Տարիներ շարունակ լսում էինք, որ հզոր բանակ ունենք, բայց էս օրերին համոզվեցինք, որ … հզոր զինվոր ունենք. Նիկոլ Աղաբաբյան

Երկրապահ կամավորների միության Սիսիանի տարածքային կառույցի մոտից կամավորների նոր խումբ մեկնեց Արցախ` փոխարինելու ապրիլի սկզբին երկրի սահմանները պաշտպանելու գնացած ընկերներին:

Մեզ հետ զրույցում Վարդգես Մարգարյանն ասաց, որ նոր իրավիճակ չկա, տղաները գնում են առաջին գնացածներին փոխարինելու: Հավաստիացրեց, որ զինվորների ոգին բարձր է, բոլորը կամավորականներ են, բոլորն էլ հասկանում են` ուր են գնում եւ ինչու: Նրանք ոչ միայն չեն կոտրվել մեր ունեցած զոհերի պատճառով, ընդհակառակը, ավելի են լցվել պատվախնդրությամբ եւ վրեժի ցասմամբ:

Արցախ մեկնող խմբի մեջ նկատեցինք Աղիտուի հիմնական դպրոցի տնօրեն Սուրեն Շահնազարյանին: Ի պատասխան մեր` ձեր ներկայությունը այս օրերին դպրոցին նույնպես անհրաժեշտ է հարցին ասաց, որ դպրոցի համար անհանգստանալու հիմք չկա, փոխտնօրենը ուսումնական գործընթացը բնականոն հունով կտանի: DSC03982«Ընդհակառակը, մեր երեխաները պիտի տեսնեն, որ հայրենիքի համար այս կարեւոր պահերին բոլորը, նաեւ` ուսուցիչը, տնօրենը պիտի գնան երկրի սահմանները պաշտպանելու, որ իրենք էլ այդ օրինակով եւ այդ ոգով դաստիարակվեն»,-ասաց նա:

Հորը` Արմենակ Մարկոսյանին ճանապարհելու էր եկել որդին` Երվանդը: Բարձր տրամադրությամբ էր, ասաց, որ մյուս եղբայրն էլ է ծառայում բանակում, ափսոսանք հայտնեց, որ իր տարիքը չի ներում, բայց անհրաժեշտության դեպքում ինքն էլ պատրսատ է կանգնել հոր եւ եղբոր կողքին, որ խաղաղություն հաստատվի մեր երկրում:

Նկարիչ Նիկոլ Աղաբաբյանն էլ այստեղ էր: Ասաց, որ առաջին խմբի հետ եղել է Արցախում, ու հիմա էլ եկել էր տղաներին ճանապարհելու: «Երկրին պիտի տիրություն անենք, տեսնում ենք` իշխանավորները տիրություն չեն անում, ժողովուրդն է անում: Բայց կուզենայի, որ սա այսպիսի շարունակություն չունենար, մեր իշխանավորները ի վերջո հասկանան, որ այսպես չի կարելի: Երկիրը մենակ լափելու համար չի:DSC03983 Տարիներ շարունակ լսում էինք, որ հզոր բանակ ունենք, բայց էս օրերին համոզվեցինք, որ հզոր զինվոր ունենք: Մեր բանակը շատ ողորմելի վիճակում է, ես սա ցավով եմ ասում, համեմատած մեր թշնամուն, որովհետեւ մենք պատերազմող երկիր ենք, եւ իրավունք չունենք ձեռքներս ծալած նստելու, իրավունք չունենք չիմանալ թշնամու սպառազինության մասին: Ամենաաբսուրդն այն է, երբ որ իմացանք անօդաչուների մասին, իսկ մեր հետախուզություն կոչվածն ասում է` մենք տեղյակ չէինք դրա մասին: Գնդակահարել է պետք էդպիսիներին, որովհետեւ նրանց անգործության պատճառով մենք մեծ թվով զինվորներ կորցրեցինք, ամեն մեկը մի տան ճրագ, մի լույս, եզակի սերուցք, որ պիտի կարողանայինք ատամներով պահել: Տա աստված, որ սա շարունակություն չունենա: Էս պարագայում մեզ հարկավոր է արդիական զենքով զինվել, եւ զինել, ոչ թե բարձրաձայնել, որ չունենք, օտարներից որեւէ մեկը մեղավոր չէ, որ չունենք, բոլորին մեղադրում ենք, բացի մեզանից: Եթե առնես, կվաճառեն զենքը: Դու առա՞ր, իրենք չվաճառեցի՞ն: Մեր իշխանավորները իրենց անձնական շահից այն կողմ ոչինչ չեն տեսնում: Քավության նոխազ չդարձնենք զինվորիներին: Հարկավոր է վերականգնել թալանածը: Ամոթ է, որ բանակ ունենալու պարագայում 60 -70 տարեկան անառողջ, վատառողջ մարդիկ են գնում, սա մեզ պատիվ չի բերում: Կամավորականներ միշտ էլ կան: Ասում էինք` որ պատերազմ սկսվի, չեն գնա, բայց տեսանք, որ գնացին, որովհետեւ երկիր սիրողը էդ ժողովուրդն է: Ի վերջո` պիտի երկիր դառնա՞նք, թե՞ ոչ…»,-շեշտեց նա:

Խմբին մոտեցող Շաքեի համայնքապետին տեսնելով` խանդավառ կանչեցի` համայնքապետը տղային ճանապարհում է: Վահան Ղազարյանն ասաց, որ տղան այնտեղ է, իսկ հիմա համագյուղացուն է ճանապարհում, ով նույնպես իր զավակն է, ինչպես որ բոլորն են մեր զավակները:

Աստված թող հովանի լինի երկիրը սիրող, երկիրը պահող մեր զինվորին…

Ա. ԱՄԻՐՅԱՆ

18. 04. 2016

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *