի 93-94 թ.թ-ի ծնված պատանիների առաջնության մրցումներում, որին մասնակցում էր Հարավային գոտու 10 թիմ, դարձյալ առաջին տեղը գրավելու բերկրանքը վայելեցին սիսիանցի վոլեյբոլիստները, որոնք իրավունք նվաճեցին մասնակցելու հուլիսին Կիրովականում կայանալիք եզրափակիչ խաղերին:
Ինչպես հավելեց Աղվան Հակոբյանը` կազմվել է 1993-94թ.թ. ծնված աղջիկների` ՀՀ վոլեյբոլի հավաքականը, որի 12 անդամներից 8-ը Սիսիանի մարզադպրոցի սաներն են, իսկ մարզիչ է նշանակվել ինքը:
Լավ արդյունքներ է արձանագրում նաեւ 1991-92թ.թ. ծնված աղջիկների վոլեյբոլի թիմը, որը Արթիկ քաղաքում անցկացված առաջնության մրցումներում դարձավ հանրապետության չեմպիոն:
Աղվան Հակոբյանը առանձնակի հպարտությամբ նշեց այն հանգամանքը, որ Երեւանի թիմի հետ Սիսիանի թիմը հրավիրվել է մասնակցելու սեպտեմբերի 11-ին Թեհրանում անցկացվող Համահայկական մարզական խաղերին, որին պատրաստվում են լրջագույնս: Դրան կնախորդեն նաեւ հուլիսի 6-16-ը ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի ֆինանսավորմամբ Կիրովականում կայանալիք մարզական հավաքը եւ օգոստոսին Սեւանում կայանալիք լողափնյա մրցումները: Սիսիանին թույլատրված է ներկայացնել 4 զույգ:
Իրենց ձեռքբերումները Աղվան Հակոբյանը պայմանավորում է ոչ միայն տասնամյակներով ձեւավորված ավանդույթներով, ոչ միայն մարզչական կազմի անմնացորդ աշխատանքով, այլեւ` այն լավագույն պայմաններով, որն այսօր ընձեռնում են վերանորոգված, հարմարավետ եւ լավագույն աշխատանքի տրամադրող մարզադպրոցը եւ մարզադահլիճը:
Վստահ ենք, որ նորանոր գավաթներով եւ մրցանակներով կավելանա մարզադպրոցի մարզական հարուստ «ավարը»:

«Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *