ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՍՕՐ ՍԻՍԻԱՆՈՒՄ ԷՐ

Աշխատանքային եռօրյա այցով Սյունիքում էր գտնվում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Հուլիսի 29-ին Սիսիանի մշակույթի տան դահլիճում նախարարը հանդիպեց Գորայք, Տաթեւ, Տեղ, Սիսիան խոշորացված համայնքների ղեկավարների, աշխատակազմերի, վարչական բնակավայրերի ներկայացուցիչների, ավագանիների անդամների հետ: Նախարարը նշեց, որ իր այցը մարզեր եւ համայնքներ ունի ճանաչողական նշանակություն, որի նպատակն է մոտիկից ծանոթանալ համայնքներում առկա խնդիրներին, դրանք քննարկել համայնքների, վարչական շրջանների ղեկավարների, ավագանու անդամների հետ, շփվել հանրության լայն շրջանակների հետ, լսել նրանց հուզող հարցերը, քննարկել ու փնտրել դրանց համատեղ լուծման ճանապարհը:

Խոսելով առկա խնդիրների մասին` նախարար Սուրեն Պապիկյանը մասնավորաբար նշեց, որ դրանք չափազանց շատ են, եւ մի քանի տասնամյակ շարունակ տարբեր ոլորտներում գրեթե ոչինչ չի արվել: «Բայց միայն խոսել, որ ոչինչ չի արվել, ովքեր են մեղավորները, դա լուծում չէ»,– նշեց նախարարը, հավելելով, որ դա հիմա պիտք է ելակետ դարձնել ու կամաց-կամաց սկսել լուծումներ գտնել: Սուրեն Պապիկյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ շատ համայնքներում առկա է այն մտածողությունը, որ համայնքներում բոլոր փոխությունների հնարավորությունների ստեղծումը միայն պետք է լինի կենտրոնական իշխանության կողմից: «Ես համամիտ եմ, որ գործադիր իշխանությունը իր իրական դերակատարումը, իհարկե, պետք է ունենա, բայց եւ այնպես տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրույնությունն ապահովելու, ինչպես նաեւ առկա ռեսուրսը ճիշտ օգտագործելու համար մենք շատ անելիքներ ուենք նաեւ տեղերում»,-ասաց նախարարը, նշելով, որ հանդիպումների ու քննարկումների ընթացքում հաճախ է լսում դժգոհություններ, բողոքներ: Համակարծիք լինելով նրանց հետ, Սուրեն Պապիկյանը նշեց, որ տարօրինակն ու զարմանալին այն է, որ դժգոհողների մեջ են նաեւ այնպիսի համայնքների ղեկավարներ, ովքեր վերջին 5-10-15 տարիների ընթացքում գրեթե ոչինչ չեն արել իրենց համայնքի համար: «Իհարկե, ունենք եզակի, գովելի  ու դրական դեպքեր, ես խոսում եմ հանրապետության առնվազն 80 %-ի մասին, ու սա այն պարագայում, երբ այդ համայնքերի ղեկավարները հաճախ նախորդ իշխանություններից դժգոհություն 38046130_1401446923333239_4391266205147594752_nարտահայտող համայնքի ղեկավարներն են, ովքեր 15-20-25 տարի ղեկավարում են համայնքները»: Հակված չլինելով փնովել եւ քննադատական խոսք ուղղել որեւէ մեկին, քանի որ հիմա, նախարարի խոսքով, կառուցողական մթնոլորտ է, պիտի փորձել հասկանալ, թե ինչ լուծումներ են հնարավոր կարճաժամկետ եւ երկարաժամկետ առումով: Նախարարը հիշեցրեց, որ վերջերս Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետը խոսել է 10 միլիարդ դրամ սուբվենցիոն ծրագրեր տրամադրելու մասին` համայնքների մասնակցայնությունը ավելի մեծացնելու համար եւ հորդորեց համայնքների ղեկավարներին ավելի ուշադիր եւ հետեւողական լինել այդ ծրագրերի մասնակցության հայտ ներկայացնելու համար: «Բայց քանի որ մենք հիմա գտնվում ենք տարվա երկրորդ կիսամյակում, շատ համայնքներում իրականում ֆոնդային բյուջեներում գումար չկա»,-ասաց նախարարը եւ առաջարկեց եկող տարվա համար արդեն նոյեմբերին ներկայացնել սուբվենցիոն հայտեր: «Եթե, օրինակ, համայնքն ունի 200 միլիոն դրամ դոտացիա եւ սեփական միջոցների համատեղ գումար, ու չի փորձում օգտվել պետության կողմից տրվող 60 %-ոց սուբվենցիայից, ուրեմն այդտեղ խնդիր կա, դա նշանակում է, որ այդ համայնքում ոչինչ չի փոխվել»,- ասաց նախարարը` հավելելով, որ հանրային մտածողության մեջ փոփոխություն պիտի մտցնեն նաեւ համայնքապետերը, ովքեր անելիք ունեն: «Գործադիր իշխանությունը վստահության խնդիր չունի, բողոքում եք, ասում եք` հանրությունը չի ընդունում մեզ, դրա մեղավորները այսօրվա իշխանությունները չեն, դրա մեղքի բաժինը ունեք նաեւ դուք, որովհետեւ հաճախ կատարել եք պարտավորություններ, ցուցումներ, որ օրենքով վերապահված չի եղել ձեզ, դրա համար էլ հանրությունը ձեզանից դժգոհում է»,-ասաց նախարարը եւ հորդորեց ներկաներին ընդունել նոր Հայաստանում, նոր իրողությունների մեջ ապրել կարողանալու եւ սեփական համայնքին ծառայելու նոր գործելակերպն ու մտածողությունը:

Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը նշեց, որ սա նախարարի 4-րդ այցն է Սյունիք, եւ շնորհակալություն հայտնեց մարզի նկատմամբ յուրահատուկ մոտցում ցուցաբերելու համար, ակնկալիքով, որ այն լինելու է շարունակական, ապա նշեց, որ այցելել են մարզի շատ համայնքներ, որտեղ խնդիրները հիմնականում նույնանման են: «Այդ բոլոր խնդիրները այսուհետ պետք է լինեն մեր բոլորի ուշադրության կենտրոնում»,-ասաց Կարեն Համբարձումյանը եւ հորդորեց այսուհետ ամեն օր լույսը բացվելիս հասկանալ ինչ մի լավ գործ ենք անելու մեր համայնքի համար: «Ես խնդիր չունեմ ոչ մեկի հետ, եւ կարծում եմ` ոչ մեկը խնդիր չունի ինձ հետ: Իմ համարը հասանելի է, կարծում եմ` համայնքի ղեկավարները նույնպես հասանելի են ժողովրդի համար: Մեծ սիրով պատրաստակամություն եմ հայտնում ժողովրդին, պատրաստ ենք, իրենց կողքը կանգնել ենք, կանգնելու ենք եւ անելու ենք ամեն ինչ, որպեսզի վաղվա օրը էսօրվանից ավելի լավը լինի»,-ասաց մարզպետը:

Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը ողջունեց ներկաներին` Սիսիանում գտնվելու համար եւ շնորհակալություն հայտնեց նախարարին` համայնքների առջեւ ծառացած խնդիրները լսելու եւ դրանց լուծմանը շահագրգիռ մոտեցում ցուցաբերելու համար:  37985229_1401447066666558_4384415096655314944_n

Այնուհետեւ ողջ հանդիպումն անցավ հարցուպատասխանի ձեւաչափով: Հանդիպման մասնակիցները հնչեցրեցին համայնքներում առակ մտահոգող խնդիրները: Հնչած կարեւոր հարցերից էին Սիսիանի ջրային հայելիների աղտոտվածության, Բռնակոթի եւ Տեղի ոռոգման համակարգերի ոչ արդյունավետ օգտագործման, սեփականաշնորված հողերի չմշակման, բայց` հողի հարկերի կուտակման, դիզվառելիքի սուբսիդավորման, գյուղմթերքի իրացման, «Աշտարակ կաթի»` Գորայքի կաթարտադրողների պարտքը տարիներ ի վեր չվճարելու, միջհամայնքային ճանապարհների, Սիսիան-Հացավան-Արեւիս ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի անմխիթար վիճակի, գյուղտեխնիկայի բացակայության պատճառով բերքահավաքի ուշացման, անգամ` ձախողման, Վեոլիա ջրի սպասարկան որակի եւ բազմաթիվ այլ հարցեր: Որոշ հարցերի տեղում տրվեցին պատասխաններ, որոշ հարցերի համար էլ պատասխանատուները ժամանակ խնդրեցին դրանց ավելի հանգամանալից ծանոթանալու եւ հիմնավոր պատասխան տալու համար:

Ամփոփելով հանդիպման արդյունքները` նախարարը շնորհակալություն հայտնեց հետաքաքիր ու շահագրգիռ քննարկման համար, նշեց, որ կուտակված խնդիրներն այնքան շատ են, որ գիտակցում է առանց նյարդայնանալու, առանց ավերոդ հույզերի դրանք ներկայացնելու անհնարինությունը, կիսում է բոլոր մտահոգությունները, սպասելիքները, սակայն կարեւորում է տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարումը:

Ի պատասխան լրագրողի` մարզ կատարած եռօրյա այցի ընթացքում առավել շատ խնդիրներ որ համայնքում էին առկա հարցին, նախարարը նշեց, որ գրեթե բոլոր համայնքներում էլ խնդիրներ կային, բայց իր խնդիրներով աչքի է ընկնում Սիսիանի տարածաշրջանը, որտեղ պրոբլեմներն ավելի շատ են, եւ առանձնացրեց հատկապես բերքի իրացման, ջրի եւ գյուղտեխնիկայի բացակայության հարցերը: «Սրանք այն կարեւոր հարցերն են, որոնք կարգավորելուց հետո հնարավոր է բարելավել համայնքի բնակչի կյանքը»,-ասաց նախարարը:

Խոսելով Սիսիանի տարածաշրջանի զարգացման հեռանկարներից, նախարարը կարեւորեց տուրիզմի զարգացումը, ինչին կարող է մեծապես նպաստել Շաքեի ջրվեժի խնդրի լուծումը, եւ, ի պատասխան լրագրողի` ջրվեժի մասին հարցադրմանը, նշեց, որ հանդիպումից հետո նախատեսված է իր այցը ջրվեժ, որտեղ, ի դեպ, առաջին անգամն է լինելու, եւ միայն այն տեսնելուց, իրավիճակին ծանոթանալուց հետո կարող է տալ հստակ պատասխան: Նախարաըը կարեւորեց համայնքների ղեկավարների դերն ու նախաձեռնողականությունը համայնքների կյանքի բարեփոխման գործընթացում, այս առումով շեշտելով Գորիսի համայնքի ղեկավարին, ով մարդկանց համար ստեղծում է ազատ գոտիներ, Գորիսը կամաց կամաց դառնում է տուրիստական կենտրոն, ձեւավորվում է քաղաքային միջավայր:

«Ես խնդրում եմ հանրության հետ շփումներում լինել ավելի հոգատար, լսեք մարդկանց բոլոր խնդիրները, եթե անգամ դա չի վերաբերում ձեզ, դիմեք իշխանության համապատասխան մարմիններին, մենք կփորձենք համատեղ լուծումներ գտնել: Մեր պրոբլեմները շատ շատ են, բայց անլուծելի ոչինչ չկա: Մենք քայլ առ քայլ բոլոր խնդիրներն էլ լուծելու ենք, տեխնիկա էլ ենք ունենալու, կոմբայն էլ ենք ունենալու, ջրի հարցն էլ է կարգավորվելու, ամեն ինչի հերթով կհասնենք»,– հուսադրեց նախարարը:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *