Տարին կլոր այս խաչմերուկում ծաղիկ է ու ծաղկաբույր…

Լալայան-Արամ Մանուկյան-Սպանդարյան փողոցների խաչմերուկում, դիքի վրա, ինչպես սիսիանցիներն են ասում, Նորիկի բուտկա-խանութն է, բանուկ, աշխույժ, մի խաչմերուկ, որտեղ լույսի բացվելն ու մութի ընկնելը մի քիչ հարաբերական է: Բայց հիմա խոսքը ոչ թե խաչմերուկի, ոչ թե այդտեղ չդադարող անցուդարձի մասին է, ոչ էլ` փոքրիկ բուտկա-խանութի, այլ` խանութը շրջապատող փոքրիկ ծաղկաստան-ծառաստանի, որտեղ տարին կլոր ծաղիկ կա, որտեղ գարունը ամենաշուտն է գալիս, եւ որտեղ ծմեռը ամենաուշն է իր թագավորությունը հաստատում: Փոքրիկ տարածք է, կարող ես պարտեզիկ էլ ասել, պուրակ էլ, ծաղկաստան էլ, ծառաստան էլ: Մայթը երիզող այդ փոքրիկ տարածքում բազմատեսակ ու բազմազան ծառ ու ծաղիկ է աճում, ծաղկում են հերթով, ամեն տեսակը` իր ժամանակին, գարնանային ծաղիկներից մինչեւ ուշ աշնանայինը, իսկ երբ ձմռանը ձյունի տակից ծիկ են անում անյուտայի աչիկները, ձմռան ցուրտը մեկեն դառնում է արեւշող ու ծիածանագույն: Փոքրիկ ծաղկաստան-պուրակը հիմնել է Նորիկ Սաֆրազյանը, հիմնել է սիրով, հաճույքով, հավեսով, ամեն տարի մի ծառ, մի ծաղիկ, մի թուփ տնկելով, ու կամաց-կամաց պուրակը դարձել է խաչմերուկի ծաղկավոր պարեգոտը, եւ հռվից հեռու աչք է շոյում, հեռվից հեռու արդեն զգում ես խենթացնող վարդաբույրը, կակաչահոտը, ծիրանագույնը… Նորիկ Սաֆրազյանն ասում է, որ ամեն անցորդ իր բաժին ծաղիկն ունի, եթե ծառերը բերքակալում են, իր բաժին բերքը ունի, թեկուզ` մեկ հատ, թեկուզ` մեկ ծաղիկ… Բայց փոքրիկ ծաղկաստանով ամենաշատ հիանում, զմայլվում ու զարմանում են Զորաց Քարեր գնացող 35330498_1348110272000238_6075147926416392192_nզբոսաշրջիկները, որոնք հենց այս ճանապարհով են անցնում: Եթե մարդը չսիրեց իր շրջապատը, եթե չխնամեց, չփայփայեց տարածքը, որտեղ ամեն օր ոտք է դնում, նշանակում է ինքը նախ իրեն չի հարգում: Նորիկի աշխարհընկալման չափանիշն այն է, որ յուրաքանչյուր մարդ, եթե սիրի իր բակը, իր փողոցը, իր մայթը, տարածքը, որտեղով ամեն օր անցուդարձ է անում, ու սիրի անշահախնդիր, այդ սերը եւ սրտացավությունը կամաց-կամաց կտարածվի եւ կդառնա խնամված, գուրգուրված, փայփայված հող, երկիր, հայրենիք: Ասում է, որ իր փոքրիկ պուրակը իր մեծ սիրո առհավատչյան է իր տան, իր բակի, իր փողոցի, իր քաղաքի ու նրա մարդկանց, հայրենիքի հանդեպ, ու չես փորձի կասկածել կամ` չհավատալ… Վաղ գարնանից մինչեւ առաջին ձյուն այստեղ ծաղիկ ու ծաղկաբույր… Տարին կլոր Լալայան-Արամ Մանուկյան-Սպանդարյան փողոցների խաչմերուկում ծաղիկ է ու ծաղկաբույր… Մեծ աշխարհի մի փոքրիկ անկյուն, որտեղից էլ սկսվում ու ծավալվում է երկրի եւ հայրենիքի սերը, այն զինակուռ սերը, որը Նորիկ Սաֆրազյանն իր հետ բերել է Արցախյան հերոսամարտի խրամատներից ու տանում է խաչմերուկի ծաղկանոցի միջով, բայց, ինչպես ասում է, վառոդահոտից նախընտրում է ծաղկբույրը, որը նաեւ կյանքի բույրն է…

«Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *