ՏԱՐԻՆ ՓԱԿՈՒՄ ԵՆՔ ՎԱՍՏԱԿԱԾ, ΄ԱՅՑ ԵՎ` ՄՏԱՀՈԳ

Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոցը ուսումնական տարին փակում է մարզական լուրջ ձեռքբերումներով եւ հաջողություններով, ինչը հիմնականում պայմանավորված է վոլեյբոլի թիմերի ցուցաբերած արդյունքներով: Օրերս` հուլիսի 2-5 մարզադպրոցների միջև Երևանում կայացած 1994-95թթ. ծնված աղջիկների վոլեյբոլի թիմերի միջև մրցապայքարում Սիսիանի մարզադպրոցի վոլեյբոլի թիմը, գրավելով 1-ին տեղը, դարձավ հանրապետության չեմպիոն: Թիմի 4 մարզիկներ ամսի 25-30-ը կմասնակցեն Բաթումիում կայանալիք ծովափնյա մրցումներին:
Նրանցից ետ չեն մնում նաեւ բասկետբոլիստները, ինչի վառ վկայությունը հունիսի 22-25-ը Երեւանում անցկացված 1995-96 թ.թ. ծնված աղջիկների բասկետբոլի առաջնության մրցումներում Սիսիանի մարզադպրոցի թիմը գրավեց 4-րդ մրցանակային տեղը` 8 թիմերի միջեւ մրցապայքարում:

Տարիներ շարունակ մարզադպրոցի վոլեյբոլի թիմերը բարձր են պահել ոչ միայն մարզադպրոցի, հարազատ քաղաքի, այլեւ` մարզի մարզական պատիվը ամենատարբեր մրցելույթներում: Հենց այն փաստը, որ Սիսիանի վոլեյբոլի հավաքականը մասնակցել է նաեւ 4 համահայկական մարզական խաղերի, արդեն ինչ-որ բան նշանակում է: Հենց այն փաստը, որ հանրապետության` 1992-93 թ.թ. ծնված աղջիկների վոլեյբոլի` հանրապետության հավաքական թիմը կազմված է  հիմնականում Սիսիանի մարզադպրոցի այդ տարիքային խմբի թիմից, խոսուն է: Եվ հենց այն փաստը, որ ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիան այդ հավաքական թիմին է վստահել Հունգարիայի Դերբեցեն քաղաքում օգոստոսի 21-23-ը կայանալիք Երվիշի անվան միջազգային գավաթի խաղարկությունում հանրապետության մարզական պատիվը պաշտպանելու իրավունքը, արդեն շատ բան է ասում: Այս ամենը խոսում է նաեւ մարզադպրոցի կայուն ավանդույթների, մարզչական կազմի նվիրված աշխատանքի, սաների նախանձախնդրության եւ մարզաձեւը անսահմանորեն սիրելու եւ նվիրվելու մասին:
Այո, ուսումնական տարին փակում ենք վաստակած, բայց եւ` մտահոգ: Մտահոգվելու առիթ տալիս է համայնքային իշխանության անտարբեր վերաբերմունքը մարզադպրոցին, պատճառաբանությամբ, թե այն ոչ թե համայնքային, այլ` մարզային ենթակայության ուսումնական հաստատություն է: Ինչ խոսք, այն մարզային ենթակայության ուսումնական հաստատություն է, ուր հաճախում են համայնքի բնակիչների երեխաները, ինչպես որ համայնքային եւ մարզային մյուս ուսումնական հաստատություններում: Այդ անտարբեր վերաբերմունքի պատճառով է, որ տարիներով, տասնամյակներով ձեռք բերածը կարող է ի չիք դառնալ, իսկ այն վերականգնելը դարձյալ տասնամյակներ կպահանջի: Խոսքը առաջնություններում Սիսիանի հավաքական թիմեր ներկայացնելու մասին է: Մարզադպրոցն իր միջոցներով եւ հնարավորություններով մարզադպրոցների միջեւ անցկացվող մարզական որեւէ առաջնություն բաց չի թողել եւ չի թողնում: Բայց երբ գործը հասնում է հավաքական թիմեր ներկայացնելուն, Սիսիանի վոլեյբոլի հավաքական թիմերը կանգնում են առաջնություններին մասնակցել-չմասնակցելու տխուր փաստի առաջ` հովանավորության բացակայության պատճառով: Նույն պատճառով Սիսիանի հավաքական թիմը չմասնակցեց մայիսի 18-21-ը Ստեփանակերտում կայացած ՀՀ բարձրագույն խմբի կանանց չեմպիոնատի 2-րդ փուլի մրցումներին` դուրս մնալով հետագա պայքարից, այսպիսով խաչ քաշելով Սիսիանի հավաքական թիմի հետագա մրցումների վրա: Մինչդեռ` մեր հավաքականն ուներ բոլոր հնարավորությունները` հանրապետության բարձրագույն խմբի չեմպիոն դառնալու: Իսկ նորից բարձրագույն խումբ վերադառնալու համար երկար ժամանակ  կպահանջվի: Կարծում եմ` կորուստը միայն ժամանակի մեջ չէ: Համայնքային իշխանությունը մերժեց նաեւ հովանավորել թիմի` Հունգարիա մեկնելու ճանապարհածախսը այն դեպքում, երբ հրավիրող երկիրը հոգում է սննդի եւ գիշերելու հարցերը: Հովանավորներ փնտրում ենք, իհարկե: Սիսիանը միջազգային մրցելույթներում ներկայացնելու նման առիթներն այնքան էլ շատ չեն, իսկ թե ուր է տանելու այս հոգեբանությունը, հայտնի չէ:

Աղվան ՀԱԿՈԲՅԱՆ
Մարզադպրոցի տնօրեն

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *