ՏԱՐԻՔ, ՈՐԻ ԱՌՋԵՎ ՊԻՏԻ ԽՈՆԱՐՀՎԵԼ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը ՏԱՐԵՑՆԵՐԻ ՕՐՆ Է


Միավորված Ազգերի Կազմակերպությունը, 1990 թ.-ին, հոկտեմբերի 1-ը հռչակել է տարեցների օր: Տարեցներ. հասարակության խոցելի մի շերտ, որն ավելի շատ կարիք է զգում հոգատարության, խնամքի, ուշադրության:
Դա ամենից լավ զգում եւ հենց այդ գիտակցումով էլ իրենց տարեց եւ շահառու մյուս այցելուների հետ վերաբերվում են 2000 թվականից Սիսիանում գործող «Առաքելություն Հայաստան» բարեսիրական հասարակական կազմակերպության տարածքային կենտրոնում: Կենտրոնը դարձել է նրանց հույսի տունը, ժամանցի, հանգստի, ինքնադրսեւորման, ինքնաարտահայտման, հասարակության մեջ ինտեգրվելու եւ հասարակությանը դեռեւս պիտանի լինելու գիտակցման օջախ, ուր նաեւ իրենց սոցիալական խնդիրներն են լուծվում:
Կենտրոն հաճախող տարեց եւ սոցիալապես անապահով 120 շահառուները, թեեւ կարիքից դրդված եւ սոցիալական վատ պայմաններից մղված են հաճախում կենտրոն, գայց գալիս են սիրով` բարձր պահելով նաեւ մարդկային արժանապատվությունը:
Թեեւ տարեցների եւ մյուս շահառուների համար է կենտրոնի ամեն օրը հետաքրքիր ու սպասված, բայց հոկտեմբերի 1-ը, որպես իրենց օր, առանձնակի հուզմունքով են նշում ու անցկացնում: Կենտրոնի տնօրեն Հասմիկ Եդգարյանի հոգատար եւ բարեհոգի վերաբերմունքը բարձր են գնահատում տարեցները, քանի որ Հասմիկն ամեն ինչ անում է տարեցների օրը նրանց համար մի քիչ այլ գույներով ու երանգներով լցնելու: Այս անգամ էլ տարեցները երգեցին, արտասանեցին, շնորհավորեցին միմյանց, լսեցին ու հնչեցրեցին ողջերթի եւ բարեմաղթանքի շատ խոսքեր: Կենտրոնի մատակարարներ Շահեն Խաչատրյանի, Տիգրան Սուքիասյանի, Սիսիանի համայնքապետարանի եւ «Վորլդ Վիժն» կազմակերպության  կողմից ստացան նվերներ: Իրենց հուզիչ ասմունքով հաճելի անակնկալ մատուցեցին ՄՊՍԿ ասմունքի խմբակի սաները:
… Եվ ինչքա~ն քիչ բան է պետք 60-70-նն անց այս մարդկանց ուրախանալու, մխիթարվելու. ընդամենը` մարդկային ջերմ վերաբերմունք եւ …հասարակության մեջ ավելորդ չլինելու գիտակցման ամրապնդում, ինչին էլ կոչված են կենտրոնի աշխատակիցները:

Գայանե ՀԱԿՈԲՅԱՆ
Կենտրոնի սոցաշխատող

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *