ՏԱՐԵՄՈՒՏԸ՝ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ

Դատական նիստը կրկին հետաձգվել է…

Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի եւ քաղաքապետարանի մյուս պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննության՝ դեկտեմբերի 20-ին նշանակված հերթական նիստը կրկին չի կայացել նրա եւ նախկին փոխքաղաքապետի բացակայության պատճառով:

Սովորաբար՝ անցնող տարվա հետ մարդիկ փորձում են անցյալում թողնել բոլոր խնդիրները, հոգսերը, դժվարությունները, եւ նոր տարվա ոտնամուտը խորհրդանշել առանց պարտք ու պահանջի, բարի ցանկություններով, նպատակներով ու երազանքներով:

Ի տարբերություն նրանց, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, սակայն, անցնող տարին փակում եւ գալիք տարին դիմավորում է… ամբաստանյալի կարգավիճակով: Թե մինչեւ երբ նա կկրի «պատվավոր ու արժանագույն այդ տիտղոսը», դժվար է ասել, քանի որ սեպտեմբերի 5-ից սկսած քրեական գործի դատաքննության վերջը չի երեւում՝ հիմնականում «գլխավոր ամբաստանյալ» քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի՝ նիստերին չներկայանալու պատճառով, ինչի հետեւանքով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն անգամ ստիպված է եղել նրան բերման ենթարկելու որոշում կայացնել:

Դեկտեմբերի 1-ին կայացած դատական նիստի ընթացքում քաղաքապետի դատապաշտպանը միջնորդություն է ներկայացրել քրեական գործի վարույթն Աղասի Հակոբջանյանի մասով կարճելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ վկայակոչելով 2013 թվականի համաներումը: Միջնորդությունը, սակայն, մերժվել է, քանի որ «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 5-րդ մասի 2-րդ կետը Աղասի Հակոբջանյանի նկատմամբ կիրառելի չէր, որովհետեւ հանցագործությամբ պատճառված վնասը չէր փոխհատուցվել:

Թե ինչու չէր համայնքի շահերին պատճառված վնասը փոխհատուցվել, դժվար չէ կռահել, դժվար չէ հասկանալ նաեւ քաղաքապետի՝ մյուս ամբաստանյալներին մինչ այդ ասած՝ «արել եք, գնացեք պատասխան տվեք» խոսքի ենթատեքստը: Նա վստահ էր, որ մյուս ամբաստանյալները, ինչպես արդեն համաձայնության էին եկել, իրենց մեղավոր կճանաչեն, եւ ինքը դուրս կսպրդեր նաեւ այս գործից: Սակայն նախաքննության ընթացքում իրենց մեղավոր ճանաչած ամբաստանյալները դատարանում իրենց մեղքը չեն ընդունել՝ խառնելով քաղաքապետի հաշվարկները, ուստի նա դեկտեմբերի 20-ին նշանակված հերթական դատական նիստին չէր ներկայացել՝ «իր ճամբարում» նոր վերադասավորումներ կատարելու նպատակով:

Սիսիանի ԲՀԿ քաղաքապետ Աղասի Հակոբջանյանն, այսպիով, անցնող տարուն հրաժեշտ է տալիս ամբաստանյալի կարգավիճակով եւ Նոր տարին դիմավորում… ամբաստանյալի կարգավիճակով:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2015 թվականի հունվարի 15-ին:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

22.12.2014

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *